Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

«Կռունկ. հարյուրամյա ճանապարհորդություն»

Արգենտինական www.arteinformado.com կայքէջը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին Արգենտինաիյ Կորդոբա քաղաքում բացվել է «Կռունկ. հարյուրամյա ճանապարհորդություն» ցուցադրությունը: Այն լայնածավալ ինտերակտիվ նախագիծ է, որը ստեղծվել է Կորդոբայի հայկական համայնքի նախաձեռնությամբ՝ «Էսպիլուս» եւ «Մենք» ստեղծագործական խմբերի համագործակցությամբ եւ նվիրված է Կորդոբայի հայ համայնքի հաստատման հարյուրամյակին: 1926 թվականին քաղաքի Պուեյրեդոն թաղամասում հիմնադրվել է Սուրբ Գեւորգ հայկական առաքելական եկեղեցին՝ Հարավային Ամերիկայի առաջին հայկական առաքելական տաճարը:

Ցուցադրությունը միավորում է արվեստը, պատմական հիշողությունն ու դիմացկունության գաղափարը: Առաջին հատվածում արվեստի գործերը տեղադրված են առաստաղի տակ: Այցելուները մուտքի մոտ ստանում են հայելային հատուկ սարք, որի միջոցով կարողանում են տեսնել միայն վերեւում գտնվող պատկերները՝ նայելով ներքեւ: Այս անսովոր տեսողական փորձառությունը փոխում է տարածության ընկալումը՝ առաջացնելով անկշռության, գլխապտույտի եւ անորոշության զգացողություններ: Ծաղիկների, հարյուրավոր թղթե նավակների, կախովի կամուրջների, բույրերի եւ դուդուկի հնչյունների ուղեկցությամբ այցելուները խորհրդանշական կերպով վերապրում են հայ Սփյուռքի ճանապարհը՝ անապատը, կորուստը, անորոշությունը, բայց նաեւ նոր կյանքի ծաղկումն ու արմատավորումը Կորդոբայի լեռնաշխարհում:

Երկրորդ հատվածում այցելուներն անմիջականորեն հաղորդակցվում են երեք խորհրդանշական ինստալացիաների հետ: Ճամպրուկները խորհրդանշում են բռնի տեղահանությունն ու պահպանված մշակութային ժառանգությունը, պատն ու կռունկների պատկերները հիշեցնում են հայկական եկեղեցու պատուհանները, իսկ հայելապատ լանդշաֆտում Հայաստանի ժայռոտ բնաշխարհն ու Կորդոբայի լեռները միավորվում են անսահման տեսողական տարածության մեջ՝ խորհրդանշելով ժողովուրդների մեկդարյա բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Նախագիծն առանձնանում է նաեւ բնապահպանական մոտեցմամբ. լանդշաֆտներն ստեղծվել են վերամշակված պոլիէթիլենից, պլաստիկ շշերից, ստվարաթղթից, մետաղալարից եւ հին թերթերից՝ համադրելով ձեռքի աշխատանքի ավանդական տեխնիկաները թվային եռաչափ անիմացիաների եւ տեսաձայնային պրոյեկցիաների հետ:

«Կռունկը» նաեւ հավաքական ստեղծագործության օրինակ է՝ միավորելով փորագրիչների, նկարիչների, քանդակագործների, խեցեգործների, երաժիշտների, ճարտարապետների, եռաչափ եւ ընդլայնված իրականության մասնագետների համատեղ աշխատանքը: Մասնակիցների մեջ են Միգել Անխել Բարսեղյանը, Ադրիանա Միրանդան, Վարինիա Խոֆրեն, Ինես Մարիետտին, Քրիստիան Խակոնոն, Անա Ջուֆրիդան, Պերի Լաբեյրին, Մոնիկա Խակոբոն, Ռոմինա Հայաստանյանը, Մարկոս   եւ Կրիստոբալ Թաթյանները:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 26-ը:

Ա. Բ.