Մի քաղաք տեսա գազել-ների «սիրահար»

Գյումրին արժանավայել հանրային տրանսպորտի խնդիր ունի
Հուլիսին, ըստ պաշտոնական տեղեկատվության, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երեւան եւ Գյումրի քաղաքներում ՀՀ կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը: Մասնավորապես՝ ներկայացվել են առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ունեն կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն ու մասնավորապես Շիրակի մարզպետարանին հանձնարարվել է համատեղ աշխատանք կատարել՝ ուղղված ծրագրերի կոնկրետացմանն ու խնդիրների առավել արդյունավետ լուծմանը:
Գյումրիում, ինչպես եւ գուցե այլուր, խնդիրները շատ են, այստեղ դրանք իրենց առանձնահատկություններն ունեն: Քաղաքում նախատեսվող, հիշյալ տեղեկատվության մեջ նշված առաջնահերթությունների կողքին,- անհրաժեշտ ենք համարում հիշեցնել,- հրամայական լուծում պահանջող է այստեղ նաեւ երկրի երկրորդ մեծ քաղաքին վայել արժանապատիվ ու հարմար հասարակական տրանսպորտ ունենալու խնդիրը:
Այն ծագել է ու այդպես էլ հիմնավոր լուծում չի ստանում 1988-ի աղետալի երկրաշարժից ի վեր, երբ մինչ այդ տեղիս երթուղիներում աշխատող հիմնականում «ԼԱԶ» ավտոբուսները, չնչին բացառություններով, վերացան քաղաքի փողոցներից ու այդպես էլ չվերադարձան. քաղաքային տրանսպորտը որոշ ժամանակ պարզապես կանգ առավ: Հետո ողջ ծանրությունն իրենց վրա վերցրին արդեն բավական «ծեր» տրոլեյբուսները, որոնք Շիրակի ցրտաշունչ ձմռանը չմաքրվող սառույցի հաստ շերտով պատած փողոցներով, մինչեւ դռներից կախված ուղեւորների մեծ ծանրության տակ մի կերպ սողալով պարզապես անգնահատելի հերոսական աշխատանք էին կատարում, արդեն նույնիսկ երկարացված ցանցով հասնելով մինչեւ հետերկրաշարժյան նորակառույց «Անի» թաղամաս… Հետո քիչ-քիչ առաջ եկան եւ ուղեգծեր մտան նորահայտ սեփականատերերի համեմատաբար փոքր «ՊԱԶ» ավտոբուսները, որոնց վարորդներն էլ շուտով, ուղեւորահոսքին տիրանալու համար սկսեցին նեղել, օրվա հատկապես որոշակի ժամերի արհեստականորեն սահմանափակել տրոլեյբուսների երթեւեկի հնարավորությունը: Ապա 2004-2006 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, կատարվեց աներեւակայելին. նաեւ արտաքուստ արհեստականորեն ստեղծված պատճառներով մայրաքաղաքում ապամոնտաժվեց եւ վերացվեց տրամվայի, Գյումրիում՝ 1960-ականներին այնպես գորովանքով, մեծ ծախսերով ու ջանքերով ստեղծված տրոլեյբուսային ցանցը: Իսկ երբ հետո ավտոբուսային պարկը գնած քաղաքապետարանը երթուղիներից հետզհետե դուրս մղեց նշված առանց այն էլ արդեն հնացող ու հին ավտոբուսները եւս, քաղաքի ուղեւորը մնաց նոր ծլած «գծատերերի» մենաշնորհային դարձած «Գազել» միկրոավտոբուսների հույսին…
Քաղաքի իրական հասարակական տրանսպորտի վերականգնման մի ոգեւորիչ փորձը եղած, քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրոք 2013-ին բերված եւ երկու երթուղիներում աշխատել սկսած չինական 16 նոր ավտոբուսներն էլ ժամանակ անց մաշվեցին ու ըստ հայտարարվածի՝ տեխնիկական վատ վիճակի պատճառով դադարեցին շահագորվելուց… 2021-ին քաղաքապետարանը ՀՀ կառավարության հետ համատեղ ծրագրով ձեռք բերեց կարծեմ 63 նոր «Գազել» միկրոավտոբուսներ, որոնք պարզապես փոխարինեցին իրենց հնացած նախորդներին: Ու հիմա իր կարեւորությամբ հանրապետության երկրորդ քաղաքն ընդամենը այդ գազելների հույսին է, հասարակական տրանսպորտից օգտվող մարդիկ ամեն օր երթեւեկում են այդ անձուկ մետաղե տուփերի մեջ կուչ եկած… Եվ անգամ ինչ-որ միջազգային ծրագրով տարիներ խոստացված 4 թե 5 էլեկտրական ավտոբուսների երեսն իսկ այդպես էլ չտեսանք: Ու այսպես ստացվում է, որ ավելի շատ՝ ուղեւորներն են հարմարեցվում, ծառայում մեքենատերերի շահերին, մինչդեռ հասարակական տրանսպորտի բուն նպատակն ու տրամաբանությունը հակառակն է թելադրում:
Թվում է՝ այս պատկերը ոչ միայն հարիր չէ 21-րդ դարի քաղաքին, նվաստացուցիչ ու անհարմար է նման կարգի բնակավայրի ուղեւորի համար, այլեւ նսեմացնում է քաղաքի դեմքը նրա հյուրերի աչքում էլ, երբ գնալով նաեւ մեծանում է այստեղ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջային հոսքը:
Գյումրին ավտոբուսային ցանցի վերականգնման էական խնդիր ունի: Թե այս քաղաքին հարմար ինչ չափի եւ ինչ ավտոբուսներով դա հարմար կլինի, այդ արդեն երկրորդ հարցը կարող է լինել:
Առաջադրվող այլ խնդիրներ
Գյումրիում նախատեսվող առաջնահերթությունների պլանը ներառում է, մասնավորապես, 24-ժամյա ջրամատակարարման բարելավում, զբոսաշրջային կլաստերի ստեղծման շրջանակում իրականացված մոտ 6.6 մլրդ. դրամից բացի եւս 16,5 մլն դոլարի ներդրում, որի մասով առաջարկվում է ծրագրում ներառել Հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի եւ Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման ծրագրերը: Մյուսը վերաբերում է տնակների հարցի վերջնական լուծմանը: Ըստ ներկայացված տվյալների, այժմ Գյումրիում առկա է 2465 տնակ: Նախնական գնահատականներով՝ դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքի նկատմամբ կառավարությունն ունի «այս կամ այն ձեւով» փոխհատուցման պարտավորություն: Ծրագրերի ցանկում են Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինական աշխատանքները: Քաղաքի 180 կմ ճանապարհներից նախկինում հիմնանորոգվել է 70 կմ-ը, իսկ մնացած 110 կմ-ը խիստ անբարեկարգ վիճակում է: Անդրադարձ կա առկա վթարային շենքերի (դրանք շատ են, թեեւ նշված է «մի քանիսը»), Ալեք Մանուկյան փողոցի՝ քաղաքի երկու բանուկ մասերն իրար կապող խիստ կարեւոր կամուրջի նորոգման, Գյումրու ավտոկայանի կառուցման խնդիրներին:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
