Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Մեր հոգևոր եղբոր՝ Գարեգին Վեհափառի դատարան կանչվելը անընդունելի և դատապարտելի է. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն Ամենայն հայոց կաթողիկոսի՝ դատարան հրավիրվելու փաստը համարել է անընդունելի և դատապարտելի՝ տարածելով հետևյալ հայտարարությունը.

Երկու Վեհափառներս մնայուն կապի մէջ ենք իրարու հետ եւ կը խորհրդակցինք մեր Հայրենիքն ու ազգը յուզող խնդիրներու շուրջ։ Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին եւ նոյնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցիչը ուղարկել։

Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն, ինչպէս յաճախ կատարած ենք, յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը։