Ուրբաթ, 21 Օգոստոս, 2026

«Ամեն վայրկյան մենք խաչում ենք մի լավ բան, որ բարիք կարող էր բերել». Հարություն Թոփիկյանի ծննդյան 75-ամյակը նշվեց երգչախմբային համերգով

  ԱԶԳ

Երեւանի պետական կամերային երգչախմբի համերգն սկսվեց ճանաչված խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի թեւավոր խոսքերով, որ հնչեցին էկրանից՝ իր կենդանի ձայնով: Այդ համառոտ մտքերով, ասես, ամփոփվում էին իր համոզմունքները, հավատամքը, մարդկանց, աշխարհի եւ Աստծո հանդեպ իր վերաբերմունքը, եւ ամենում գերակայում էին սերը, հավատարմությունը, լավատեսությունը: Դրանք իր մտածումներն էին կյանքի, աստվածայինի, կյանքում իր կոչման մասին: Տպավորվեց հատկապես իր մի միտքը. կյանքի հանդեպ իր մոտեցման մասին էր այս ձեւակերպումը, որ հնչեց՝ որպես հավատամք: Ափսոսանք կար նրա խոսքում, երբ ասում էր. «Ամեն վայրկյան, ցավոք, մենք խաչում ենք մի լավ բան, որ բարիք կարող էր բերել»: Իր ստեղծագործական ճանապարհը մեծապես կապված էր եղել հոգեւոր երաժշտության հետ. ղեկավարել էր եկեղեցական տարբեր երգչախմբեր, եւ հավանաբար իր շնորհն էր համոզիչ հանգամանքը եղել, որ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսական հովանավորությամբ նախորդ դարի 90-ական թվականների կեսերին հիմնել էր Երեւանի կամերային երգչախումբը: Առիթը կոմիտասյան բոլոր խմբերգերը կատարելն ու ձայնագրելն էր, ինչն էլ հաջողությամբ իրագործեց, եւ սա էլ խմբի հետագա տասնամյակների անընդմեջ ստեղծագործական ուղու սկիզբը դարձավ: Այդ մասին էր երաժշտագետ Օլյա Նուրիջանյանի վերլուծական խոսքը, որում մինչ բուն համերգը սկսվելը բավական հանգամանալից ներկայացվեց խմբավարի կյանքն ու ստեղծագործական անցած ուղին. «Հ. Թոփիկյանի գործունեությունը բեւեռների եւ անհավանական խաչմերուկները միավորելու մի գեղեցիկ օրինակ էր: Նրա անցած ճանապարհը հոգեւորն ու աշխարհիկը, պրոֆեսիոնալն ու ժողովրդականը, սիրողականն ու երաժշտական կրթության ուղիները, երաժշտության ամենատարբեր ուղղությունները՝ ակադեմիական, ջազ, ժողովրդական,- այս ամենը միավորելու տաղանդ ունեցող մարդու կենսագրություն է»:

Երեւանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր խմբավարի անժամանակ մահից հետո երգչախմբի գեղարվեստական խմբավարությունը վստահվել է Քրիստինա Ոսկանյանին: Վերջինիս ղեկավարությամբ երգչախումբը, պահպանելով թոփիկյանական մտածողության եւ խմբավարական արվեստի ավանդույթները, հանդես է գալիս նոր, թարմ ծրագրերով՝ մշտապես ընդլանելով իր երկացանկը նոր երաժշտական երկերով: 2026 թ. ամառնամիջի համերգի ծրագիրը կազմված էր Հ. Թոփիկյանի ամենից սիրած երկերի ընտրանուց, եւ համերգային երեկոն (ինչը ենթադրելի էր եւ հանդիսականի կողմից՝ ակնկալվող) մեկնարկեց կոմիտասյան երգերի մի սիրուն  փնջանքով:

Համերգի հետագա ընթացքին հնչեցին Էդգար Հովհաննիսյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երկանյանի եւ Տիգրան Մանսուրյանի խմբերգերը: Էդ. Հովհաննիսյանի ստեղծագործություններից, հիմնականում, ընտրված էին ժողովրդական երգերի հենքի վրա ստեղծված երաժշտական հոգեզմայլ կառույցներ: Մ. Վարդազարանի «Մագաղաթները» հայոց գրին ու գրչությանը երաժշտական ընծայում է, որը թերեւս, Երեւանի «Մատենադարանի» ոչ պաշտոնական հիմներգը պետք է համարել: Մյուս հեղինակների երկերը հայ պոեզիայի երաժշտական անկրկնելի ընթերցումներ էին:

Ընտրվել էր Երվանդ Երկանյանի ստեղծագործության գոհարներից մեկը՝ «Նավզիկեն»: Կատարյալ կառույցով եւ հնչողությամբ, կոմպոզիցիոն անթերի, մեղեդիական անկրկնելի հնարանքով այս փոքրածավալ երաժշտական երկն իր խորքայնությամբ, զգացմունքի եւ մտքի միահյուս պարփակումով, գեղեցկությամբ կարող է մրցել շատ ու շատ մեծածավալ ստեղծագործությունների հետ: Չարենցյան տողի զորությանը համահավասար երաժշտական մարմնավորումը, առանց չափազանցության, Երվանդ Երկանյանի ստեղծած գոհարեղեն ոգորումներից մեկն է:

«Նայադների՛ նման, նայադների՛ նման,

Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,

Խոստանալով սիրո անհատնելի հմայք

Եվ թողնելով մորմոք ու կորստի կսկիծ:

Մանկությունից անդարձ՝ իմ օրերում անցած,

Տարիներիս կարմիր ավազի մեջ,

Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած՝

Ինձ սպասում է իմ Նավզիկեն…»:

Մաեստրո Ե. Երկանյանը, ի հիշատակ իր ընկերոջ եւ համագործակցի, համերգի նախօրեին այս գրառումն էր արել. «Այսօր մենք ընկերներով պիտի հավաքվեինք՝ նշելու իր 75-ամյակը: Նա առույգ էր, աշխույժ, մշտապես լծված իր սիրած գործին, շրջապատված հարազատ մարդկանցով, շարունակ մտածում էր նոր անելիքների մասին… Իրեն խնայել չգիտեր: Բայց եկավ անսպասելին… Դառնաղետ «քովիդի» առաջին զոհերից եղավ տակավին 70-ը չբոլորած Մաեստրոն, գործի թունդ պահին, երբ ինքը պատնեշի վրա էր, զբաղված իր նոր ձայնագրություններով: Այդ ձայնագրություններն էլ կհավերժացնեն իր անունը՝ որպես իր ժամանակի խոշոր արվեստագետի, երբ մենք էլ այլեւս չենք լինի, որպեսզի հիշենք ու պատմենք իր մասին: Այդ մասին գալիք սերունդներին կպատմեն եւ կհիշեցնեն իր թողած գործերը, թե ո՛վ է եղել Կոմիտասի եւ Կանաչյանի ամբողջական գործերի առաջին կատարող եւ ձայնագրող, հայ կոմպոզիտորների բազմաթիվ նոր գործերի ոգեշնչողն ու մեկնաբանը` Հարություն Թոփիկյանը»:

Համերգն ամփոփվեց Տ. Մանսուրյանի  Ars Poetica  տասմասանի ստեղծագործության մի քանի խմբերգերի կատարումով:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ