Օրհնազուրկ, մանրացող խորհրդարան՝ հաճախ խորթարան հիշեցնող

ՀՀ Ազգային ժողովում վերջին տարիների մի տարածված մշտական օրինախախտում է «ա»-ախոսությունը՝ «է» բայի փոխարեն («ասում ա», «մարդ ա»…), սկսած ղեկավար պաշտոնյաների հրապարակային խոսքից: Եվ՝ երեւանաբարբառ շատ բառերի, արտահայտությունների գործածությունը: Մինչդեռ ՀՀ օրենքով՝ եթե մեր պետական լեզուն հայերենն է ընդհանրապես, ապա մեր պաշտոնական լեզուն գրակա՛ն հայերենն է: Իսկ օրենսդիր մարմին խորհրդարանը մեր երեւի ամենապաշտոնական վայրն է, որը, թերեւս ավելորդ է ասելը, նախ ինքը օրինապահության օրինակ պետք է որ ծառայի:
Պարզվում է՝ կա եւ հարակից երկրորդ օրինախախտումը: ԱԺ ֆեյսբուքյան պաշտոնական էջի անունը վերեւում մեծ տառերով գրված է նախ օտար լեզվով (անգլերեն), ապա միայն՝ մեր ազգային պետական լեզվով: Մինչդեռ թե՛ պետական արժանապատվության չգրված օրենքով, թե՛ մեր գործող պետական օրենքով հակառակը պետք է լինի, այն էլ՝ հայերենի՛ գերակայությամբ…
Իսկ շարադրանքիս վերնագիրը, ինչպես եւ հետագա մի երկու նկատառումները, ՀՀ մի քաղաքացուս եւ ընտրողիս տպավորությունն ու արձագանքն են քպ-աղեկ այս խորհրդարանի հատկապես առաջին օրերի նիստերի դիտածս հատվածերին եւ դրանց հետ կապված որոշ հարցերի:
Հայտնի բան է, չէ՞. ում շատ է տրված՝ նրանից շատ էլ պահանջվում է: Անկախ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանի նկատմամբ մեր վերաբերմունքից, ժամանակին նրա արտահայտած մոտավորապես հետեւյալ բանաձեւային մի միտքը, թե՝ ով ստանձնում է իշխանություն, նա պետք է պատրաստ լինի իր հասցեին ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու, երեւի հարկ է որ գրվի գործող ամեն իշխանության «դրոշին»:
Վերջին ութ տարիներին Հայաստանի «կառքը վարող» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա կազմած պետական պաշտոնեությունը կարծես թե դրան այդպես էլ չի համաձայնում… Տարբեր քննադատողներ, իրենց պլաններին խանգարողներ կամ իրենց մեծարգո առաջնորդին ընտրություններում մրցակից լինելու փորձ անողներ («գլուխը պատովն է տալիս, որ ուզում է վարչապետ լինել…») հանկարծ պարզվում է՝ իրավական որեւէ մեղանչում, հանցանք ունեն գործած: Երբ Գյումրիում պետք էր իշխանություն վերցնել (կառավարում էր օրինական ընտրված «Բալասանյան դաշինքը»), մեղադրանքներ ի հայտ եկան թե՛ արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու (ձերբակալվեց), թե՛ իր՝ երկրից բացակայող Բալասանյանի նկատմամբ (հետախուզում հայտարարվեց): Գյումրու ավելի վաղ քաղաքապետ եղած Վարդան Ղուկասյանի նկատմամբ էլ արդեն վեց տարի իրավական գործընթաց կար, բայց գործը ոչ այս այս կողմ, ոչ այն կողմ հանգուցալուծում չէր ստանում, ու Ղուկասյանը նույնիսկ հնարավորություն ունեցավ երկրորդ անգամ ընտրվելու քաղաքապետ: Բայց հենց միայն երբ նա կարծիք հայտնեց Ռուսաստանի հետ Հայաստանի միություն կազմելու եւ արտահայտություններ արեց հանրապետության իշխանության վերաբերյալ, պարզվեց՝ ինքը վերջերս մի նոր հանցանք է գործել՝ կաշառք, ու հետեւեց ձերբակալություն, կալանք: Պատահակա՞ն համընկնումներ էին: Հայտնի է՝ ինչ տեղի ունեցավ նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ այն բանից հետո, երբ այս ընտրություններին նրա ԲՀԿ-ն մասնակցեց եւ Փաշինյանը սպառնաց Ծառուկյանին: Եթե նա այդքան իրավական մեղանչումներ ուներ, այս ութ տարում դրանք նո՞ր միայն ի հայտ եկան:
Երբ վարչակազմը երկրի համար կարեւոր որեւէ հարցում ինքնաստեղծ մի որոշում է կայացնում, ոչ մի գիտական, մասնագիտական եւ ինստիտուցիոնալ համախումբ կարծիք, խոսք ու քննադատություն ըստ էության հաշվի չի առնում, ինչպես եղել է, օրինակ, կրթության հետ կապված տարբեր՝ նաեւ հանգուցային հարցերում: Ինչը խորհրդարանով է անցնում, այստեղ ըստ կարգի քննարկում իհարկե լինում է: Այս նոր գումարման Ազգային ժողովում առաջին տպավորությամբ թերեւս կարելի է նկատել երկու միտում: Մի կողմից՝ ելույթներում, քննարկումներում փոխադարձ բարեկիրթ լինելու հորդոր ու ձգտում, մյուս կողմից կարծես հրահանգ կա, որ ընդդիմադիր խմբակցությունների, նրանց պատգամավորների քննադատությունները, կարծիքները պարտադիր հերքվեն, սխալ ու անարժեք համարվեն: Եվ հաճախ ոչ թե այդ քննադատություններին, կարծիքներին են ըստ էության պատասխանում, այլ դրանք հնչեցնողներին. դու այս ես, քո թիմակիցը, ձեր կառավարման ժամանակ այս էր, այն էր:
Իհարկե, չենք ուզում ասել, թե ընդդիմությունն էլ կատարյալ է: Մի ընդդիմադիր պատգամավոր՝ Էդգար Ղազարյան, դիպչողական արտահայտություն էր արել, մի երկու օր՝ օ՜, պիտի ներողություն խնդրեք, չէ որ չէ՝ ինքը պիտի գա նախ ներողություն խնդրի, հետո կմտածենք…
Լավ, իսկ ո՞վ պիտի հասարակությունից ներողություն խնդրի թեկուզ ձեր ղեկավարի հայտնի նախընտրական ու հաճախ նաեւ հենց Աժ ամբիոնից հնչող, պառակտում ու թշնամանք սերմանող տարբեր «ոչ նորմատիվ» արտահայտությունների, սպառնալիքների, ոչ ձեր կուսակցության հնարավոր ընտրող առնվազն հարյուր հազարավոր քաղաքացիների «շուն ու շանգյալներ» նրա նախապես հնչեցրած որակումի համար: Գործադիրից եկած քպ-ական պատգամավորը մյուս խմբակցությունների ուղղությամբ ձեռքերը թափ տալով ու մատ տնկելով (ինչը պարզ անքաղաքավարություն է), ժողովրդական պատկերավոր արտահայտությամբ՝ կարծես «Նիկոլից ավելի Նիկոլ» լինել հավակնելով, հոխորտում ու նաեւ պաթոսով շանտաժ էր անում՝ «դուք ո՞ւմ գաղութն եք ուզում դարձնել Հայաստանը», երբ ոչ սակավ դեպքերում հենց իրենց՝ կառավարող ուժին է հարց ուղղվում թե՝ այս ո՞ւր եք տանում երկիրը:
Երեւի առաջին նիստում էր՝ այդ նույն պատգամավորը Ամենայն Հայոց կաթողիկոսին նույն հետեւողությամբ ոչ միայն անհարգալից կերպով կոչեց ավազանի անունով, այլ նաեւ դա մի քանի անգամ կրկնեց, ինչը կարծես նման էր չգիտես ինչ հրահրելու հատուկ դիտավորության:
Հայ մարդուս ու քաղաքացուս համար ինչ-որ տեղ հասկանալի էր, երբ մեկ այլ ելույթ ունեցողի՝ պատգամավորուհու կողմից Հայ եկեղեցու առաջնորդին նույն կերպ կոչելու ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը որպես բողոքի նշան՝ ձեռքերով հարվածում էր սեղաններին: Բայց ոչ մի կերպ ընդունելի չէր, երբ Կաթողիկոսին պատշաճ կերպով կոչելու ժամանակ, իբր ի պատասխան, նույնն անում էր խորհրդարանական մեծամասնությունը, այն էլ՝ Ազգային ժողովի նախագահի՛ գլխավորությամբ: Հետո էլ նեղանում էին, երբ ասում էին՝ մանկապարտեզ:
Եկեղեցու գործերին միջամտության, Ամենայն Հայոց կաթողիկոսին իր իրավասությունների սահմաններում կատարած քայլի համար ընդհուպ դատի տալու եւ կաթողիկոս փոխելը, նորն ընտրելը իշխող կուսակցության ծրագիր ներառելու այս տարօրինակ արշավը միջազգայնորեն ընդունված նորմերի եւ մեր երկրի համապատասխան սահմանադրական դրույթների բացահայտ եւ կոպտագույն խախտում չէ՝ ի՞նչ է: Պատգամավորուհին ասում էր, թե կաթողիկոսին այդպես կոչելն իր կամ իրենց համար քաղաքական կողմնորոշում է: Գուցե հարցնենք Ազգային ժողովի պետական-իրավակա՛ն հաձնաժողովի նախագահ ընտրված ոչ սկսնակ, բայց երիտասարդ հարգելի պատգամավորուհուն. աղջիկ ջան, Սահմանադրությունն անթաքույց խախտե՞լն էլ է ձեզ համար քաղաքական կողմնորոշում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
