Աղունն այսօր կա՞

Հայ գրականության մեջ կանացի կերպարները քիչ չեն, բայց քչերն են, որ դառնում են սերնդային հիշողության մաս: Այդ քիչ, դասական օրինակներից է Մաթեւոսյանի Աղունը, որն, ի դեպ, հեղինակի մոր գրական կերպարն է:
Երբ առաջին անգամ կարդացի «Աշնան արեւը», միանգամից մորս նմանեցրի: «Մամ, դու Աղունն ես»,- ասացի մորս հերթական ճաշի ժամանակ, հայրս էլ կատակեց՝ թե ես էլ ուրեմն Սիմո՞նն եմ: Հայրս հաստատ Սիմոն չէ. ոտքերի տակ կոշտ հող ունի, բայց նրա՝ նվիրական զգացումները հարազատների հանդեպ նույնն են, ինչ Սիմոնինը: Դա մորս հունից հանում է: Եվ ցանկացած կնոջ, եթե կուզեք իմանալ, որովհետեւ «ցանկացած հաջողակ տղամարդու հետեւում կանգնած է սեփական կինը», ոչ թե մայրը, եղբայրը կամ էլ քույրը:
Մայրս իսկական Աղուն է՝ տուն ու տեղ դնող: Ճիշտ է՝ ի տարբերություն Աղունի, նա սեփական տունը ստեղծել է ոչ թե գոմից, այլ պարզապես ուրիշի տնից, որտեղ նույնիսկ վարձով չէինք ապրում: Դե, կասեք՝ ո՞ր հայ մայրը չէ այդպիսին՝ ստեղծող, արարող: Անրի Վերնոյի «Մայրիկը» հրաժարվում էր տորթի իր բաժնից եւ հայտարարում, թե չի սիրում քաղցր, միայն նրա համար, որ ընտանիքի մյուս անդամները ուտեին համեղ անուշեղը՝ առանց մեղքի զգացումի: Այսօր, հատկապես կեսկատակ-կեսլուրջ, համացանցում տարածվում են հոլովակներ, որտեղ մայրիկը թաքուն կոնֆետ է ուտում կամ քաղցրեղենի հատուկ «պահեստ» ունի՝ երեխաների աչքից հեռու: Պիտի առաջինը ինքդ քեզ գնահատես, որ ուրիշն էլ քեզ գնահատի, նույնիսկ եթե այդ «ուրիշը» քո երեխան է:
Կարեն Ջանիբեկյանը, որը նույնանուն ֆիլմի երկրորդ գլխավոր հերոսն էր՝ Սիմոնը, առիթ է ունեցել հենց Մաթեւոսյանի ծննդավայրում՝ Ահնիձորում, ծանոթանալու Մաթեւոսյանի մոր հետ: Հին հարցազրույցներից մեկում նա ասել է «…Էդ կնոջ մեջ ե՛ւ ջիգյար կար, ե՛ւ հումոր կար, ե՛ւ տաքություն կար, ե՛ւ կռիվ կար, ամեն ինչ կար…»: Մեր տատիկ-մայրիկների սերունդների մեջ «Աղուն» շատ կա: Խորը նայելով, լսելով, զրուցելով՝ այդ կանանց մեջ կա ե՛ւ կռիվը, ե՛ւ հումորը, ե՛ւ ջերմությունը, ե՛ւ այդ ամեն ինչը:

Իսկ հիմա՞ «Աղուն» կա: «Բայց, – կասեն շատերը, – Աղունն այնպիսի կերպար չէ, որին նմանվելը երազանք է. հակառակը՝ լավ է, որ Աղունի ժամանակն ավարտվի»: Զարմանալի չէ, որ Աղունը շատերի համար չար է, բողոքական, չհասկացված, իսկ նա պիտի լիներ:
Տարիների ընթացքում հասկացա, որ Աղունը հավաքական կնոջ կերպար է՝ ծնված այն ժամանակի համար, երբ դեռ չկային նորաոճ տերմիններն ու սահմանումները: Երբ կանացի խայթոցներն եւ քննադատությունները դառնում էին տղամարդ-կին հարաբերությունների մի մասը: Երբ կանանց խոսքը հաճախ ավելի կտրուկ էր, ուժեղ ու սուր, քան տղամարդու բռունցը: Աղունն այդ ածելի կանանցից էր, որը իմաստուն էր այնքան, որ կարող էր խոսել:
Եթե այսօր ապրեր Աղունը, միգուցե բաժանվեր Սիմոնից: Կասեք՝ նա դեռ այն ժամանակ էլ էր պատրաստ Սիմոնից բաժանվելու, սակայն անկախ ամեն ինչից՝ Աղունը իր աշխարհում էր գտնվում: Աշխարհ, որտեղ նա նվիրված էր իր ստեղծած տանը, որդիներին, հարսին ու անգամ խեղճ Սիմոնին, որի հոգին հանում էր: Եթե Աղունն այսօր լիներ, ժամանակակից թրենդներն ու երկակի ստանդարտները պարզապես կանցնեին նրա կողքով:
Հարցը միայն մեկն է. մեր երեխաները, եթե կարդան «Աշնան արեւը», մեզ կճանաչե՞ն այնտեղ:
ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
