Արմեն Ակոբ. Շոշափելով անտեսանելին Վենետիկի բիենալեում

ԵՐԵՎԱՆ-ՊԻԵՏՐԱՍԱՆՏԱ, Իտալիա – Արմեն Ակոբը (Արմեն Կրպոյան, ծնված Կահիրեում, 1969-ին) տասներեք տարեկանից նկարչություն է ուսանել նկարիչ Սիմոն Շահրիկյանի մոտ: Հետագայում քանդակագործություն է սովորել Կահիրեի Հելուանի համալսարանի գեղարվեստի բաժնում: Ավարտելուց հետո երեք տարի քանդակագործություն է դասավանդել նույն համալսարանում: 1997-2000 թթ. մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Եգիպտոսում, Քաթարում, Իտալիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, 1998-ին արժանացել է «Աշնանային սալոնի» քանդակի մրցանակին: 2000 թվականին ստացել է Եգիպտոսի հեղինակավոր «Հռոմի մրցանակ» պետական պարգեւը՝ գեղարվեստական ստեղծագործության համար:
Արմեն Ակոբը հայտնի է վերացական քանդակագործության ասկետիկ մոտեցմամբ՝ հիմնականում օգտագործելով սեւ գրանիտ եւ բազալտ: Միջազգային ճանաչում է ձեռք բերել խոհահայեցողական քանդակներով եւ գեղանկարչական շարքերով, ինչպիսիք են «Հպում», «Սուֆջիկջ» եւ «ՄԱՆՏՐԱ»: Նրա ստեղծագործությունները պահվում են այնպիսի հեղինակավոր հավաքածուներում, ինչպիսիք են Եգիպտոսի Ժամանակակից արվեստի թանգարանը, «Մաթհաֆ» ժամանակակից արվեստի արաբական թանգարանը եւ Բարջիլ արվեստի հիմնադրամը:
Արմեն Ակոբի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նրա կայքէջից՝ https://www.armenagop.com
–Արմե՛ն, կա տեսակետ, որ դասական քարե քանդակագործությունն այսօր աշխարհում որոշակի ճգնաժամ է ապրում: Համաձա՞յն եք:
-Ես այդպես չեմ կարծում: Այո՛, կա մի սերունդ, որը, հայեցակարգային արվեստի ազդեցության հետեւանքով հեռացել է ստեղծագործելու բուն գործընթացից եւ կտրվել նյութից: Սակայն ես միշտ հավատացել եմ, որ դա չի կարող երկար շարունակվել. մենք չենք կարող երեխաներին արգելել հաճույք ստանալ նկարելուց, ուստի սպասում էի փոփոխության: Հիմա արդեն տեսնում եմ, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում, գուցե նույնիսկ հակառակ ծայրահեղ ուղղությամբ, երբ սկսում են երեւալ արհեստագործական վարպետության վրա հիմնված, երբեմն նույնիսկ՝ չափազանցված ստեղծագործություններ:
–Իտալիան շարունակում է մնալ աշխարհի քանդակագործության գլխավոր կենտրոններից մեկը, եւ հաճախ դժվար է պատկերացնել, որ ոչ իտալացի քանդակագործները կարող են այնտեղ մեծ ճանաչման հասնել: Ձեր կարծիքով, ի՞նչ նոր հայացք եք բերում ժամանակակից իտալական քանդակագործությանը:
-Կցանկանայի հստակեցնել, որ թեեւ ավարտել եմ քանդակագործության բաժինը եւ ստեղծագործական գործունեությանս առաջին տարիներին առավելապես հայտնի էի որպես քանդակագործ, ես միշտ զբաղվել եմ նաեւ գեղանկարչությամբ եւ գծանկարչությամբ: Վերջին ինը տարիներին ցուցահանդեսներում քանդակների հետ մեկտեղ ներկայացրել եմ գեղանկարներ, իրականում՝ նույնիսկ ավելի շատ նկարներ, քան քանդակներ: Իմ ցուցահանդեսներն ավելի շատ բազմամասնագիտական բնույթի են: Բացի այդ, իմ գործունեությունը միայն Իտալիայով չի սահմանափակվում. կարելի է ասել՝ արտերկրում ավելի հաճախ եմ ներկայանում:

Եթե ավելի լայն դիտարկենք, ապա իտալական արվեստի միջավայրը միջազգային է: Ժամանակակից արվեստում իրենց ուժեղ ներկայությունն ունեն բազմաթիվ արվեստագետներ, ինչպիսիք են Միտորջոյը, Կունելիսը եւ Մեդհաթ Շաֆիկը: Իտալացիները շատ հետաքրքրասեր են եւ բաց՝ տարբեր մշակույթների նկատմամբ: Գուցե միշտ պատրաստ չեն անմիջապես ընդունելու դրանք, բայց, անկասկած, պատրաստ են ծանոթանալու: Ինձ համար հաճելի անակնկալ էր, երբ հրավիրվեցի մասնակցելու մի նախագծի, որի շրջանակում տեղացիները քվեարկությամբ պետք է ընտրեին, թե ինչ ստեղծագործություն պիտի իրականացվի իրենց երկաթուղային կայարանի հարակից տարածքում: Իմ քանդակային շատրվանը հաղթեց եւ արժանացավ Մաստրոյանիի մրցանակին: Իտալիայի՝ շատրվանների ստեղծման դարավոր ավանդույթն իմանալով՝ չէի սպասում, որ նրանք կարող են այդքան բաց եւ հետաքրքրված լինել իմ ժամանակակից, խոհահայեցողական ստեղծագործությամբ:
– Այս տարի դուք ներկայացնում եք Եգիպտոսը Վենետիկի բիենալեում: Ո՞րն է ձեր մոտեցումը եւ ի՞նչ հիմնական գաղափար է ընկած ներկայացման հիմքում:
– Իմ մոտեցումն է շարունակել աշխատել նույն կերպ՝ անկախ միջոցառման հսկայական մասշտաբից:
Այցելուներին խնդրում ենք լռություն պահպանել եւ տաղավարում չլուսանկարել ու չօգտվել բջջային հեռախոսներից: Տաղավարը կոչվում է «Լռության տաղավար. Շոշափելիի եւ անշոշափելիի միջեւ»: Ես հավատում եմ, որ լռությունը կարող է մարդկանց հնարավորություն տալ վերամիավորվելու սեփական անձի հետ: Լռությունը կարող է օգնել՝ ճանապարհ բացել դեպի մարդու ներքին ձայնը:
Տաղավարն ունի երեք տարածք, որոնց առանցքում մարդու ներաշխարհ տանող ուղիներն են: Առաջին տարածքում քանդակի եւ գեղանկարչության միջոցով այցելուն հրավիրվում է հաղորդակցվելու անշոշափելիին: Երկրորդ սրահում հանդիսատեսին առաջարկում ենք դիպչել գրանիտե քանդակին: Քանի որ գրանիտը գալիս է Երկրի խորքերից, այս հրավերը նշանակում է հաղորդակցվել Երկրի միջուկի հետ, ինչը, կարծում եմ, կարող է մեզ օգնել կապ հաստատել նաեւ մեր սեփական էության միջուկի հետ:

Վերջին սրահը հրավիրում է դիտելու անտեսանելին եւ մեծադիր կտավի ու քանդակի միջոցով ապրելու խորհրդահայեցողական փորձառություն: Նկարը ստեղծված է մեդիտատիվ գործընթացի միջոցով, որի ընթացքում ամենաբարակ գրչածայրով կտավի վրա կետեր են դրվում՝ յուրատեսակ «ժեստային մանտրայի» ձեւով: Ժամանակի ընթացքում կետերի կուտակումը խավարից ծնում է լուսարձակություն: Այսպիսով, նկարը դառնում է ժամանակի նյութականացում՝ «ժեստային մանտրայի» ծիսական կրկնության միջոցով: Հուսով եմ, որ այս ստեղծագործությունները կօգնեն այցելուներին վերամիավորվել իրենք իրենց հետ, իսկ երբ դա տեղի է ունենում, մարդը միավորվում է ամբողջ տիեզերքի հետ, եւ դա դառնում է տիեզերական իրադարձություն:
«Լռության տաղավարում» կան նաեւ ձայնային ստեղծագործություն եւ բույրի տարածում, որոնք ուղեկցում են վերջին սրահի նկարին եւ քանդակին՝ ստեղծելով ամբողջական, խորասուզող փորձառություն:
–Դուք շրջանառության մեջ եք դրել «անդրժամանակակից» (Transcontemporary) եզրը՝ նկարագրելու արվեստի մի հայեցակարգ, որի նպատակն է ստեղծել այնպիսի գործեր, որոնք սահմանափակված չեն որեւէ մշակութային համատեքստով: Այնուամենայնիվ, դուք կամ արվեստաբանները ձեր ստեղծագործություններում տեսնո՞ւմ եք առանձնահատուկ եգիպտական կամ հայկական տարրեր:
-«Անդրժամանակակից» հասկացությունն առաջացել է այն համոզմունքից, որ արվեստի եւ մարդկայնության հիմնարար արժեքները միշտ գոյություն են ունեցել մարդկության ողջ պատմության ընթացքում: Ես չեմ կարծում, թե քարանձավային արվեստն ինձնից ավելի հեռու է, քան որեւէ ժամանակակից ստեղծագործություն: Իսկ ինչո՞ւ պետք է այդպես լինի: Ցանկացած իսկական, ազնվորեն ստեղծված արվեստի գործ իր մեջ կրում է մարդկային փորձառություն եւ ճառագում է այնպիսի էներգիա, որը կարող է ներքուստ ընկալվել այլ մարդկանց կողմից: Երբ արվեստի գործ եմ դիտում, չեմ մտածում՝ այն նոր է, թե՞ հին: Այն կա՛մ հուզում է ինձ, կա՛մ՝ ոչ: Մնացած բոլոր պատմությունները, որոնք հյուսվում են դրա շուրջ, ինձ համար էական չեն:
Մեծանալով Եգիպտոսում եւ շրջապատված լինելով հնագույն քանդակներով, որոնք փոխանցում էին իրենց ներքին էներգիան, ես զգում էի հպարտություն, արժանապատվություն եւ սրբություն: Դա ինձ ստիպում էր մտածել, թե ինչպես է հնարավոր այդ էներգիան զգալ հազարամյակներ անց: Սա նշանակում է, որ որոշ արժեքներ հավերժական են՝ ճիշտ այնպես, ինչպես նյութը: Սովորաբար խոսում են այն մասին, որ գրանիտը դիմանում է ժամանակին, սակայն ոչ միայն դա. այդ սրբությունը, այդ ներքին էներգիան նույնպես դիմանում է ժամանակին:
– Սփյուռքահայ յուրաքանչյուր ընտանիք ունի իր հետաքրքրական եւ հաճախ՝ ողբերգական պատմությունը: Ո՞րն է ձե՛ր ընտանիքի պատմությունը:
– Իմ պապը Մուսա լեռից էր, նրա եղբայրը Մուսա լեռան ինքնապաշտպանության ղեկավարներից էր, որի մասին պատմվում է Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում: Երբ նրանք փախչում էին, նրանց օգնության է հասել ֆրանսիական մի նավ: Դրա ղեկավար գնդապետը չի սպասել պաշտոնական թույլտվության եւ անմիջապես նավ է ուղարկել՝ հայերին փրկելու: Նավը հասել է Եգիպտոսի Պորտ Սայիդ քաղաքը: Իմ պապը մնացել է Եգիպտոսում եւ այնտեղ ստեղծել իր կյանքը, իսկ նրա եղբայրը տեղափոխվել է Լիբանան:
–Արտերկրում ցուցահանդեսներ կազմակերպելը մեծ ծախսեր է պահանջում: Այնուամենայնիվ, կարծո՞ւմ եք, որ մի օր Հայաստանում եւս կտեսնենք ձեր անհատական ցուցահանդեսը:
-Անպայմա՛ն, եւ հույս ունեմ՝ շատ շուտով: Երբ երիտասարդ էի, արվեստի մասին իմ առաջին գրքերից մեկը Հայաստանի ազգային պատկերասրահի պատկերագիրքն էր: Այնտեղ ցուցադրվելն իմ երազանքներից մեկն է, իսկ իմ շատ երազանքներ արդեն իրականություն են դարձել…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Լուսանկարներում՝ Արմեն Ակոբ, Եգիպտոսի տաղավար, Վենետիկի բիենալե, 2026 (լուսանկարները՝ Մատեո Լոսուրդոյի)
