Չորեքշաբթի, 26 Օգոստոս, 2026

ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան

Մի պահ շեղվենք ՀՀ ներքին ալեկոծումներից, բռնություններից ու ճնշումներից, որոնք Փաշինյանի ոչ լեգիտիմ իշխանության օրոք ոչ միայն չեն դադարելու, այլև միայն ուժգնանալու են։ Կենտրոնանանք վճռորոշ՝ աշխարհաքաղաքական խնդիրների վրա։

Այսօր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի անսպասելի այցը Մոսկվա և այնտեղ ռուս պաշտոնյաների հետ նրա ունեցած գաղտնի բանակցությունները, բացի Ուկրաինայից, ամենայն հավանականությամբ շոշափել են նաև Վաշինգտոնին հուզող առանցքային խնդիրը՝ Իրանը։ Թրամփը փորձում է մեկուսացնել, շրջափակել և տնտեսական միջոցներով քայքայել Իրանը։ Այդ՝ իրականում չիրականանալիք նպատակին հասնելու համար ԱՄՆ-ի և Իսրայելի համար չափազանց կարևոր է ԹՐԻՓՓ նախագիծը, այն է՝ Սյունիքի «փափուկ» բռնազավթումն ու անեքսիան և դրան պարտադրաբար ուղեկցող՝ Հայաստանի գաղութացումն ու արագընթաց թուրքականացումը։

Հետևաբար, կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ այսօր Մոսկվայում քննարկվել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու և ՌԴ-ին Այսրկովկասից ամբողջությամբ հեռացնելու հարցը։ Արդյոք կողմերը վերջնական համաձայնության եկել են՝ կիմանանք, թերևս, առաջիկա ամիսներին։ Բայց մի բան պարզ է. Մոսկվան ու Վաշինգտոնը Հայաստանի ճակատագիրը քննարկում են առանց Հայաստանի և հիմնականում՝ հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի։

Հայաստանի ճակատագիրը մնում է անորոշ ու առկախ, քանի որ ներքին ուժերը հիմնականում սպառված են՝ զանգվածային արտագաղթի, վերջին 38 տարում կրած տասնյակ հազարավոր զոհերի, ապազգային քաղաքական ու մտավոր վերնախավերի և մինչև ուղնուծուծը փչացած պետական համակարգի վայ-գործունեության պատճառով։ Մինչդեռ ոչ լեգիտիմ իշխանությունը հավատարմորեն առաջ է մղում թուրքացման օրակարգը, իսկ ոչ լեգիտիմ «ընդդիմությունը» խեղճուկրակ հարցազրույցներ է տալիս՝ փոխանակ ժողովրդին ոտքի հանելու ծրագիր մշակելու և իրագործելու։

Բայց կան և դրական պատմական երևույթներ։ Առաջինի մասին, ճիշտն ասած, չարժե բարձրաձայնել, թեև շատերը պետք է որ այն նկատած լինեն։ Իսկ երկրորդը Հայաստանի թուրք-ադրբեջանական կլանումը չցանկացող Իրանի աննախադեպ և օրեցօր հզորացումն է։ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի համար այլևս ոչ միայն հարևան երկրի խնդիր է, այլև սեփական ազգային անվտանգության կենսական հարց։ Հենց այդ պատճառով էլ Իրանի գործոնը Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական պայքարում կարող է շատ ավելի մեծ նշանակություն ստանալ, քան այսօր ընդունված է կարծել։

Կհասցնի՞ արդյոք Իրանը կանխել Հայաստանի կործանումը։ Կհասցնի՞ արդյոք հայ ժողովուրդն ուշքի գալ անվերջ ու դիտմամբ կազմակերպվող ցնցումներից։

Ժամանակը ցույց կտա։

Արմեն Այվազյանռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

Կիսվել