Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». Ալեն Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան. «Դոժդ»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Մասնավորապես՝ լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն Սիմոնյանին հարցրել է՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ընդունել ռուսաստանցիների, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց։

Ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է. «Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են Հայաստան գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հնարավորության մասին վերջին ամիսներին տարբեր աղբյուրներ են գրում։ Կրեմլը, սակայն, օգոստոսի 25-ին նոր մոբիլիզացիայի մասին տեղեկությունները անվանել է «տեղեկատվական կեղծիքներ»։ Միաժամանակ, 2022 թվականի սեպտեմբերին մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից առաջ Ռուսաստանի իշխանությունները ևս հերքում էին դրա նախապատրաստման մասին լուրերը:

Կիսվել