Թուրքիան՝ Իրան-ԱՄՆ հակամարտության «միջնո՞րդ»

Իրան-ԱՄՆ հակամարտության էջը փակելու վճռականությամբ Թուրքիան դարձյալ առաջարկում է իր ծառայությունները:
Օգոստոսի 17-ին Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների կողմից Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ հրադադարի պահպանման հարցի շուրջ բանակցությունների վերջին զարգացումների քննարկումը պատահական չէր: Դրան նախորդել էր Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածության պայմաններում դիվանագիտական գործիքակազմն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտության եւ այդ հարցում Թուրքիայի ջանքերի արդյունավետության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը տարածվել էր Թուրքիայի պաշտոնական կապուղիներով:
Թուրքական «Հուրիեթ» թերթն էլ «Եկեք հանդիպենք» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել էր Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին եւ փոխանցել Թուրքիայի նախագահի առաջարկը՝ Անկարայում երեք կողմերի ռազմական եւ անվտանգության փորձագետների մասնակցությամբ հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
Իրանի պաշտոնական թերթերն էլ տեղեկացնում են, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահներին: Նույն աղբյուրների համաձայն, առաջիկա օրերին Անկարա է այցելելու Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Ինչ խոսք, Թուրքիան կարող է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հանդես գալ որպես միջնորդ կամ, առնվազն, «դիվանագիտությանը նպաստող կողմ», սակայն դասական իմաստով չի կարող լիովին չեզոք միջնորդի դեր ստանձնել:
Անկարան այն սակավաթիվ երկրներից է, որը միաժամանակ բնականոն հարաբերություններ ունի թե՛ Թեհրանի, թե՛ Վաշինգտոնի հետ եւ լուրջ շահագրգռվածություն՝ թույլ չտալու հակամարտության հետագա սրումը:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ ԱՄՆ-ի հետ ունի սերտ ռազմաքաղաքական ու անվտանգային հարաբերություններ: Միաժամանակ Իրանի հետ Թուրքիան ունի ցամաքային սահման, տնտեսական կապեր եւ շարունակական քաղաքական հաղորդակցության ուղիներ:
Այդ պատճառով Իրան-ԱՄՆ հակամարտության շարունակությունը Թուրքիայի համար մեծացնում է էսկալացիայի՝ իր սահմաններին տարածվելու, տնտեսական ապակայունացման, միգրացիոն հոսքերի, ինչպես նաեւ առեւտրի եւ էներգետիկայի ոլորտներում խափանումների վտանգը: Հետեւաբար, Անկարան ունի հստակ շահագրգռվածություն՝ ճգնաժամին վերջ տալու հարցում:
Լոնդոնում գործող հեղինակավոր վերլուծական կենտրոն Chatham House-ը, անդրադառնալով պատերազմը կանխելու հարցում Անկարայի շահագրգռվածությանը, ընդգծում է, որ Իրանի շուրջ պատերազմական իրավիճակը Թուրքիային կանգնեցրել է մի շարք լուրջ սպառնալիքների առջեւ:
Որպես դիվանագիտությանը նպաստող կողմ՝ Թուրքիան կարող է հաղորդագրություններ փոխանցել կողմերի միջեւ: Անկարայի հիմնական դերը կարող է լինել բանակցությունների սեղանին վերադառնալու համար նախնական պայմանավորվածությունների մշակումը: Այդ ուղղությամբ այսօր էլ փորձում են աշխատել Պակիստանն ու Քաթարը:
Սակայն խաղաղարար առաքելությանը մասնակցելու հարցում Թուրքիայի համար կան լուրջ խոչընդոտներ:
Իրանը կարող է Թուրքիային լիովին չընկալել որպես չեզոք կողմ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ ԱՄՆ-ի հետ ունի լայնածավալ ռազմական ու անվտանգային հարաբերություններ: Մյուս կողմից, Վաշինգտոնը նույնպես կարող է չվստահել Անկարային՝ Թեհրանի եւ Մոսկվայի հետ նրա ռազմավարական մերձեցումների պատճառով: Հետեւաբար, երկու կողմերն էլ կարող են մտահոգվել, որ Թուրքիան Թեհրանի եւ Վաշինգտոնի փոխանցած հաղորդագրությունների կամ տեղեկատվության մի մասը կարող է մեկնաբանել սեփական շահերի տեսանկյունից:
Բացի այդ, Անկարան միայն չի ձգտում լուծել Իրանի եւ ԱՄՆ-ի տարաձայնությունները, այլ ցանկանում է պահպանել եւ ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային տերություն: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ պնդում են, որ Թուրքիան փորձում է առկա ճգնաժամն օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար:
Այս հանգամանքը կարող է թե՛ Թեհրանի, թե՛ Վաշինգտոնի տեսանկյունից կասկածի տակ դնել Թուրքիայի չեզոքությունը:
Սակայն ամենակարեւոր խոչընդոտներից մեկը Անկարա-Թել Ավիվ հարաբերություններն են: Էրդողանի եւ Իսրայելի միջեւ սուր տարաձայնությունների պատճառով Վաշինգտոնը երբեմն զգուշավորությամբ է վերաբերվում Անկարայի տարածաշրջանային դիրքորոշումներին:
Միեւնույն ժամանակ, Իրանը կարող է ակնկալել, որ Թուրքիան Իսրայելի նկատմամբ այնպիսի դիրքորոշում կորդեգրի, որը կհամապատասխանի Թեհրանի պահանջներին: Իսկ դա, ամենայն հավանականությամբ, անընդունելի կլինի ԱՄՆ-ի համար:
Թուրքիայի խաղաղարար առաքելությունը կաշկանդող գործոններից մեկն էլ միջնորդների թվի աճն է: Պակիստանը, Քաթարը, Օմանը եւ նույնիսկ եվրոպական որոշ երկրներ նույնպես փորձում են հակամարտող կողմերի միջեւ երկխոսության ուղիներ ստեղծել:
Մի կողմից՝ սա կարելի է դրական համարել, քանի որ Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ ավելի շատ կապուղիներ են ստեղծվում: Սակայն մյուս կողմից՝ հնարավոր է Թեհրանին եւ Վաշինգտոնին փոխանցվեն հակասական ու իրարամերժ հաղորդագրություններ:
Վերը շարադրվածից ելնելով՝ ներկայիս պայմաններում Թուրքիան ավելի շուտ կարող է հանդես գալ որպես «դիվանագիտությանը նպաստող կողմ», քան որպես հակամարտության կարգավորմանն աջակցող չեզոք միջնորդ:
Թերեւս հենց այս հանգամանքներն են այն պատճառները, որոնք թույլ չեն տվել Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման համար բազմիցս առաջարկություններով հանդես եկած Թուրքիային իր միջնորդական նախաձեռնությունների ոչ այնքան հարուստ պատմության մեջ արձանագրել նույնիսկ մասնակի հաջողություն:
Հիշենք, թեկուզ, Իրանի միջուկային հարցի կարգավորման շուրջ Թուրքիայի «ձեռքբերումները»: Թուրքիան երկար ժամանակ փորձել է միջնորդի դեր ստանձնել Իրանի միջուկային խնդրի շուրջ երկխոսության մեջ: Սակայն այստեղ Անկարայի ազդեցությունը սահմանափակ է եղել, քանի որ հիմնական որոշումները կախված են եղել Իրանից, ԱՄՆ-ից եւ եվրոպական տերություններից:
Այսինքն՝ Իրանի հարցը Թուրքիայի համար նոր թեմա չէ: Սակայն այս անգամ եւս Անկարայի հավակնությունները՝ հանդես գալու որպես միջնորդ, բախվում են նույն հիմնական խնդրին՝ Թուրքիան կարող է լինել կարեւոր հաղորդակցող եւ դիվանագիտական գործընթացներին նպաստող երկիր, բայց դժվար թե ընկալվի որպես լիովին չեզոք միջնորդ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ
