Ուրբաթ, 21 Օգոստոս, 2026

Ձեւի եւ բովանդակության անտրամաբանությունը

  Մարիետա Խաչատրյան

Վերջին օրերին նոր Ազգային ժողովի` ԱԺ ղեկավարություն ընտրելու նիստերն իսկական երեւակիչ էին առ այն, թե ինչպիսի ԱԺ է ներս թողել մեր ժողովուրդը: Այդ առումով տրամաբանական կլիներ, որ խորհրդարան անցած նոր ուժերն ու մարդիկ քիչ կամ ամենաանհրաժեշտը խոսեին (ավանդաբար այդպես է եղել), շաղ չտային իրենց մարգարիտները` մինչեւ սովորեին խորհրդարանական տրամաբանությունն եւ շատ թե քիչ փորձառություն ձեռք բերեին: Բայց այս խորհրդարանի դեպքում այդ չգրված կանոնը չգործեց ոչ ԱԺ ղեկավար կազմ, ոչ 12 առաքյալների, վայ, կներեք, ԱԺ 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուների հարցը քննարկելիս: Ու բոլորը, ամեն մեկն ու յուրաքանչյուրը` հին ու նոր, քառասուն աստիճան շոգին գրոհել էին ԱԺ ամբիոնն ու խոսափողները (այդ թվում` լրագրողական, մանավանդ ԱԺ նոր նախագահը հանել է լրագրողների մուտքն արգելող բոլոր սահմանափակումները), իմացած-չիմացած, հարկավոր-անհարկավոր մտքերը քվանտային արագությամբ մարդկանց հասանելի դարձնելով, մերկացնելով հին-նոր խորհրդարանի ողջ «պերճանքն ու շքեղությունը»:Թե ասա`պատեհ-անպատեհ ո՞ւր եք նետվում դեպի խոսափողներ, ախր ի՞նչ ունեք ասելու, երբ մի լավ որ քրքրում ես-ամեն ինչ վաղօրոք բաժանված ու նախագծված է թվում ի սկզբանե` սցենարները, դերերը, դերակատարներն ու խոսույթը: Անգամ սկանդալներն ու ԱԺ նոր նախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյանի առաջարկած բարեկրթության պահպանման վերաբերյալ պայմանավորվածության խախտումները:

Հենց թեկուզ ԱԺ 12 հանձնաժողովների` Դոնթի բանաձեւի արդյունքում սամանված ձեւի մեջ`բովանդակության ներքին անտրամաբանությունը: Այն հանգամանքը, որ ռուսամետ եւ եվրասիական քաղաքականությանը հակված համարվող ընդդիմադիր ուժը կարող է ընտրել Եվրաինտեգրման հանձնաժողովը ղեկավարելու գործը, իսկ եվրոպամետ համարվող իշխանական կուսակցությունը հանգիստ վերցնի Եվրասիական ինտեգրման հանձնաժողովը` ոչ միայն սովորական մահկանացուներիս, այլեւ փոքրամասնություններին ներկայացնող իշխանական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի զարմանքն էր հարուցել:

Ընդդիմությանը զիջվի՞ սեփական ծրագրի իրագործման բյուջեն վերահսկող հանձնաժողովի նախագահությունը, տնտեսական հանձնաժողովը մի կերպ էլի կարելի է հասկանալ: Ու երբ հարցնես, թե ի՞նչ կա դրա տակ, երբ առանցքային հանձնաժողովների ղեկավարությունն է զիջվում ընդդիմությանը, իշխող ուժը հո ժողովրդավարության հանդեպ ինքնամոռաց սիրուց չի՞ գժվել, որ ինքն իր սայլի անիվին սեպ խրի ու իր նախագծած բյուջեի կատարմանը, իր ընտրած եվրաինտեգրման ուղուն խոչընդոտի`բարդացնելով տվյալ հանձնաժողովներում հարցերի քննարկման եւ ընդունման ընթացքը: Ու այդ վերաբերմամբ հարցին իշխանականները քեզ պատասխանեն, թե մենք ի՞նչ անենք, այդ հանձնաժողովների նախագահների պաշտոններն են ընտրել ընդդիմադիրները Դոնթի բանաձեւով:

Բա ես իրավունք չունե՞մ այդ դեպքում դավադրապաշտական տեսություններ զարգացնեմ, որ լավ էլ պայմանավորվել եք այս ծանր ժամանակներում, երբ կարեւոր հարցերը միայնակ որոշելու սահմանադրական մեծամասնություն չունի իշխող ուժը, երբ երկրի հանդեպ պատժամիջոցներ կան` իրար վրա գցելու հնարավոր ձախողումների մեղադրանքը, հնարներ ունենալով համ արտաքին պահանջողներից խաբս տալու, համ հնարավոր տնտեսական վատթարացումների դեպքում հանրության առաջ արդարանալու: Որ երբ ասեն` բա ինչո՞ւ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս չեք գալիս, դա խոչընդոտում է եվրոպական շուկային ինտեգրմանը, ասեք` մենք մեղավոր չենք, ընդդիմությունն է խոչընդոտում այդպիսի քայլին: Իսկ երբ ասեն` ԵԱՏՄ եւ եվրոպական շուկաներում միաժամանակ գտնվելը հնարավոր չէ`կողմնորոշվեք վերջապես , հանրաքվե անցկացրեք, դուք եվրասիական հանձնաժողովի մակարդակով ասեք` ոչ: Հնարամտության համար`100 , աճպարարության համար`0:

Դե իսկ մարդու իրավունքներով էլ թող գնա անկյուն քշված ընդդիմադիր կտորի ներկայացուցիչը զբաղվի, թող որքան կուզեն ամեղության կանխավարկածի հարց բարձրացնեն, խոսեն-խոսեն-խոսեն Արեգնազ Մանուկյանի, Ավետիք Չալաբյանի, Արթուր Սարգսյանի եւ մյուսների անմեղության կանխավարկածից, բա ժողովրդավարական երկիր է:

Իսկ եթե ավելի լուրջ` այդ ո՞նց է, որ բարեկրթության, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության վերաբերյալ պայմանավորվում եք, մյուս հարցերում` չէ՞, մարդու հավատը ինչ-որ չի գալիս:

Պայմանավորված կլինեք, չնայած մյուս տարբերակը, որ Եվրաինտեգրման հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Արման Եղոյանն է ասում, թե «Ուժեղ Հայաստանն» ուզում է տորպեդահարել եվրոպական ինտեգրման գործընթացը հենց այս գլխից, դա էլ բացառել հնարավոր չէ, նույն տրամաբանությամբ եվրասիական ինտեգրումն էլ տորպեդահարելու է ՔՊ-ն, ու ավելի լավ կլինի հենց սկզբից այդ հանձնաժողովների անվան մեջ «չ» տառն ավելացնել ու դարձնել չինտեգրման, գուցե այդ պատճառով են հարմար փորձ չունեցող թեկնածուները:

Էլ չասած, որ մյուս հանձնաժողովները եւս սուպեր պրոֆեսիոնալներով չեն փայլել ոչ անցյալում, ոչ հիմա` որքան հանձնաժողովի մանագիտական պրոֆիլից հեռու լինի թեկնածուն-այնքան լավ: Լրագրողի մասնագիտության կառավարման եւ օրենսդրական հաջողակությունը մատնանշեմ` հերիք է, կհասկանաք վիճակը, մերոնք կառավարական պաշտոններից հետո հաջողությամբ յուրացրել ու յուրացնում են օրենսդիր պաշտոնները` նոր ԱԺ-ում միայն քսանից ավելի նախկինում լրագրողական գործունեություն ծավալած պատգամավոր կա, բա’:

Հա դե` դեղագործն էլ կարող է պաշտպանության ոլորտ համակարգել, հաղորդավարն` առողջապահության, լրագրողը` կրթության կամ արտաքին հարաբերությունների, եւ այլն: Առհասարակ` մեր ինչի՞ն են պետք իրավաբաններն ու տնտեսագետները, մյուս մասնագիտությունները, բոլոր լրագրողներին սարքեք պատգամավոր ու պրծեք: Ընդդիմադիրներն ու իշխանականներն այս հարցում իրարից սովորողի դերում են:

Քանի որ նույնիսկ այս նոր ԱԺ-ում «Ազգ» թերթից դեռեւս մեջբերումներ են անում, որպես ամենաարժանահավատ աղբյուրից, պատմության համար մի անգամ էլ արձանագրենք կայքերով լայնորեն լուսաբանվածը` ԱԺ 9-րդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների պաշտոնում առաջադրվել են իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը (Պետաիրավական հանձնաժողով), Վիլեն Գաբրիելյանը (Պաշտպանության եւ անվտանգության), Բաբկեն Թունյանը (Տնտեսական), Լուսինե Բադալյանը (Առողջապահության), Նազելի Բաղդասարյանը (Աշխատանքի,սոցիալական եւ բարեկեցության), Սիսակ Գաբրիելյանը (ԿԳՄՍ եւ սպորտի), Սարգիս Խանդանյանը (Արտաքին հարաբերությունների), Տաճատ Սարգսյանը (Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման):

Դոնթի բանաձեւով «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներն են Արեգա Հովսեփյանը (Եվրոպական ինտեգրման), Հայկ Ֆարմանյանը (Ֆինանսավարկային եւ բյուջետային), Դավիթ Ղազինյանը (Տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի):

Դոնթի բանաձեւով «Հայաստան» խմբակցությունը եւս թեկնածու է առաջադրել, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է Լիլիթ Գալստյանը: Վերջինս ամենափորձառու խորհրդարանականներից է, ու թեեւ նրա թեկնածության քննարկումն անցավ իշխող ուժի ներկայացուցիչների քննադատության տարափի ներքո, բայց համարում ենք, որ նա ընտրվելու շանս ունի: Մի բան, որ չի կարելի պնդել ընդդիմադիր մյուս թեկնածուներից Արեգա Հովսեփյանի, Հայկ Ֆարմանյանի մասին, որոնց նույնպես իշխանականներն ակտիվ քննադատում էին, ելույթներում եւ դիմակա հարցերում իրենց անբավականությունը ցուցադրում նրանց թեկնածության վերաբերյալ: Դավիթ Ղազինյանի ընտրությունը միգուցե հնարավոր կլիներ, բայց վերջին միջադեպը նրա եւ ԱԺ փոխնախագահ ընտրված Վահագն Ալեքսանյանի միջեւ (մյուս փոխնախագահներն են Հայկ Կոնջորյանը, Արամ Վարդեւանյանը), թեական է դարձնում մեծամասնության կողմից նրան տրվելիք ձայների հնարավորությունը: Չնայած միջադեպից մի օր հետո եւ քվեարկությունից մի պահ առաջ ե’ւ Վահագն Ալեքսանյանը, ե’ւ Դավիթ Ղազինյան կարծես իրենց անզիջում պահվածքից հետ նահանջեցին:

Արդար լինելու համար ասենք, որ Արեգա Հովսեփյանի թունդ-հայրենասիրական ելույթն ու կեցվածքը Ազգային ժողովում միգուցե հարիր էր, ասենք, որեւէ հանրային հավաքում, բայց դրանք մասնագիտական պատասխաններ համարյա չէին պարունակում եվրաինտեգրման ինստիտուցիոնալ եւ գործնական պատկերացումների բացվածքով նաեւ մեր կարծիքով: Անգամ նրա թեկնածության օգտին ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի ելույթն ավելի մոտ էր պահանջվող որակին, իսկ նրա չասածներն իր ելույթում փորձում էր լրացնել Նարեկ Կարապետյանը:

Ընդհանրապես «Ուժեղ Հայաստանի»` խորհրդարանում դրսեւորած ելույթաշատ օրակարգում հանրության պահանջների առումով ավելի դրական լույսով, իրազեկ եւ հավասարակշռված կեցվածքով աչքի ընկան մի քանիսը` Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդեւանյանը, Դավիթ Ղազինյանը, Էդգար Ղազարյանի ելույթներն էլ կարելի է համարել այդպիսին, եթե նա հրաժարվի ավելորդ պոպուլիզմից, էլի երեք-չորսը, բայց ողջ խմբակցության` նույնիսկ մանրակրկիտ նախագծված պահվածքն ու խոսույթը չէին կարող թաքցնել այս խմբակցության պատգամավորներից շատերի պոպուլիզմի ավելցուկը, խորհրդարանիական կերպարին դեռեւս չանհամապատասխանությունը, փորձառության պակասը, գլխավորը երկրորդականից չզատելու հակումը:

Առհասարակ` վերջին օրերի խորհրդրանական ուրվագիծը ոչ թե խորհրդարանական աշխատանքի, այլ միմյանց ոչնչացնելու` անցյալում էլ առկա միտումը նոր ուժով ու նոր դերակատարներով դրսեւորվելու պատկեր է ուրվագծում մոտակա տարիներին, եթե ոչ մի այլ բան տեղի չունենա, արդեն դրսեւորված այդ միտումը թույլ չի տալիս մեզ ոչ մի մխիթարական պրոգնոզ անելու առ այն, որ չի կրկնվելու անցյալ հինգ տարիների խորհրդարանական դիմակայության` հանրությանը հոգնեցրած տհաճ իրողությունը:

Դե հա` սկանդալներով, ինտերմեդիաներով, աղմուկ-աղաղակով հանրությանը շեղելն օրվա խնդիրներից, դա եւս կառավարման ձեւ է` պայմանավորված, թե ոչ, ու դա էլ առաջիկայում կերեւա:

Բոլոր թեկնածությունների քննարկումներն ԱԺ-ում ավարտվել էին արդեն նախորդ օրը, մեր հրապարակումը պատրաստելու պահին փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրություններն էին:

Քվեարկության արդյունքների հայտարարումից հետո «Ուժեղ Հայաստանն» անմիջապես օգտվեց իր քվոտային իրավունքից եւ նոր թեկնածու առաջադրեց Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար` բիզնեսից խորհրդարան եկած Լիաննա Մանուկյանին, մյուս քվոտային հանձնաժողովների համար եւս նոր թեկնածուներ առաջադրել խոստանալով: ԱԺ նիստը շարունակվեց, նույնիսկ երեկոյան մեկ նիստ ավելացրին, եւ դեռ շարունակվելու է այնքան, մինչեւ ընդդիմության նոր թեկնածուներն ընտրվեն: Լիաննա Մանուկյանի ելույթի հանդեպ որոշ իշխանական պարգամավորների դրական վերաբերմունքից հասկանալի դարձավ, որ ՔՊ-ն ոչ թե քվոտային է դեմ, այլ առաջադրված Հայկ Ֆարմանյանի անձին, հավանաբար Լիաննա Մանուկյանը շանս ունի ընտրվելու, եւ նույնպիսի շանս կունենան մյուս` ՔՊ-ի սրտով այլ թեկնածուներ: Կմնա ամեն անգամ քառասունից ավելի պատգամավորի գրանցում` հարցեր տալու կամ ելույթ ունենալու համար, օրակարգում մի քանի օրանընդմեջ կլինի «Ուժեղ Հայաստանը»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ