Դժվար է ղեկավար լինելը, երբ քեզ չեն հարգում

Թրամփը՝ մեկ մարդ, որն ավեր է սփռում ու քաոս ստեղծում
Արտասահմանյան մամուլի առավել ուշագրավ հրապարակումների թարգմանության ռուսական ԻնոՍՄԻ կայքը նման վերնագրերով ներկայացրել է բրիտանական «Գարդիան» պարբերականի հուլիսյան մի հոդված այն մասին, թե իրանյան արկածախնդրությունը ԱՄՆ-ին զրկում է հեղինակությունից ու ազդեցությունից: Պահպանված որոշ դադարից հետո ռմբակոծությունների վերսկսումը, ըստ այդմ, ցույց է տալիս, որ նախագահը ԱՄՆ-ին ներքաշել է անվերջանալի արկածախնդրության, իսկ մնացած ամբողջ աշխարհը՝ տնտեսական ճգնաժամի մեջ:
«Դոնալդ Թրամփը խնդիրների մեջ է խրվել Իրանում՝ անզոր եւ շփոթված,- գրում է հոդվածի հեղինակը:- Իր իսկ սանձազերծած պատերազմից դուրս գալու ոչ մի ելք չի երեւում: Ամերիկացի զինվորականները նորից հարվածներ են հասցնում այդ երկրին, եւ ավելի ու ավելի հաճախ՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինչպես եւ նախկինում, այս անօրինական կոտորածը միայն կոփում է իր քաղաքացիների տառապանքների նկատմամբ անտարբեր ռեժիմը: Քանի՞ անգամ են Թրամփը եւ Պենտագոնի «ոսկորների տիրակալ» Փիթ Հեգսեթը տոնել կարծեցյալ հաղթանակը: Այդ շաբաթ նախագահը հայտարարեց, թե «խոշոր հաղթանակ» է տանում: Ոչ ոք նրան չի հավատում: Սրան հետեւող աշխարհը, արդեն հաշվարկելով պարսկաստանյան արկածախնդրության պատճառած հսկայական մարդկային եւ տնտեսական կորուստները, կարող է միայն ծաղրել ամերիկյան անզորությունը»:
Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, որը փակվել էր Թրամփի ռազմատենչ քաղաքականության պատճառով, դարձել է Սպիտակ տան համար սահմանափակ եւ գրեթե անհասանելի նպատակ, ասվում է հոդվածում: Ամերիկա-իսրայելական արշավի ավելի լայն նպատակները՝ Իրանի միջուկային ծրագրի վերացում, տարածաշրջանային պրոքսի-խմբավորումների տապալում, վարչակազմի փոփոխություն, այսօր պակաս իրագործելի են, քան երբեւէ: Ամերիկյան զինվորականներն անզոր են ոչ թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, այլ Թրամփի երկչոտ ղեկավարման պատճառով: Եթե Իրանն իսկապես ներկայացնում է այն գոյութենական սպառնալիքը, որ պնդում է նախագահը, տրամաբանական քայլը կլիներ լայնածավալ ներխուժումը: Երբ Ջորջ Բուշ կրտսերը կարծեց, որ Իրաքը անընդունելի վտանգ է ներկայացնում, նա ներխուժեց 170 հազար զինվորով: Դա աղետ էր: Բայց Բուշը գոնե ուներ այդ քաջությունը: Թրամփն իր «ոսկրային խթաններով» չի համարձակվի նման բան անել Իրանում, եւ դրա համար աշխարհն, անկասկած, պետք է շնորհակալ լինի: Բայց նա նաեւ հրաժարվում է ընդունել իր սխալը՝ անխոհեմ պատերազմ սկսելը, որին չի կարող վերջ դնել: Նա նախընտրում է անվերջանալի եւ անհեռանկար հյուծող պատերազմում վտանգի ենթարկել քաղաքացիական անձանց ու զինվորականներին, հարվածի ենթարկել Պարսից ծոցի արաբ դաշնակիցներին, վնաս պատճառել համաշխարհային տնտեսությանը, առաջացնել աղետալի սով զարգացող երկրներում, խաթարել միջազգային իրավունքը եւ ոչնչացնել Հանրապետական կուսակցության ընտրական հեռանկարները, միայն թե չընդունի սեփական սխալը եւ չփնտրի դիվանագիտական լուծում փակուղի մտած «խաղաղության բանակցությունների» միջոցով:
Աշխարհի ամենամեծ թշնամին, նկատում է հոդվածագիրը, Իրանը չէ, այլ Դոնալդ Թրամփի ինքնասիրահարվածությունը: Հենց նա է հիմնական պատճառը, որ այս պատերազմը կրկին դուրս է գալիս վերահսկողությունից: Նա զանգվածային ոչնչացման զենք է՝ ի դեմս մեկ անձի:
Այս ամենը, ինչպես նշվում է, արդեն տեղի է ունեցել: Թրամփը պատերազմ է սկսել առանց Կոնգրեսի հաստատման, առանց իր դաշնակիցների աջակցության, առանց ամերիկյան ժողովրդի համաձայնության: Նա ո՛չ հստակ ծրագիր ուներ, ո՛չ էլ երկարաժամկետ ռազմավարություն: Նա հավատ էր ընծայել արագ հաղթանակի կասկածելի խոստումներին՝ նույնքան կասկածելի Իսրայելի վարչապետի կողմից: Փորձագիտական գնահատականները, որոնք, ըստ լուրերի, նա անտեսել էր, չէին սասանել ռազմական եւ տարածաշրջանային ռիսկերից նրա խոր անտեղյակությունը: Ապշեցուցիչ է, բայց Թրամփը սպասում էր, որ Իրանը կհանձնվի նեղուցի փակվելուց առաջ եւ «ցնցվել էր» Պարսից ծոցի ամերիկյան բազաների վրա պատասխան հարվածներից: Այժմ նա լիակատար շփոթմունք է ապրում:
Թրամփի պարադոքսը, համաձայն հրապարակման եզրակացության, խնդիր է, որը ամերիկացի ժողովուրդը պետք է լուծի: Հենց ամերիկացիներն են նրան ընտրել: Հենց նրանք են աշխարհին պարտադրել այս վտանգավոր անձը (մենք բառը մեղմեցինք – Գ. Մ.): Եվ հենց նրանք են, հավանաբար, վճարելու նրա կործանարար քաղաքականության ամենաբարձր գինը:
«Ինչպես եւ Թոմաս Ջեֆերսոնն ու Հիմնադիր հայրերը 1776 թվականին,- ասում է հոդվածագիրը,- մենք՝ աշխարհի ժողովուրդը, ինքնին ակնհայտ ենք համարում հետեւյալ ճշմարտությունները. Թրամփը Ամերիկան չի դարձնում մեծ, նա այն դարձնում է պակաս նշանակալի, ավելի մանրոգի, դժբախտ, մասնատված, մեկուսացված եւ չսիրված: Շտապ հարկավոր է Թրամփից անկախության 2026 թվականի հռչակագիր»:
Ի դեպ, բրիտանական «Ֆայնենշըլ թայմս»-ն էլ ամսույս սկզբին, հղում անելով իր աղբյուրներին, նկատել է, թե այս հակամարտության մեջ Իրանը խլել է նախաձեռնությունը եւ Վաշինգտոնին ստիպում է կռվել Թեհրանի պարտադրած տեմպով: Միջազգային հարաբերությունների գծով Եվրոպական միության վերլուծաբան Էլլի Գերամայեի կարծիքով, որը բերում է լրատվամիջոցը, Իրանը գիտակցել է թշնամու հետ լայնածավալ ռազմական գործողությունների վերադառնալու անխուսափելիությունը: Այդ պատճառով, հավելել է նա, Թեհրանը բացահայտ ցուցադրում է իր կարողությունները՝ ազդանշան հղելով, որ «չնայած ԱՄՆ-ը եւ Իսրայելը սկսեցին այս պատերազմը, նրանք չեն լինի որոշող կողմը, թե այն ինչպես կավարտվի»:
Գ. Մ.
