Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Բարեգործությունը՝ օրենքից դուրս, իսկ չարագործությո՞ւնը…

  Հակոբ Ավետիքյան 2

Մեր երկրում օրը նոր, անհեթեթ, նույնիսկ արտառոց ծրագրերը՝ նոր, բացահայտված «կառավարությունը այդ ե՛ս եմ» հայտարարող անձի կողմից: Ճիշտ է, այդ նույն անձը դեռեւս չի հայտարարել, թե ինքը պետությունն իսկ է, սակայն նրա յուրաքանչյուր խոսքից, արտահայտությունից, պահվածքից, գլխարկից անգամ այդ միտքն է արտացոլվում, ինչին հավատում են ոչ քիչ թվով մարդիկ, քաղաքացիներ այն «տրամաբանությամբ», որ եթե նա է վարչապետը, ուրեմն նա՛ է պետը, ուստի եւ՝ նա պետությունն իսկ է՛: Հետեւաբար շատ լուրջ պետք է մոտենալ նրա յուրաքանչյուր մտքին, գաղափարին, ծրագրերին:

Ուրեմն մենք էլ լուրջ մոտենանք մամուլի նրա վերջին ասուլիսին, որի ընթացքում լրագրողներից մեկի հիշեցումը, թե, այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանը բարեգործ է ու շատերին է օգնել, հունից հանեց նրան, եթե երբեւիցե նա ունեցել է հուն: Նա պոռթկաց եւ ահեղացունց (բառը Չարենցինն է) ձայնով դատապարտեց ոչ միայն Գ. Ծառուկյանին, այլեւ մյուս բարեգործներին եւ առհասարակ բարեգործությունը, որը, նրա կարծիքով, որքան որ ինքս ընկալեցի, անարգանքն ու անտեսումն է պետականության: Բարեգործը, կարելի է եզրակացնել նրա ասածից, ձգտում է իր իսկ քաղաքական ու նյութական շահերի համար առաջ անցնել պետությունից, դառնալ պետություն պետության մեջ:

Ենթադրելի է, որ նա այդ մտքին հանգել է վերջին ընտրություններից հետո, երբ, հակառակ իր ակնկալիքներին՝ չկարողացավ հավաքել ցանկացած 67 տոկոսը ձայների, ինչի համար այժմ մեղադրում է Ծառուկյանին, հոգ չէ, որ վերջինից, ինչպես պնդում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու շատ վերլուծաբաններ, գողացել է 60 հազար ձայն եւ արգելափակել այդ կուսակցության մուտքը խորհրդարան ու բանտարկել նրա ղեկավարին:
Ու որպես քավության նոխազ եւ արդարացումն իր պարտության, վարչապետը, ներողություն՝ պետության պետը, ինչպես ժողովուրդն է ասում՝ մուռը հանում է բարեգործությունից, որը, նրա կարծիքով, ընդամենը կաշառատվություն է, որը չունի իրավունք գոյության, երբ, իր ասելով, պետությունն է, այսինքն ի՛նքն է կանգնած յուրաքանչյուր քաղաքացու մեջքին: Երնե՜կ մեզ, մեր ժողովրդին…

Ուրեմն, սովորենք բոլորս, բարեգործությունն ընդամենը գործիք ու միջոց է անհատների ձեռքին՝ տիրանալու հեղինակության, դիրքի, իշխանության: Ուրիշ ոչինչ: Հետեւաբար պետք է արգելել բոլոր նրանց, ովքեր բարեգործությամբ են հայտնի, ովքեր թե՛ քրիստոնյա, թե՛ մահմեդական, հինդու կամ այլ կրոնի պատկանող, ովքեր իրականացնում են միմյանց օգնելու, կարիքավորներին, զրկյալներին, հիվանդներին, սովյալներին, նորահաս սերունդներին օգնելու, պատսպարելու, սովորեցնելու եւ վերջապես՝ միմյանց սիրելու աստվածային պատգամն ու պատվիրանը:

Անշուշտ, ինչպես ամեն բանում, կլինեն խարդախներ, աֆերիստներ, անպարկեշտ մարդիկ, ովքեր բարեգործության անվան տակ կարող են մախինացիաներով զբաղվել, սակայն օրինազանցության առկայության պատճառով օրենքը չի կարող արգելափակվել, փակի տակ դրվել: Խելացի ու զարգացած յուրաքանչյուր պետություն կարող է եւ կիրառում է համապատասխան օրենքներ ու կանոններ՝ բարեգործությունն անխաթար պահելու, ի բարօրություն մարդկանց այն արդյունավորելու համար:

Մեր մեծ բարերարների՝ Ալեքսանդր Մանթաշյանցի, Պողոս Նուբարի, Կարապետ աղա Մելգոնյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեք Մանուկյանի ու նրանց նմանների միջոցով մենք, մեր ազգը, կարողացել ենք կրկին ոտքի կանգնեցնել, կրթոթւյուն տալ, խնամել, զորացնել, պետություն ստեղծել, դպրոցներ, տաճարներ, երիտասարդական կենտրոններ, անգամ համալսարան ստեղծել, հատկապես Մեծ արհավիրքից հետո:

Արդ, ի՞նչ են շահել այդ բարեգործները՝ իշխանությո՞ւն, վարչապետական աթո՞ռ, թե՞ հարստություն եւ կամ բոլորը միասին:

Բարեգործությունը օրենքից դուրս հայտարարելն ի՛նքը հակաօրինական է, հակապետական:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ