Փաշինյանի աշխատակազմը՝ Դավիթ Մանուկյանի ուղերձի ու հնչեցրած հարցադրումների մասին. Ինչից է վախենում Փաշինյանը. Փաստինֆո

Նիկոլ Փաշինյանը խուսափում է արձագանքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ուղերձին ու հրապարակային ուղղված հարցերին։
Հիշեցնենք, որ Մանուկյանը հուլիսի 20-ին իր ուղերձում մասնավորապես, հորդորել էր Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնել իր տեսակետը Բաքվի կողմից հատկապես 2020 թվականի սեպտեմբերի պատերազմի պլանավորմանն ու նախապատրաստման համար առաջադրված մեղադրանքի մասին։
«Չնայած մեր ներկայացրած բոլոր անհերքելի ապացույցներին, քանի որ դուք եղել եք ՀՀ վարչապետն ու գերագույն հրամանատարը, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների վերաբերյալ ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին»,-իր ուղերձում ասել էր Մանուկյանը։
«Փաստինֆոն» գրավոր հարցում էր ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով արձագանքել Մանուկյանի ուղերձում նշված դրույթներին, մենք նաև հաշվի էինք առել այն հանգամանքը, որ Փաշինյանը բովանդակային գնահատական ներկայացված մեղադրանքներին երբեք չի անդրադարձել։
Մինչդեռ, վարչապետի աշխատակազմից ի պատասխան հարցման՝ մեզ պատասխանել են. «Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է ձեր կողմից բարձրացված հարցերին։ Ավելացնելու ոչինչ չունենք»։
Հիշեցնենք, որ Մանուկյանը այս առաջարկին զուգահեռ հույս էր հայտնել, որ Փաշինյանի ու իր թիմի «նախկին գլխարկների անվանումը չի կորել»։ Պատասխանից ակնհայտ է դառնում, որ կորել է։
Աղբյուր՝ Փաստինֆո
