Իսրայելում կրոնամոլ խուլիգաններն են հարձակվում Սրբոց Հակոբյանց վանքի վրա, ՀՀ-ում Մայր տաճարի վրա՝ բարենորոգիչները

«Ազգի» հուլիսի 22-ի առցանց հրապարակված «Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …» հոդվածում հրեական եւ իսրայելական մամուլից մանրամասներ քաղելով շարադրել էինք, որ թեեւ Քնեսեթում առկախվեց Հայոց ցեղասպանության օրակարգ մտած քննարկումն ու քվեարկությունը, եւ օրենսդիր մարմինն այժմ արձակուրդում է, բայց կառավարությունը շարունակում է աշխատել, մանավանդ լրջագույն պատրաստությունն է տեսնում 2030-ին ընդառաջ Քրիստոսի մկրտության 2000-ամյա տոնակատարության պատշաճ կազմակերպման համար: Հենց այս հանգամանքից ելնելով՝ մեր առցանց հոդվածում կանխատեսել էինք, թե Հայաստան- Իսրայել դիվանագիտական հարաբերությունները 2030-ին ընդառաջ կակտիվանան:
Ադրբեջանում Իսրայելի առաջին դեսպան, արաբ առաջին քրիստոնյա դիվանագետ Ջորջ Դիքն ապրիլից Երուսաղեմում նոր պաշտոն ունի՝ քրիստոնյաների հարցերով է զբաղվում, Նեթանյահուի հանձնակատարն է: Նրա X-ի հարթակում տեղադրված տեսանյութերից դատելով կարող ենք եզրակացնել, որ դեռ չի հանդիպել հայ համայնքի հետ, երեւի տրվելիք դժվար հարցերին անհրաժեշտ արդարացումները չունենալով հապաղում է… Բայց նաեւ չի անդրադարձել օգոստոսի 2-ին Հայոց պատրիարքարանի տարածքում բռնարար հրեա կրոնամոլների խուլիգանությանը, չի դատապարտել նրանց արարքը, որին անդրադարձել ենք ստորեւ: Իսրայելի կառավարության սույն պաշտոնյան ամեն օր աշխատում է ներկայացնել հետեւյալը՝ 1948-ից ի վեր Իսրայելի քրիստոնյա բնակչությունն աճել է՝ 34 000-ից հասել է մոտ 188 000-ի, եւ Երկրորդ համաշխարհայինից հետո Միջին Արեւելքում միակ երկիրն է, որտեղ նվազելու փոխարեն քրիստոնյաների թիվն աճել է:
Անկախ բոլոր իրողություններից, Հայաստանը՝ պետականորեն առաջինը քրիստոնեությունն ընդունած երկիրը, չորս տարի անց մասնակցելու է Քրիստոսի մկրտության այդ նշանավոր իրադարձությանը՝ առանձնահատուկ կարգավիճակով: Պաղեստինի պատմական տարածքներում, որտեղ այսօր Իսրայել պետությունն է, հայերի ներկայությունն արձանագրվել է դեռ Տիգրան Մեծի ժամանակներից: Ք.Հ. 154 թվականին Երուսաղեմում հայ հոգեւորականներ են եղել, 4-րդ դարից հայերը Երուսաղեմում վանքեր են հիմնել, եւ աստիճանաբար ձեւավորվել են Երուսաղեմի հայոց պատրիարքարանը եւ սաղիմահայ համայնքը: 2013 թվականին Երուսաղեմի 97-րդ պատրիարք է ընտրվել Նուրհան արք. Մանուկյանը: Ուրեմն Հայաստան- Իսրայել դիվանագիտական երիտասարդ հարաբերությունները կարող են ակտիվանալ, եթե Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ու ներկայությունը մեր կյանքում եւ աշխարհում վերագնահատենք, նրա կառուցած կամրջով քայլենք, հզոր թիկունքը զգանք եւ չտրվենք դրսից թելադրված, այլասերող, բաժանարար հիբրիդային պտտահողմերին:

Մի կողմից Իսրայելը, նաեւ նյութական հոսք ապահովելու հեռանկարով, պատրաստվում է 2030-ին ընդառաջ դիմավորել միլիոնավոր քրիստոնյաների՝ Հիսուսի մկրտության 2000-ամյա տոնակատարության առիթով, մյուս կողմից՝ վերջին տարիներին այդ երկրում քրիստոնյաների վրա ճնշման աճ է նկատվում: Գերմանական «Զյուդոյչե ցայթունգի» 2023-ի մի հոդված եմ հիշում, որ մեջբերում էր բենեդիկտյան միաբանության վանական Շնաբելի մեկնաբանությունը, որ Սուրբ երկրում միշտ էլ եղել է հասարակական ակտիվ մի շերտ, որ քրիստոնյաների հանդեպ անթաքույց ատելություն է ունեցել, սակայն նրանք լուսանցքում են եղել, ոչ թե Իսրայելի կառավարությունում, եւ դրա վառ օրինակը ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն- Գվիրն է: Երուսաղեմի կարդինալ Պիցցաբալլան էլ 2026-ի հունիսին «Շպիգելին» պատմում էր, թե իրավիճակը վատթարացել է: Չնայած թքելը նորություն չէ, բայց առավել հաճախ է պատահում նման դրսեւորումը, իսկ խորհրդարանական առաջիկա ընտրություններին ընդառաջ «իրավիճակը կարող է առավել տհաճ դառնալ քրիստոնյաների համար», մասնավորապես Հին քաղաքի հրեական թաղամասում կամ Սիոնի վրա:
Օգոստոսի 3-ին իսրայելական, հրեական, նաեւ գերմանական քրիստոնեական լրատվամիջոցներն անդրադարձան շաբաթ կեսգիշերն անց՝ օգոստոսի 2-ին ժամը 1-ին հայկական Սրբոց Հակոբյանց վանքի վրա հարձակմանը՝ թքել են, թակել երկաթյա դարպասը, քարեր նետել հայոց պատրիարքարանի տարածքում: Ոստիկանությունը ահազանգից հետո ձերբակալել է վեց կրոնամոլ հրեայի, որոնցից հինգն անչափահաս են: Կասկածյալներից երեքի համար նախնական կալանք է սահմանվել, երկուսը գրավի դիմաց ազատ են արձակվել: All Israel News- ը օգոստոսի 3-ին անդրադառնալով միջադեպին հղում է անում «տեղացի հայ լրագրող Գեղամ Բալյանի X-ի հարթակում գրառմանը», վերահրապարակում բռնությունը հաստատող տեսանյութը՝ կից մեկնաբանությամբ՝ երբ հանցագործները նկատել են, որ մի կին նկարահանում է, քարեր են նետել նրա պատուհանին, հայհոյել՝ «ներս գնա, պոռնիկ» գոռալով ահաբեկել: Ոստիկանությունն արագ է արձագանքել, գրում է նաեւ վերոնշյալ աղբյուրը եւ հաղորդում, թե ազատ արձակված 3 հրեաների համար Երուսաղեմի Հին քաղաք մտնելու 15 օրյա արգելք է սահմանվել: (Հիշեցնենք, որ Հին քաղաքում, Սիոն լեռան վրա է գտնվում հայկական թաղամասը, որ տարիներ ի վեր եւ հատկապես Կովերի պարտեզի շուրջ առեւտրային գործարքից հետո, ծայրահեղականների համար դարձել է ատելության թիրախ):
Երուսաղեմի դատարանում մնացած երեք բռնարարների համար նախնական կալանքի ժամկետը պահանջել են երկարաձգել: All Israel News- ը ներկայացնում է ոստիկանության հայտարարությունը, թե կառույցը «չափազանց լուրջ է վերաբերվում բռնության եւ ռասիզմի բոլոր ձեւերին, շարունակելու է վճռական գործել՝ մեղավորներին բացահայտելու, նրանց պատասխանատվության ենթարկելու, հասարակական անվտանգությունն ապահովելու համար»:

Ինչպես գրում է վերոհիշյալ աղբյուրը, Իսրայելում ուղղափառ եւ ծայրահեղ ուղղափառ մի շարք առաջնորդներ սկսել են խոսել եւ քննադատել թքելու երեւույթի դեմ: Ավելին, ինչպես նշել ենք մեր հոդվածի սկզբում, ապրիլին արտգործնախարարությունը իսրայելցի արաբ քրիստոնյա Ջորջ Դիքին էլ նշանակել է քրիստնյաների հարցերով հատուկ բանագնաց:
All Israel News- ը գրում է, թե նախագահ Հերցոգը բազմիցս դատապարտել է նման վայրագությունները, նույնիսկ վերջերս անդրադարձել է այդ խնդրին Fox News-ին տված հարցազրույցում: «Մեծ հարգանք ունեմ Սուրբ երկրի քրիստոնեական համայնքների հանդեպ: Խոսում եմ եկեղեցական բոլոր առաջնորդների հետ: Քրիստոնեական համայնքները Իսրայելում գերակայություն են», ասել է Իսրայելի նախագահը՝ հայտնելով, թե ոտնձգությունների դեմ վճռական գործողություններ են ձեռնարկելու:
Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, նաեւ Քնեսեթում հարցի առկախումը, Իսրայելում եւ աշխարհասփյուռ հրեական համայնքներում ուշադրություն են բեվեռել Հայաստանի, հայության խնդիրներին: Երուսաղեմի հայոց պատրիարքության պաշտպանությունը ստանձնած Իսրայել պետության նախագահը, երբ խոստանում է վճռական գործողությամբ՝ եկեղեցու դռանը հարվածող կրոնամոլ հրեային պատժելով հաստատել նախ՝ օրինականությանն իր հավատարմությունը, ապա՝ հարգանքը քրիստոնեական համայնքին, կարող է հետեւել նաեւ, թե Սուրբ Էջմիածնի դռանը հարվածող հայի հանդեպ ի՞նչ պատիժ է սահմանում 301 թվականին քրիստոնեությունը պետականորեն ընդունած Հայաստանը: Պատժվու՞մ են այն խուլիգանները, որ հայ հոգեւորականի, հայոց սրբությունների վրա են հարձակվում, Ամենայն հայոց կաթողիկոսի մորուքը, հանդերձներն էին համարձակվում քաշքշել տարիներ եւ ամիսներ առաջ:
Կեղծ բարեպաշտություն չէ՞, երբ բարենորոգում շղարշի տակ մեղավոր մահկանացուները, Մարդու եւ Հայոց եկեղեցու գահակալի անմեղության կանխավարկածը, սուրբ Մյուռոնով օծյալ լինելը մոռացած՝ նոր խաչյալ են գտել: Քրիստոսը սա կների՞:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարներում՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանք
