Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

25-րդ ժամը՝ երբ ժամանակը այլեւս չի պատկանում մեզ

Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի բեմը մայիսի 12-ին ապրում էր բարդ  իրականություն՝ «Շունչ» թատրոնի «25-րդ ժամը» ներկայացումը ստիպեց նայել դեպի ներս՝ մեր ընտանիքի, մեր փոխհարաբերությունների եւ մեր՝ միմյանց հանդեպ ունեցած (չունեցած) ժամանակի մեջ:

Պիեսի հեղինակ Կարինե Խոդիկյանի խոսքը, Արթուր Սարիբեկյանի նուրբ ու զգայուն բեմադրությամբ, հանդիսատեսին տարավ այն կետը, որտեղ ժամանակը դադարում է լինել միավոր՝ դառնալով ընտրություն: Երաժշտությունը՝ Տիգրան Աթայանի մատուցմամբ, եւ բեմանկարիչ Արթուր Սարյանի խորապատկերային լուծումները շեշտում էին մարդկային փոխհարաբերությունների թեթեւ խզումները՝ որ ի վերջո բերում են անթերի համարվող ընտանիքի փլուզման եզրին:

Դերերում՝ Սեւակ Սանթրոսյան, Անի Պետրոսյան, Էլեն Սաֆարյան, Սեյրան Մովսիսյան եւ Սիրանուշ Լազյան: Կերպարները  մարմին էին առնում մեր շուրջը՝ հարեւան սենյակում, կողքի սեղանի շուրջ, մեր սեփական հիշողության մեջ:

Երբ աշխատանքն ավելի բարձր է խոսում, քան մենք:

Ներկայացումը մերկացնում է այն ցավոտ ճշմարտությունը, որ հաճախ մոռանում ենք՝ մենք աշխատում ենք մեր ընտանիքի համար, բայց ժամանակի ընթացքում հենց այդ աշխատանքն է խլում ընտանիքը մեզնից: Մարդիկ շարունակում են ապրել միասին, բայց առանց իրար: Խոսում են՝ առանց լսելու, հպվում են՝ առանց զգալու:

Ընտանիքի երիտասարդ դուստրը՝ Հերմինեն (կամ ինչպես ինքն էր նախընտրում՝ Ջենիսը), սեփական պատմությունը համեմատում էր Sam Cooke-ի Summertime երգի հետ՝  Your daddy s rich and your ma is good looking , բայց հավելելով՝ but I m still crying: Այդ արցունքն էր, որ չէր երեւում տան անկյուններում դրած լուսանկարներին, բայց հնչում էր  այն ակումբի   բեմում, որտեղ նա ելույթ էր ունենում:

Լրագրողը՝ որպես հայելի:

Եվ եթե այս ընտանիքը երբեւէ սկսեց վերադառնալ ինքն իրեն, ապա պատահական չէր այդ շրջադարձը: Հաջողակ ընտանիքի մասին  դիմանկարային ակնարկ գրող լրագրողի կերպարը ներկայացման լուռ, բայց ճակատագրական ուժն էր: Նրա աչքերով էին հերոսները սկսում տեսնել միմյանց՝ ոչ թե իբրեւ դեր, այլ՝ որպես մարդ: Նրա՝ այդպես էլ չգրած, անկեղծ, գուցե մի փոքր ցավոտ, բայց սրտանց նյութը  դառնում խթան՝ ինքնախորացման, զղջման, գուցե՝ նաեւ հաշտության:

Երբ աշխատանքը խլում է տունը:

Ներկայացումը խոսում է մեր օրերի ցավալի իրականության մասին՝ երբ փող վաստակելու համար մարդիկ կորցնում են այն, ինչի համար ի սկզբանե աշխատում էին: Երեխայի մանկությունն աննկատ է անցնում, զույգերն այլեւս չեն խոսում, միայն՝ հաղորդակցվում, իսկ սիրո տեղը զբաղեցնում է ռեժիմով կաթեցվող հոգսը: Բայց 25-րդ ժամը հարց է տալիս՝ իսկ որտե՞ղ ես դու այս ամենի մեջ: Ի՞նչն ես մոռացել, ու կարո՞ղ ես հիշել:

Ներկայացումը վերջանում է ոչ թե փակագծերով, այլ բաց երկնքով: Հնարավորություն՝ մեկ րոպե լռությամբ նայել կողքիդ նստածին ու քեզ հարցնել՝ իսկ ես ո՞ւմ եմ տվել իմ 25-րդ ժամը: Թե՞ գուցե այն դեռ չունեմ:

ՄԻԼԵՆԱ ԱՐԹԵՆՅԱՆ

ՀՊՄՀ ռադիոհեռուստատեսության 3-րդ կուրսի ուսանող