Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Ուժեղ Հայաստան եւ ուժեղ Սփիւռք հակասութիւն չեն, այլ՝ նոյն ազգային ուժի երկու փոխլրացնող հենասիւներ. հայտարարություն

«Եւրոպացիները յանուն Արցախի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Մենք՝ «Եւրոպացիները յանուն Արցախի» նախաձեռնություն անունով, խոր մտահոգութեամբ եւ վճռականօրէն կը դատապարտենք ՀՀ Ազգային ժողովի իշխող ուժի պատգամաւորի վերջին յայտարարութիւնները՝ ուղղուած Հայկական Սփիւռքին եւ համահայկական շահերը պաշտպանող կառոյցներուն։

Սփիւռքը Հայաստանի Հանրապետութեան մրցակիցը չէ, ոչ ալ Հայաստանի պետականութեան սպառնալիքը։ Սփիւռքը հայ ժողովուրդի համազգային ներուժի անբաժանելի մասն է՝ իր կազմակերպութիւններով, համայնքներով, մտաւորականներով, բարերարներով եւ տասնամեակներու քաղաքական ու դիւանագիտական աշխատանքով։

Հետեւաբար, Սփիւռքի հզօրացումը Հայաստանի թուլացման հետ կապելը ոչ միայն վտանգաւոր սխալ ընկալում է, այլեւ խորապէս բաժանարար մօտեցում մը, որ կը փորձէ հակադրել հայ ժողովուրդի երկու անբաժանելի բաղադրիչները։

Նոյնքան անընդունելի է համահայկական շահերը պաշտպանող կառոյցներու աշխատանքը ներկայացնել որպէս Հայաստանի պետական շահերուն հակասող երեւոյթ։ Տասնամեակներ շարունակ անոնց աշխատանքը՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումէն մինչեւ Արցախի հայութեան իրաւունքներու պաշտպանութիւնը, իրականացուած է ի նպաստ հայ ժողովուրդի արժանապատուութեան, իրաւունքներու եւ համազգային շահերու։

Առանձնապէս մտահոգիչ եւ դատապարտելի է նաեւ այսօրուայ իշխանութիւններու որդեգրած վերաբերմունքը Հայոց Ցեղասպանութեան հարցին նկատմամբ, որ կը դրսեւորէ վտանգաւոր խուսափողականութիւն եւ կը նսեմացնէ հայ ժողովուրդի պատմական յիշողութեան ու արդարութեան պահանջի կարեւորութիւնը։

Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման պայքարը սակարկութեան ենթակայ քաղաքական հարց մը չէ, այլ հայ ժողովուրդի պատմական յիշողութեան, արժանապատուութեան եւ իրաւունքներու անբաժանելի մասն է։

Այսօր, երբ Արցախի հայութիւնը ենթարկուած է բռնի տեղահանման, իսկ Արցախի հայկական ժառանգութիւնը կը գտնուի լուրջ վտանգի տակ, մենք կը սպասէինք Հայաստանի պետական ներկայացուցիչներէն ոչ թէ Սփիւռքի դէմ ուղղուած յարձակումներ, այլ համազգային համերաշխութիւն եւ Արցախի հարցի արդար լուծման ուղղութեամբ միասնական ջանքեր։

Մենք կը մերժենք այն մտածելակերպը, որ Հայաստանի եւ Սփիւռքի շահերը պէտք է հակադրել իրարու։ Ուժեղ Հայաստան եւ ուժեղ Սփիւռք հակասութիւն չեն, այլ՝ նոյն ազգային ուժի երկու փոխլրացնող հենասիւներ։

Եւրոպական երկիրներու մէջ ապրող հայ քաղաքացիներս եւ Հայաստանի բարեկամ մեր եւրոպացի գործընկերները պիտի շարունակենք պաշտպանել հայ ժողովուրդի իրաւունքները, Արցախի հայութեան վերադարձի իրաւունքը, հայկական մշակութային ժառանգութեան պահպանութիւնը եւ համահայկական շահերը պաշտպանող կառոյցներու արդար պահանջները։

Ոչ մէկ պաշտօնական յայտարարութիւն կրնայ մեզ ստիպել հրաժարելու մեր պատմական յիշողութենէն, ազգային իրաւունքներու պաշտպանութենէն կամ Արցախի նկատմամբ մեր պատասխանատուութենէն։

Հայաստանի եւ Սփիւռքի ուժը մէկ ամբողջութեան ուժն է։

«Եւրոպացիները յանուն Արցախի»

21 Օգոստոս 2026

Ստորագրողներ՝

Բելգիա

Կարեն Թաթևոսյան – Բելգիայի հայերի ասամբլեայի նախագահ

Բուլղարիա

Սահակ Չալեքյան – Բուլղարիայի հայկական միությունների ասոցիացիայի համանախագահ

Չեխիա

Ալեքսանդր Սարգսյան – Չեխիայի Հայ Առաքելական Եկեղեցական Խորհրդի նախագահ

Կիպրոս

Վահան Այնեջյան – Կիպրոսի հայոց թեմական խորհրդի նախագահ

Հունաստան

Նազար Ավագյան – Հունաստանի հայոց կենտրոնական խորհրդի նախագահ

Իտալիա

Բայքար Զավլյան – Իտալիայի հայոց մշակութային միության նախագահ

Ֆրանսիա

Արա Թորանյան – Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ

Մուրադ Փափազյան – Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ

Գերմանիա

Յոնաթան Շպանգենբերգ – Գերմանիայի հայոց կենտրոնական խորհրդի նախագահ

Նիդերլանդներ

Նուբար Վարդանյան – Ալմելոյի հայ համայնքի ներկայացուցիչ

Ռումինիա

Զարեհ Նազարյան – Ռումինիայի հայերի միության փոխնախագահ

Իսպանիա

Արարատ Ղուկասյան – Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչ

Շվեդիա, Նորվեգիա, Դանիա

Սիմոն Տեր-Սահակյան – Սկանդինավիայի հայկական միության համանախագահող

Միացյալ Թագավորություն

Գարեն Արևյան – Միացյալ Թագավորության հայ համայնքային խորհրդի նախագահ

Կիսվել