Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իրանական գազը եւ Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացումը. հնարավորություններ եւ սահմանափակումներ

  Գրիգոր Առաքելյան 7

Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազին այլընտրանքային աղբյուրներ որոնելու շրջանակում Երեւանի ուշադրությունը, Ադրբեջանից բացի, կենտրոնացել է նաեւ Իրանի վրա: Թեհրանը պատրաստակամություն է հայտնել քննարկել Հայաստան արտահանվող բնական գազի ծավալների ավելացման հնարավորությունը:

Իրան կատարած եռօրյա այցից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական գազի մատակարարումները հնարավոր է առնվազն կրկնապատկել: Նրա խոսքով, դա ոչ միայն կխթանի Հայաստանի էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացումը (բազմազանեցում), այլեւ երկարաժամկետ հեռանկարում կարող է հնարավորություն ստեղծել գազի տարանցման դեպի այլ ուղղություններ:

Այս նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-իրանական աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն տեխնիկական, տնտեսական եւ իրավական հարցերը, ինչպես նաեւ կգնահատեն Հայաստանի տարածքով իրանական գազի հնարավոր տարանցման հեռանկարները:

Սակայն այդ աշխատանքները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ Իրանի գազային ոլորտի իրական հնարավորություններն ու առկա սահմանափակումները: Թեեւ Իրանը բնական գազի պաշարներով աշխարհում երկրորդ տեղում է, երկրի արդյունահանման հնարավորություններն ու ներքին սպառման արագ աճը միշտ չէ, որ թույլ են տալիս մեծացնել արտահանման ծավալները:

Իրանական գազի արտահանման սահմանափակ հնարավորությունները

Ձեւավորման փուլում գտնվող աշխատանքային խմբերը պետք է հաշվի առնեն, որ թեեւ Իրանը բնական գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը, տարվա որոշ ժամանակահատվածներում, հատկապես ձմռանը, երկիրը բախվում է գազի պահանջարկի կտրուկ աճին: Այդ պայմաններում սպառման պիկը հաղթահարելու նպատակով Թեհրանը նույնիսկ ստիպված է լինում սահմանափակ ծավալներով գազ ներմուծել եւ ավելի ակտիվացնել էներգետիկ դիվանագիտությունը:

Իրանական «Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ, միջազգային գնահատականներով Իրանը Ռուսաստանից հետո բնական գազի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրն է աշխարհում: Այնուամենայնիվ, վերջին տարիներին, հատկապես ձմռան ամիսներին, պարբերաբար քննարկվում են գազի դեֆիցիտի եւ նույնիսկ դրա ներմուծման անհրաժեշտության հարցերը:

Առաջին հայացքից դա կարող է հակասական թվալ, քանի որ նման հարուստ պաշարներ ունեցող երկիրը, կարծես, չպետք է խնդիր ունենա սեփական ներքին պահանջարկը բավարարելու հարցում:

Սակայն մասնագետներն արդարացիորեն նշում են, որ ընդերքում առկա պաշարները դեռեւս չեն նշանակում համապատասխան արտադրական կարողությունների առկայություն:
«Մեհր» լրատվական գործակալության տվյալներով, էական տարբերություն կա բնական գազի պաշարների ծավալի, օրական արդյունահանման հնարավորությունների եւ ներքին սպառման արագ աճի միջեւ, ինչը հանգեցնում է առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռության:
Հենց այդ պատճառով էլ Իրանի էներգետիկ քաղաքականությունը վերջին տարիներին կենտրոնացել է ոչ միայն գազի արդյունահանման ծավալների ավելացման, այլեւ լրացուցիչ գործիքների կիրառման վրա, այդ թվում՝ սահմանափակ ծավալներով գազի ներմուծման եւ էներգետիկ դիվանագիտության ակտիվացման:

Կարեւոր է հասկանալ նաեւ, թե ինչու է Իրանը Թուրքմենստանից բնական գազի ներմուծման վերաբերյալ 25-ամյա պայմանագիր կնքել, որը, սակայն, ֆինանսական տարաձայնությունների, կուտակված պարտքերի եւ գազամատակարարումների բազմակի ընդհատումների պատճառով բախվել է լուրջ դժվարությունների, ինչի հետեւանքով տարբեր ժամանակահատվածներում մատակարարումները դադարեցվել են:

Համատեղ աշխատանքային խմբերում ընդգրկված հայ մասնագետները պետք է պարզեն նաեւ, թե ինչու է Իրանը, հատկապես իր հյուսիսային եւ արեւելյան շրջանների գազամատակարարումն ապահովելու նպատակով, շարունակում կարեւորել Թուրքմենստանի հետ համագործակցությունը:

Գազի արտադրության նվազեցման միտումները

Իրանում բնական գազի արդյունահանման հիմնական աղբյուրը «Հարավային Փարսի» հանքավայրն է, որը համատեղ շահագործվում է Իրանի եւ Քաթարի կողմից: Այն համարվում է աշխարհի խոշորագույն բնական գազի հանքավայրերից մեկը եւ ապահովում է Իրանի բնական գազի արտադրության շուրջ 70 տոկոսը:

Սակայն 2026 թվականի մարտին Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում իրականացված օդային հարվածների հետեւանքով թիրախավորվեցին նաեւ Ասալույեում գտնվող «Հարավային Փարսի» գազային համալիրի առանձին օբյեկտներ, ինչի հետեւանքով լուրջ խնդիրներ առաջացան գազամատակարարման ոլորտում: Ներքին սպառման առաջնահերթությունից ելնելով՝ Թեհրանը նույնիսկ դադարեցրեց Իրաքին բնական գազի մատակարարումը:

Իրան-Իրաք համատեղ առեւտրի պալատի նախագահը հուլիսի վերջին հայտարարեց, որ երկու երկրների միջեւ պաշտոնական առեւտրաշրջանառության ծավալների նվազման հիմնական պատճառը Իրանի կողմից բնական գազի արտահանման կրճատումն է:

Ավարտվում է նաեւ Իրանի եւ Թուրքիայի միջեւ բնական գազի արտահանման վերաբերյալ 25-ամյա պայմանագրի գործողության ժամկետը:

Առայժմ Թեհրանն ու Անկարան լռում են պայմանագրի երկարաձգման, դրա ավարտի կամ նոր համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Սակայն երկու երկրների լրատվամիջոցներն ու փորձագետներն այս լռությունը համարում են էներգետիկ ոլորտի ամենակարեւոր քննարկվող թեմաներից մեկը: Չի բացառվում, որ Թուրքիա գազամատակարարման ընդհատումը կապված  լինի Իրանում գազի ծավալների արդյունահանման նվազեցման հետ: Այդ հարցը նույնպես ենթակա է ուսումնասիրման:

Միաժամանակ շարունակաբար աճում է նաեւ երկրի ներքին սպառումը: Կենցաղային, արդյունաբերական, էլեկտրաէներգետիկական եւ նավթաքիմիական ոլորտներում բնական գազի պահանջարկն անընդհատ մեծացել է, ինչի հետեւանքով Իրանի էներգետիկ համակարգն ավելի մեծ կախվածություն է ձեռք բերել բնական գազից:

Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալների ավելացման հնարավորություններն ուսումնասիրող աշխատանքային խմբերը պետք է հաշվի առնեն նաեւ, որ տարվա որոշ ժամանակահատվածներում Իրանում արտադրության եւ սպառման միջեւ առաջանում է զգալի անհավասարակշռություն: Պատերազմից հետո այդ տարբերության կառավարումն Իրանի էներգետիկ ոլորտի հիմնական մարտահրավերներից մեկն է դարձել:

Գազային համակարգի սեզոնայնությունը

Իրանում գազի սպառման առանձնահատկություններից մեկը դրա արտահայտված սեզոնայնությունն է: Ձմռանը, ջեռուցման պահանջարկի աճի պատճառով, կենցաղային եւ առեւտրային սպառումը մի քանի անգամ գերազանցում է տարվա տաք եղանակների ցուցանիշները: Այդ պայմաններում արտադրվող գազի զգալի մասը հատկացվում է բնակչության կարիքներին, ինչի հետեւանքով արդյունաբերական ձեռնարկություններն ու էլեկտրակայանները հաճախ բախվում են մատակարարումների սահմանափակումների: Նման իրավիճակներում էլեկտրակայանները ստիպված են օգտագործել այլընտրանքային վառելիք՝ դիզելային վառելիք կամ մազութ:

Ցուրտ օրերին պահանջարկի կտրուկ աճը մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում նաեւ գազի փոխանցման եւ բաշխման ցանցի համար: Աշխարհի բազմաթիվ երկրներում նման իրավիճակները մեղմելու նպատակով օգտագործվում են ստորգետնյա գազապահեստարաններ, որտեղ ամռանը կուտակված գազն օգտագործվում է ձմռանը:

Իրանում, սակայն, գազի պահեստավորման հնարավորությունները դեռեւս չեն համապատասխանում սպառման ծավալներին, ինչը սահմանափակում է համակարգի ճկունությունը: Այդ պատճառով հարեւան երկրներից գազի ներմուծումը դիտարկվում է որպես ժամանակավոր միջոց՝ պիկային պահանջարկը բավարարելու եւ մատակարարումների անխափանությունն ապահովելու համար:

Էներգետիկ անվտանգությունը

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բնական գազի խոշոր պաշարներ ունենալն ինքնին բավարար չէ էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար: Դրա համար անհրաժեշտ են արտադրության արդյունավետ կառավարում, ժամանակակից ենթակառուցվածքներ, սպառման արդյունավետ վերահսկում եւ ակտիվ տարածաշրջանային համագործակցություն:

Այն պայմաններում, երբ ներքին պահանջարկը շարունակում է արագ աճել, իսկ ձմեռային պիկային սպառումը մեծ ճնշում է գործադրում գազային համակարգի վրա, սահմանափակ ծավալներով գազի ներմուծումն ու էներգետիկ դիվանագիտության ակտիվացումը կարող են դառնալ ժամանակավոր պակասը հաղթահարելու արդյունավետ միջոցներ: Միաժամանակ գազային հանքավայրերի զարգացումը, պահեստավորման հզորությունների ընդլայնումը եւ էներգիայի սպառման արդյունավետության բարձրացումը երկարաժամկետ հեռանկարում կարող են կրճատել արտադրության եւ սպառման միջեւ եղած տարբերությունը եւ ամրապնդել Իրանի դիրքերը տարածաշրջանային գազի շուկայում:

Բաքվի մտահոգությունները

Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալներն ավելացնելու եւ հետագայում այն Հայաստանի տարածքով դեպի այլ երկրներ արտահանելու վերաբերյալ հայ-իրանական պայմանավորվածությունները չէին կարող չանհանգստացնել Բաքվին: Այդ մտահոգությունն արտահայտվել է նաեւ ադրբեջանական Gunaz.tv-ի հրապարակման մեջ, որն անդրադարձել է նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Իրան կատարած այցին եւ Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հայտարարությանը՝ Հայաստանի տարածքով իրանական գազն այլ ուղղություններով արտահանելու հնարավորության վերաբերյալ: Միաժամանակ կայքը նշում է, որ Փաքնեժադը չի հստակեցրել, թե իրանական գազը Հայաստանի միջոցով դեպի որ տարածաշրջանային շուկաներ կարող է արտահանվել:

Ադրբեջանական կայքի կարծիքով, տարածաշրջանում գործող միակ տարանցիկ ենթակառուցվածքը Կովկասյան «Հյուսիս-Հարավ» գազատարն է, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով մատակարարվում է Հայաստանին: Ընդ որում, գազատարի վերջնակետը գտնվում է Երեւանում՝ Իրանի սահմանից շուրջ 400 կիլոմետր հեռավորության վրա:

Կայքը նաեւ նշում է, որ տարածաշրջանային շուկաներից Վրաստանն իր բնական գազի հիմնական մասը ստանում է որպես Ադրբեջանից Թուրքիա եւ Եվրոպա արտահանվող գազի տարանցման դիմաց նախատեսված 5-տոկոսանոց վճար, իսկ մնացած պահանջարկը բավարարում է Ադրբեջանից գնվող գազի հաշվին՝ մինչեւ 2046 թվականը գործող պայմանագրի շրջանակում:

Ըստ Gunaz.tv-ի՝ Հայաստանի մյուս հարեւանը՝ Թուրքիան, շուտով ավարտում է Իրանից բնական գազի ներմուծման վերաբերյալ 25-ամյա պայմանագրի գործողության ժամկետը (Արդեն ավարտվել է Գ.Ա.): Կայքը նաեւ պնդում է, որ մինչ օրս Անկարան որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերել այդ պայմանագիրը երկարաձգելու հարցում:

Քանի դեռ չեն դադարեցվել ռուսական գազի մատակարարումները Հայաստան, եւ քանի դեռ ձմեռը չի թակել հայաստանցիների դուռը, այս եւ վերը նշված մյուս բոլոր հանգամանքները պետք է դառնան ձեւավորվող հայ-իրանական աշխատանքային խմբերի մանրամասն քննարկման առարկա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ