Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Ի՞նչն է ներկայիս խոչընդոտում TRIPP-ի գործարկումը

  ԱԶԳ 7

TRIPP-ի նախագիծը, նրա շինարարական հեռանկարնեը, հնարավոր մարտահրավերներն ու գործարկման ժամանակացույցը, ինչպես նաեւ նրա հետ կապված քաղաքական եւ տնտեսական հարցերը շարունակում են մնալ Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Այդուհանդերձ, քննարկումների ընդհանուր փաթեթում ամենակարեւոր հարցն այն է, թե ինչ պայմաններ, գործընթացներ կամ տարածաշրջանային դերակատարներ կարող են խոչընդոտել այդ ծրագրի՝ TRIPP-ի գործարկումը:

TRIPP-ը սոսկ տնտեսական նախագիծ չէ: Այն կարող է դառնալ ռազմավարականորեն նշանակալից ամերիկյան ներկայություն Հարավային Կովկասում՝ իրար միացնելով ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ հնարավոր կապ ստեղծելով նաեւ Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջեւ, ինտեգրված լոգիստիկ մի ցանցի միջոցով, որի երթուղիները անցնում են Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով:

Նման զարգացումը էականորեն կփոխի Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի լոգիստիկ կառուցվածքը: Սա հասկանալի է ինչպես Թրամփի վարչակազմի, այնպես էլ Ռուսաստանի եւ Իրանի նման տարածաշրջանային դերակատարների կողմից, որոնց համար որեւէ ձեւաչափի ամերիկյան ռազմավարական ներկայություն իրենց սահմանների կամ հարեւան երկրների սահմանների մոտ՝ հակասում է իրենց շահերին: Այս առումով ամեն ջանք գործադրվում է, որպեսզի Վաշինգտոնը չկարողանա ռազմավարական հենակետ հաստատել Հարավային Կովկասում:

Ակնհայտ է, որ քանի շարունակվում է հակամարտությունը Մ. Նահանգների եւ Իրանի միջեւ, եւ երկու կողմերը հրթիռներ են արձակում ոչ միայն ռազմավարական նշանակության օբյեկտների վրա, այլեւ Մ. Նահանգների հետ ենթադրաբար կապ ունեցող ամբողջ Միջին Արեւելքի երկայնքով տեղակայված տնտեսապես ռազմավարական ենթակառուցվածքների վրա, TRIPP-ը դառնալու է Իրանի գլխավոր թիրախը: Այս տեսանկյունից դիտարկված, կարեւոր է, որ TRIPP-ը առայժմ գոյություն չունենա: Նույնքան կարեւոր է, որ այդ ծրագիրը իրականանա առնվազն այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Մ. Նահանգների եւ Իրանի միջեւ անմիջական ռազմական հակամարտությունը կա՛մ լուծված կլինի, կա՛մ էլ բացառված: Իրանը արդեն բավական ժամանակ է ինչ միջոցներ է որոնում, որ խոչընդոտի այդ ծրագրի գործարկումը: Բայց նույնիսկ եթե Մ. Նահանգների եւ Իրանի միջեւ ռազմական ակտիվ թշնամանքը վերանա, TRIPP-ը շարունակելու է մնալ երկու կողմերի ռազմավարական եւ ռազմական մրցակցության ավելի լայն կոնտեքստում:

Կան նաեւ հարցեր կապված ռուսական շահերի հետ, ոչ անպայմանորեն նրա ռազմական ներկայության, այլ Հարավային Կովկասում նրա տնտեսական ներգրավվածության առումով: Գլխավոր հարցը առնչվում է ռուսական երկաթուղիների ցանցի եւ հայկական երկաթուղու համակարգի հետ, որի կառավարումը Ռուսաստանին է վերապահված: Ռուսական երկաթուղիները փաստացի ծառայում են որպես Հայաստանում Հարավային Կովկասի երկաթուղու արտոնյալ պայմաններում գործող օպերատոր: Օրեր առաջ ռուսական երկաթուղիների գլխավոր գործադիր տնօրեն Օլեգ Բելոզիորովը հարցազրույցներից մեկում նշեց, որ ռուսական երկաթուղիները (RZD) լիովին կատարում է իր բոլոր պարտականությունները՝ համաձայն Հայաստանի հետ կնքված արտոնյալ պայմանագրի: Նա նաեւ ընդգծեց, որ Հարավային Կովկասի երկաթուղին Հայաստանի ամենամեծ եւ ամենակարեւոր գործատուներից մեկն է: Ըստ նրա 2008-ից 2025 թվականները RZD-ի եւ ընկերության անձնական միջոցներից ներդրումների ընդհանուր քանակը կազմել է մոտավորապես 396.3 միլիոն ամերիկյան դոլար: Ռուսաստանը այս գումարը կարող է պահանջել Հայաստանից որպես փոխհատուցում, եթե Հայաստանը որոշի ետ վերցնել կամ չեղարկել արտոնյալ պայմաններով գործելու պայմանագիրը:
Նման պահանջը ֆինանսական ծանր բեռ կհանդիսանա Հայաստանի համար: Հարցն այստեղ այն չէ, որ Ռուսաստանը ցանկանում է հրաժարվել արտոնյալ կառավարման իր իրավունքներից, այլ այն, որ նա փորձում է ինչ-որ ձեւով մասնաբաժին ունենալ կամ ապահովել TRIPP-ի ծրագրում, որովհետեւ այդ ծրագրի գործարկումը զգալիորեն նվազեցնելու է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության ոլորտը, եւ սա Մոսկվան շատ լավ գիտակցում է:

Տնտեսագետներից ոմանք պնդում են, որ այս ծրագիրը կարեւոր է Հայաստանի համար ոչ այնքան տնտեսական առումով, այլ հատկապես ռազմավաական տեսակետից, քանի որ այն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու լայն հնարավորություն է ընձեռելու: Դա, ինչ խոսք, իր հերթին ներառելու է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների հնարավոր բացումը եւ օգտագործումը, ինչը կարեւոր ազդակ է դառնալու ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար:

Այնպես որ, մենք դարձյալ գալիս ենք այն եզրահանգմանը, որ TRIPP-ը ոչ այնքան բիզնես նախաձեռնություն է, որքան ռազմավարական մի նախագիծ, որը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ Մ. Նահանգների հարավ-կովկասյան ներկայության համար, ինչը հիմնովին կփոխի այս տարածաշրջանի լոգիստիկ կառուցվածքը:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Օգոստոսի 2, 2026 թ.