Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տեղի ունեցողն արդեն իրավական հարթությունից դուրս բարոյական աղետ է. Ամստեդամ

Օգոստոսի 7-ը հայոց պատմությունը փաստագրող պատմաբանների համար կարող է ձևակերպվել որպես վտանգավոր շրջադարձի օր. գրել է միջազգային իրավապաշտպան ռոբերտ ամստերդամը՝ անդրադառնալով օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանում կայանալիք դատավարությանը։

Ամստերդամը մասնավորապես նշել է.

Որպես միջազգային իրավաբան, որն անկեղծ հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդի դարավոր ժառանգությանը, չեմ կարող լռությամբ հետևել տեղի ունեցողին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կանգնում է դատարանի առջև․․․

Սա շարքային դատական նիստ չէ, պարզապես հարված է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքի հիմնասյուներին։ ՀՀ Սահմանադրությունը և միջազգային պայմանագրերը հստակ ամրագրում են Եկեղեցու անջատ լինելը պետությունից՝ երաշխավորելով կրոնական ինստիտուտների բացարձակ ինքնավարությունը: Երբ պետական դատական ապարատը վերածվում է հոգևոր առաջնորդի դեմ քաղաքական ճնշման և հետապնդման գործիքի, արդարադատությունն ուղղակի դադարում է գոյություն ունենալ։

Պետության նմանօրինակ կոպիտ միջամտությունը կրոնական կյանքին ոչ միայն արհամարհում է արդար դատաքննության և կրոնական ազատությունների միջազգային չափանիշները, այլև կործանարար նախադեպ է ստեղծում օրենքի գերակայության համար:

Տեղի ունեցողն արդեն իրավական հարթությունից դուրս բարոյական աղետ է։ Հայոց Կաթողիկոսությունը դարեր ի վեր եղել է պետականությունը կորցրած ժողովրդի ողնաշարը, ինքնության ու գոյատևման վահանը։ Այսօր այդ նվիրական ինստիտուտը դատարանի աթոռին նստեցնելը դավաճանական հարված է սեփական պատմական հիշողությանն ու ազգային արժանապատվությանը։

Արդարադատությունը չի՛ կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը։ Միջազգային հանրությունն ու իրավապաշտպան աշխարհը աչք չեն փակելու սրա վրա։ Այն իշխանությունը, որը փորձում է դատել սեփական պատմությունն ու հոգևոր արմատները, ի վերջո ինքն է կանգնելու պատմության անողոք դատաստանի առջև։