Ուրբաթ, 21 Օգոստոս, 2026

Տակահիրո Ակիբա. Կոմիտասով բաբախող ճապոնական սիրտը

  Արծվի Բախչինյան

ԵՐԵՎԱՆ-ՆԱԳԱՆՈ, Ճապոնիա – Ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան (ծնվ. 1984, Յոկոհամա) հայկական եւ ռուսական դասական երաժշտության առաջատար մեկնաբաններից է Ճապոնիայում: Գերազանցությամբ ավարտել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժինը, ստացել երաժշտական արվեստների դոկտորի աստիճան՝ իր հետազոտությունը նվիրելով ռուս ականավոր դաշնակահար եւ կոմպոզիտոր Սամուիլ Ֆեյնբերգին: Ուսանել է նաեւ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Միխայիլ Օլենեւի ղեկավարությամբ, կատարելագործվել Վիկտոր Բունինի եւ Անահիտ Ներսիսյանի մոտ:

2013 թվականին Գերմանիայում կայացած Կոմիտասի անվան երաժշտական երկրորդ միջազգային մրցույթում Ակիբան արժանացել է առաջին մրցանակին: Հայ երաժշտության տարածման գործում ունեցած բացառիկ ավանդի համար 2015 թվականին պարգեւատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության, իսկ 2021-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ոսկե մեդալներով:

Հայ մշակույթի հանդեպ խոր նվիրվածությունից մղված՝ Ակիբան հիմնել է Ճապոնիայի «Կոմիտաս» հայկական երաժշտական ընկերությունը (հայտնի նաեւ որպես Տոկիոյի «Կոմիտաս» կենտրոն), որի միջոցով կազմակերպել է համերգներ, կրթական ծրագրեր եւ մշակութային փոխանակումներ՝ նվիրված Կոմիտասին եւ նրա ստեղծագործական ժառանգությամբ ներշնչված հայ կոմպոզիտորների երաժշտությանը: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Ճապոնիայում, Հայաստանում, Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում՝ համագործակցելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների հետ, որոնց մեջ են սոպրանո Արաքս Մանսուրյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, Կոմիտաս լարային քառյակըեւ ուրիշներ: Համերգային գործունեությանը զուգահեռ Ակիբան ակտիվ մանկավարժական գործունեություն է ծավալում: Այժմ Աիչիի արվեստների համալսարանի դաշնամուրի ամբիոնի դոցենտ է: Նրա պաշտոնական կայքն է՝ www.takahiroakiba.com:

Սիրելի՛ Տակահիրո-սան, կարծում եմ՝ ձեզ հաճախ են տալիս այս հարցը. ինչո՞ւ հենց Կոմիտաս:

-Կոմիտասն այն անձն է, որը երաժշտության միջոցով ամենամաքուր կերպով բացահայտեց հայկական ազգային ինքնությունը: Անգամ համաշխարհային մասշտաբով հեշտ չէ գտնել մեկ այլ երաժիշտի, որը նման խորաթափանց, անսահման մաքուր նվիրումով կարողացել է զտել իր ժողովրդի հոգեւոր կյանքի՝ դարերով կուտակված հսկայական էներգիան, այն վերածել խորհրդավոր ազդեցություն ունեցող նոտաների եւ հնչող երաժշտության (թեեւ համաշխարհային երաժշտության պատմության մեջ կան մի քանի երեւութաբար նման օրինակներ): Կոմիտասն իր ժամանակից առաջ հայ երաժշտության վրա կուտակված խիտ, բազմազգ շերտերը խնամքով մաքրել է եւ երաժշտության զորությամբ մշակեց իր երաժշտական հայրենիքը՝ ստեղծելով մի տարածք, որի մեջ ոչ ոք եւ ոչինչ չի կարող ներխուժել: Որպես պատերազմների եւ ներխուժումների քաոսի մեջ գտնվող այս աշխարհի բնակիչներից մեկը՝ ես փրկություն եմ գտնում Կոմիտասի կառուցած մարդկային ինքնության՝ բացարձակապես անձեռնմխելիության այս ներքին ներդաշնակության զգացողության մեջ:

Ավելի քան տասը տարի է, ինչ դուք Կոմիտասի երաժշտությունը ներկայացնում եք տարբեր երկրների ունկնդիրներին: Ինչպե՞ս կբնութագրեք նրա երաժշտությունը եւ ընդհանրապես հայ երաժշտությունը: Այն ավելի մոտ է Արեւելյան Եվրոպայի՞ն, Արեւմտյան Ասիայի՞ն, երկուսի միջե՞ւ է, թե՞, հայոց այբուբենի պես, դուրս է նման դասակարգումներից:

-Կոմիտասի երաժշտական ժառանգությունը նման է ծառից դեռեւս չքաղված թարմ պտուղների: Հայ երաժշտության հսկաները՝ Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Տիգրան Մանսուրյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ նշանավոր ժամանակակից երաժիշտներ, իսկապես սնվել են «Կոմիտասի ծառի պտուղներից»՝ այդ հոգեւոր սնուցման շնորհիվ գտնելով իրենց սեփական, ինքնատիպ երաժշտական լեզուն:

Իհարկե, հայ երաժշտության վրա ակնհայտ են նաեւ ռուսական եւ խորհրդային երաժշտական արվեստի ազդեցությունները: Օրինակ, Չայկովսկու երաժշտական դրամատուրգիայի մեծ ազդեցությունը Խաչատրյանի բալետների վրա կամ Ռախմանինովի արվեստի ազդեցությունը Բաբաջանյանի եւ Էդուարդ Բաղդասարյանի դաշնամուրային մտածողության վրա: Նույնքան հետաքրքրական է հետեւել, թե ինչպես է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական ճանապարհին արեւմտյան ավանգարդի եւ հայ ոգու խոր փոխազդեցությունից աստիճանաբար բյուրեղացել այն յուրօրինակ երաժշտական լեզուն, որը հիմնված է մաքուր հայկական պոեզիայի վրա:

Անցյալ հունիսի 11-ին Երեւանում կայացած ձեր համերգից հետո ընկերներիցս մեկը սոցիալական ցանցում գրել էր. «Կատարում, որ հոգուդ լարերին է դիպչում, լիցքավորում է քեզ: Շատ օտարազգի երաժիշտներ, երբ գալիս են Հայաստան, փորձում են հաճոյանալ հանդիսատեսին եւ որեւէ հայ կոմպոզիտորի գործ նվագել (այո, նվագել, բայց ո՛չ կատարել, ո՛չ զգալ, ո՛չ միջով անցկացնել), բայց այս ճապոնացի դաշնակահարը՝ Տակահիրո Ակիբան, զգում եւ ապրում է հայ երաժշտության ամեն հնչյունն ու փոխանցում է մեզ»:

Ես լիովին համաձայն եմ նրա հետ: Ինչպե՞ս է ձեր մեջ ձեւավորվել հայ երաժշտության հետ այսքան խորը զգացական եւ ստեղծագործական կապը:

-Սրտանց շնորհակալ եմ ձեզ եւ ձեր ընկերոջը նման ջերմ խոսքերի համար: Սակայն ես երբեք գիտակցաբար չեմ մտածել, թե ինչպե՛ս է ձեւավորվել այդ կապը: Ես պարզապես ամեն ինչ անում եմ, որպեսզի հնարավորինս ճշգրիտ լսեմ եւ արտահայտեմ այն, ինչ ինձ ասում են նոտաները՝ կոմպոզիտորի մտադրությունը հասկանալու միակ իրական միջոցը, եւ այդ ամենն իմ գործիքի միջոցով հնարավորինս հստակ հասցնեմ ունկնդրին:

Ձախից աջ՝ Տակահիրո Ակիբան երգիչներ Տոշիկի Օհնոյի, Էմի Մացուբարայի եւ Տաթևիկ Մովսեսյանի հետ Լյութերական Իչիգայա դահլիճում (Տոկիո, 2019):

Մի քանի տասնամյակ առաջ Ճապոնիայում արդեն շատ հայտնի եւ սիրված էր Արամ Խաչատրյանը: Կարելի՞ է ասել, որ նաեւ ձեր գործունեության շնորհիվ Կոմիտասն ու ընդհանրապես հայ երաժշտությունն աստիճանաբար ավելի ճանաչելի են դառնում ճապոնացի ունկնդիրների համար:

-Արամ Խաչատրյանի երաժշտությունն այսօր էլ շարունակում է անչափ սիրված լինել Ճապոնիայում: Ինչ վերաբերում է Կոմիտասին, ապա, իհարկե, դեռ վաղ է ասել, թե նա Ճապոնիայում նույնքան հայտնի է, որքան Խաչատրյանը: Սակայն բազմաթիվ ճապոնացի ունկնդիրներ հիացել եւ խորապես հուզվել են Կոմիտասի երգերի գեղեցկությամբ, հատկապես Հայաստանի մեծագույն սոպրանոներից մեկի՝ Արաքս Մանսուրյանի ճապոնական համերգաշարերի շնորհիվ, որոնք կազմակերպել էինք մենք՝ Հայաստանի դեսպանությունը եւ ես:

Բացի այդ, հայ երաժշտությունը կարեւոր տեղ է զբաղեցրել բազմաթիվ հայ կատարողների համերգային ծրագրերում: Առաջին հերթին կցանկանայի նշել իմ սիրելի ուսուցչուհի Անահիտ Ներսիսյանին, ինչպես նաեւ Սվետլանա Նավասարդյանին, «Խաչատրյան տրիոյին», Կոմիտասի անվան լարային քառյակին, Տաթեւիկ Մովսեսյանին եւ Սերգեյ Խաչատրյանին, որոնց կատարումները խորապես տպավորել են ճապոնացի ունկնդիրներին:

Իմ բազմաթիվ ուսանողներն ու սաներն էլ շարունակում են կատարել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հատկապես կուզեի առանձնացնել տաղանդավոր տենոր Տոշիկի Օնոյին (նա նաեւ չորս տարի սովորել է իմ դաշնամուրի դասարանում), որը Կոմիտասի երգերը հրաշալիորեն կատարում է հայերեն: Մի քանի տարի առաջ սոցիալական ցանցերում հրապարակված նրա՝ Կոմիտասի «Լե, լե, յաման»-ի կատարումը հսկայական թվով դիտումներ հավաքեց եւ բարձր գնահատականի արժանացավ հայ մասնագետների կողմից:

Կոմիտասը հավաքեց, պահպանեց եւ ժողովրդական երգերը վերածեց բարձրարվեստ ստեղծագործությունների: Որպես կատարող՝ ինչպե՞ս եք հավասարակշռում նոտագրությանը հավատարիմ մնալը եւ սեփական ստեղծագործական մեկնաբանությունը դրսեւորելը: Եվ կա՞ Կոմիտասի որեւէ ստեղծագործություն, որն առանձնապես հոգեհարազատ է դարձել ձեզ:

-Ինչպես բազմաթիվ մեծ երաժիշտներ են նշել, նոտագրությունը երբեք չի կարող ամբողջությամբ փոխանցել կենդանի ռիթմի ճշգրտությունը կամ երաժշտական արտահայտման ընթացքում անխուսափելիորեն առաջացող բնական շեղումները: Իրականում հենց այդ «չգրված հատվածներում» են թաքնված տարբեր ժողովուրդների ավանդական երաժշտությունը բնիկի պես զգալու եւ արտահայտելու բանալիները:

Իմ դեպքում այդ բացը լրացնելու լավագույն միջոցը հայ ավանդական երաժշտության իսկական կատարումները լսելն է, ինչպես նաեւ Կոմիտասի սեփական ձայնագրությունները եւ լեգենդար երգիչների, առաջին հերթին՝ Արաքս Մանսուրյանի կատարումները:

Իսկ Կոմիտասի ստեղծագործություններից ինձ համար ամենասիրելին «Պատարագն» է: Նրա առաջին իսկ հնչյուններից արցունքներն ինքնաբերաբար հոսում են աչքերիցս:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ-ճապոնական երաժշտական եւ մշակութային համագործակցության ապագայի վերաբերյալ: Կա՞ն ծրագրեր, համատեղ նախագծեր կամ ձայնագրություններ, որոնց միջոցով կցանկանայիք հայ երաժշտությունն ավելի լայնորեն ներկայացնել աշխարհին:

-Երազանքներս շատ են, սակայն դրանց իրականացումը հեշտ չէ: Ամենից առաջ ծրագրում եմ այս տարվա աշնանը կամ հաջորդ տարվա սկզբին տենոր Տոշիկի Օնոյի հետ կազմակերպել «Կոմիտասիանա» խորագրով համերգային ծրագիր:

Բացի այդ, շատերն արդեն վաղուց ինձ հորդորում են, որ վերջապես ժամանակն է ձայնագրելու մի սկավառակ, որտեղ կընդգրկվեն Կոմիտասի եւ հայ այլ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները: Տեսնենք, հուսով եմ՝ դա նույնպես իրականություն կդառնա…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ