Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

«Մեր խնդիրը չէ գերմանացի լրագրողներինասել՝ ինչի մասին գրեն…»

  Անահիտ Հովսեփյան 3

1news.az-ին օգոստոսի 4-ին հարցազրույց է տվել Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը: «Բաքուն եւ Բեռլինը նոր էջ բացեցին» անգլերեն զրույցը, որ դեսպանը հրապարակել է նաեւ X-ում, առավելաբար ուշադրություն է հրավիրում Ալիեւի՝ հուլիսի 20-21-ին Բեռլին այցի ժամանակ ստեղծված ադրբեջանագերմանական գործարար խորհրդի աշխատանքին, գերմանացի ներդրողների՝ «Ղարաբաղում (գրված է Karabakh) եւ Միջին միջանցքում» շահավետ հետաքրքրություններին եւ եվրոպական ԶԼՄ-ներում առկա «տեղեկատվական պատը հաղթահարելու հնարավորությանը»: Ադրբեջանի խնդիրների երեւակումն է այս զրույցը: Դեսպանն ասում է, որ «Ադրբեջանի կանաչ էներգիայի օրակարգը եւ ԳԴՀ տեխնոլոգիական, արդյունաբերական ներուժը լրացնում են իրար: Ազատագրված Ղարաբաղը (գրված է Garabagh) եւ Արեւելյան Զանգեզուրը կանաչ էներգիայի գոտի հռչակելը կարեւոր համագործակցության հնարավորություն է գերմանական ընկերությունների համար: Մեր նպատակը ոչ միայն պատրաստի տեխնոլոգիաների ձեռքբերումն է, այլ համատեղ արտադրությունը, մասնագետների վերապատրաստումը, գիտահետազոտական համագործակցությունը»:

«Ինչպե՞ս է դեսպանությունը հակազդում եվրոպական կառույցներում՝ ներառյալ ԵԽԽՎ-ում եւ Եվրոխորհրդարանում գերմանացի որոշ քաղաքական գործիչների ակտիվությամբ Ադրբեջանի դեմ կողմնակալ նախաձեռնություններին» հարցին Աղաեւը այսպես է արձագանքում՝« պատրաստ ենք օբյեկտիվ քննադատության, այդուհանդերձ պետք է տարբերակել այն ապակառուցողական քաղաքական կողմնակալությունից: Արագ արձագանքում ենք, ներկայացնում մեր դիրքորոշումը՝ հիմնվելով իրավական փաստաթղթերի, փաստերի վրա: Առանձին քաղաքական գործիչների կողմնակալ ությունը չպետք է դիտարկել իբրեւ պետության եւ հասարակության դիրքորոշում: Ի հեճուկս դժվարությունների, ԳԴՀ-ում Ադրբեջանի բարեկամների թիվն աճել է:

ԳԴՀ մեդիատարածքում «տեղեկատվական պատը» հաղթահարելու մասին հարցին Աղաեւը պատասխանում է, թե մի շարք թեմաների հանդեպ «քարացած» մոտեցում կա, հիմնականն այն է, որ «տարածաշրջանը շարունակում են դիտարկել նախկին հակամարտության պրիզմայով: Ադրբեջանը խաղաղություն է հաստատել սեփական ջանքերով, դարձել ժամանակակից տնտեսությամբ, անկախ արտաքին քաղաքականությամբ, բազմամշակույթ ավանդույթներով ուժեղ պետություն, որ կարեւոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության եւ միջմայրցամաքային տրանսպորտային կապն ապահովելու հարցում»: «Մեր խնդիրը չէ գերմանացի լրագրողներին ասել, թե ինչի մասին գրեն, այլ նրանց հասանելի դարձնել անհրաժեշտ փաստերը, նպաստել Ադրբեջան այցին»,ասում է Աղաեւը: «Ազգ»-ում գրել ենք, թե ինչպես էր Աղաեւը գերմանացի լրագրողին «դաս տալիս» Նախիջեւանի փոխարեն Նախչվան գրել: Գերմանացի լրագրողները ԼՂ ձեւի կողքին Արցախ են գրում, դրա դեմ դեռ չեն պայքարում, քանզի դեռ չեն որոշել օտար լեզվով՝ Karabakh է, թե՞ Garabagh:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա