Ուրբաթ, 21 Օգոստոս, 2026

Վաշինգտոնյան համաձայնագրերից մեկ տարի անց

  ԱԶԳ

Վերջին օրերում Հայաստանի քաղաքական շրջանակների քննարկման գլխավոր թեմաները ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություներն (accords) են, դրանց նախաստորագրման առաջին տարվա առթիվ եւ հեռախոսազանգերը ՀՀ վարչապետի եւ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահների միջեւ:

Իրականում, Թրամփի վարչակազմը կարողացավ Հարավային Կովկասում իրականացնել մի բան, որ 1991-ից ի վեր ամերիկյան ոչ մի ուրիշ վարչակազմի չէր հաջողվել գործարկել: Խոսքը Հարավային Կովկասի ե Մերձավոր միջանցքի տարածքով Կենտրոնական Ասիան Եվրոպային, ինչպես նաեւ Հայաստանը առեւտրի միջազգային պաշարների ցանցի հետ ինտեգրելու հեռանկարին է վերաբերում: Նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի Վաշինգտոնի համար, որովհետեւ այն ստեղծում է տրանսպորտի եւ հաղորդակցությունների անխափան ուղիներ, որոնք շրջանցում են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը: Գաղափարը ինքնին նոր չէ անշուշտ, բայց այն երբեք իրագործման ներկա փուլին չէր հասել:

Պարզ է, որ ժամանակն այստեղ էական, կարելի է ասել կրիտիկական դեր է կատարում եւ նախագիծը անհրաժեշտ է իրականացնել ինչքան հնարավոր է արագ: Դա է իրականում պատճառը, որ այս հարցում Վաշինգտոնի բյուրոկրատական դերակատարությունը զգալիորեն նվազել է: Ամեն ջանք գործադրվում է, որպեսզի ոչ մի անակնկալ խոչընդոտ չառաջանա վարչակազմի համակարգում, որ կարողանա խախտել իրագործման ժամանակացույցը:

Խոսքը վերաբերում է ինչպես Պետքարտուղարությանը, որտեղ որոշում կայացնելու գործընթացները կարող են երբեմն շատ դանդաղ ընթանալ, այնպես էլ Ազգային անվտանգության խորհուրդին, որտեղ նույնպես որոշումներ կայացնելն ու քաղաքականության սցենարների մշակումները որոշակի ժամանակ են պահանջում նախքան գործադրումը: Ներկայիս, նման խոչընդոտներ պարզապես չկան: Երկու մրցակից հաստատություններն էլ Ռուբիոն է ղեկավարում եւ առնվազն այս ծրագրի հարցում որոշումները շատ արագ են ընդունվում:

Նույնքան կարեւոր է անդրադառնալ Կոնստանտին Սոկոլովի նշանակմանը, որ մեկնաբանությունների մեծ ալիք առաջացրեց: Նրա նշանակումը պետք է դիտարկել ռազմավարական միեւնույն գործընթացի անքակտելի մի մասնիկը:

Սոկոլովը քաջածանոթ է Հայաստանի բիզնես միջավայրին, նրա ուժեղ եւ թույլ կողմերին: Ավելին, նրա նշանակումը համահունչ է նաեւ բյուրոկրատական գործընթացների նվազման ավելի լայն հասկացողության հետ: Նա անմիջական, սերտ կապեր ունի Թրամփի վարչակազմի գլխավոր դեմքերի հետ եւ TRIPP-ի` միջազգային խաղաղության եւ բարգավաճման դերակատարները, ինչ խոսք, նրան վարչական օժանդակություն անպայման կցուցաբերեն:

Ներկայիս, TRIPP նախագծի գործադրումը բարդացնող հիմնական գործոնները երկուսն են` երկաթուղիների հարցը եւ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները: TRIPP-ը ամերիկյան ռազմավարական մի ծրագիր է, որը Իրանի սահմանին շատ մոտիկ է, իր հնարավոր ազդեցությունների բոլոր ենթատեքստերով, որոնք կարող են որոշակի մտահոգություններ պատճառել նաեւ ամերիկյան կողմին, հատկապես հարաբերությունների խիստ լարվածության ներկա փուլում, ինչը կարող է դանդաղեցնել գործընթացի իրականացումը:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե TRIPP-ը չկայանա տարբեր պատճառներով, որոնք կախված են տարածաշրջանում ընթացող զարգացումներից, ինչպես օրինակ` ԱՄՆ-Իրան լայնծավալ պատերազմ, Մ. Նահանգների ներսում քաղաքական խլրտումներ կամ այլ խնդիրներ: Ի՞նչ է պատահելու, մասնավորապես Հայաստանին, եթե նախագիծը չիրականանա:

Ադրբեջանը քանիցս կրկնել է եւ շարունակում է պնդել, որ անկախ ամեն ինչից, ցանկանում է անմիջական, ուղիղ կապ հաստատել Նախիջեւանի հետ, եւ Հայաստանը պետք է այդ կապի միջանցքը տրամադրի իրեն, այլապես ամերիկյան նախաձեռնությունը չի կարող իրականություն դառնալ:

Երկրորդ հնարավոր սցենարն այն է, որ Ռուսաստանը դառնա միջնորդ այդ գործընթացին` համաձայն 2020 թվի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, որտեղ Ռուսաստանը Ադրբեջանին վստահեցնում է իրականացնել այդ կապը ՀՀ տարածքով եւ ապահովել Ադրբեջանի անվտանգությունը:

Անշուշտ այլ միջնորդներ եւս կարող են հայտնվել: Պետություններ՝ որոնք կարող են ազդեցություն բանեցնել Հայաստանի կամ Ադրբեջանի վրա, օրինակ` Թուրքիան կամ Չինաստանը, որոնք որպես միջնորդ պատրաստ կլինեն իրագործել ծրագիրը, եթե Մ. Նահանգները ինչ-ինչ պատճառներով չկարողանա ինքը կարճ ժամկետում գործարկել այն:

Ընդհանուր առմամբ, կարծես Վաշինգտոնը ձգտում է առաջ տանել ծրագրի կատարումը ամենակարճ ժամկետում: Տրամաբանական հիմնավորումը պարզ է: Թրամփի վարչակազմը ցանկանում է նախագծի իրագործումը տեսնել մինչ Ռուսաստանն ու Իրանը զբաղված են իրենց խնդիրներով, մարտահրավերներով, եւ մինչ Թրամփը դեռ Մ. Նահանգների նախագահն է:

Այս պատճառներով Վաշինգտոնը ամենայն հավանականությամբ կրկնապատկելու է ջանքերը եւ ավելի մեծ ռեսուրսներ է հատկացնելու, որպեսզի առաջ տանի մեկ տարի առաջ նախաստորագրված այս ծրագիրը: Հավանական է, որ առաջիկայում ամերիկյան ակտիվության նոր թափ նկատվի, որն այլ համաձայնեցված ջանքերի ուղեկցությամբ ծրագիրը իր բարեհաջող ավարտին կհասցնի:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

The Armenian Mirror-Spectator