Ուրացողներին պարտադիր պետք է տանել պատմության թանգարան

Այլապես նրանք կշարունակեն մնալ իրենց երջանիկ տգիտության մեջ, Հայկական լեռնաշխարհում հայոց դարավոր պետականության պատմությունը ուրացող, համահունչ՝ ազերիների ցեղապետ Ալիեւի կեղծարարություններին: Ստիպողաբար նրանց պետք է տանել, նախ՝ Էրեբունու, ապա՝ Պատմության պետական թանգարան, գուցե նաեւ՝ Մատենադարան: Սեփական աչքով նրանք պետք է տեսնեն, ծանոթանան պատմական անեղծանելի փաստերին, որպեսզի այսուհետեւ բնավ ու երբեք չկրկնեն տխմարություններ, որոնք, ի դեպ, վարակիչ են:
Այնտեղ՝ թանգարանում, նրանք կարող են ծանոթանալ, օրինակ, Արտաշես թագավորի զետեղած սահմանաքարերի նմուշներին՝ համապատասխան արձանագրությամբ, ու վերջապես հասկանալ, որ դարեր առաջ հայկական ու հզոր անկախ պետությունն իր հարեւան պետություններից սահմանազատման գործն արել-պրծել է, մինչ իրենք հինգ տարի արդեն չեն կարողանում այդ գործն անել…
Այնտեղ նրանք կարող են հասկանալ, թե ինչո՞ւ է ամբողջ աշխարհը հայերին ճանաչում որպես 301 թ.ին քրիստոնեությունը պետականորեն ընդունած ժողովուրդ: Առանց պետություն ունենալու կարելի՞ է պետականորեն ընդունել որեւէ բան:
Այնտեղ եւ հատկապես Մատենադարանում նրանք գուցե կարող են հասկանալ, որ 405 թ.ին հայոց այբուբենը եղել է, փաստորեն, պետական պատվեր, եւ Վռամշապուհ արքա՛ն է հովանավորել ու ֆինանսավորել Մեսրոպ Մաշտոցի ուղեւորությունները տարբեր երկրներ ու գրադարաններ, իսկ Գյուտից հետո կառուցել դպրոցներ ու դպրատներ՝ Վաղարշապատից մինչեւ Արցախ՝ Ամարաս, որպեսզի մաքրի նաեւ արցախցիների «խեցբեկագոյն» (բառը Խորենացունն է- Հ.Ա.) բարբառը:
Թերեւս առարկողներ լինեն՝ «իսկ նշյալ մարդիկ չե՞ն կարող այդ եւ նման փաստերին ծանոթանալ գրքերի միջոցով»:
Հաստա՛տ կարող են: Սակայն խնդիրն այն է, որ այդ մարդիկ չեն սիրում գիրք կարդալ, ո՛չ Խորենացի, ո՛չ Եղիշե, ո՛չ Եզնիկ, ո՛չ էլ այլ մատենագիրներ: Նրանք չեն սիրում կարդալ նաեւ նորերին՝ Մանանդյան, Օրմանյան, Ժամկոչյան եւ շատ ուրիշներ, ո՛չ հայերեն, ո՛չ էլ օտար լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, նույնիսկ՝ թուրքերեն: Նրանք լայաղ չեն անգամ թերթատել ֆրանսահայ ակադեմիկոս, քարտեզագետ Զատիկ Խանզադյանի կազմած «Հայաստանի պատմական ատլասը», որը ամիսներ առաջ շքեղ տպագրությամբ հրատարակեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչությունը: Կրկնում եմ՝ թեկուզ թերթատել աշխարհի տարբեր թանգարաններից, գրադարաններից եւ արխիվներից պեղված հին հունական, բյուզանդական, արաբական աշխարհագրական քարտեզները, որոնցում հատիկ առ հատիկ հիշատակվում, տեղորոշվում է Հայաստան աշխարհն իր պետական հաջորդական կազմավորումներով՝ Արրատա-Ուրարտականից սկսած մինչեւ Արտաշիսյան, Արշակունիների, Բագրատունիների թագավորական դինաստիաների ժամանակաշրջան, մինչեւ, ավելի ուշ, Զաքարյանների, Պռոշյանների, մելիքական ու խանական (հայ) իշխանություններ:
Եվ այս բոլորի դիմաց, ուրանալով այդ բոլորը, ՔՊ-ականները, գլխավորությամբ իրենց առաջնորդի, վեր են կենում եւ խաշնարած ու քոչվոր ցեղախմբերի առաջնորդին համահունչ՝ հայտարարում, որ հայերն այս հողերի վրա բնավ չենք ունեցել անկախ պետականություն, պետական կարգավիճակ: Կարծես ուզում են ասել, որ անկախ միակ պետությունը իրենք են ստեղծել կամ շարունակում են.. ստեղծել:
Վա՜յ մեզ:
Արդարեւ, ուրացողներին շտապ պետք է տանել թանգարան, այլապես նրանք կկրկնեն Ալիեւի մյուս պնդումն էլ, թե ոչ թե ազերիներն են եկվոր այս կողմերում, այլ… հայերը:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
