Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Ո՛չ Արցախի նախիջեւանացմանը

Non a la Nakhitchevanisation de  l’  Artsakh

Լեռնային ղարաբաղ՝ բազմադարյա ժառանգությունը անհետացման վտանգի տակ. այս մտահոգությամբ՝  Փարիզի «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության եւ «Արմեն – Գարո» կոմիտեի միասնական ջանքերով՝ հունվարի 18-ից 31-ը, Փարիզի հայ մշակույթի տանը տեղի ունեցավ Արցախի պատմշակութային կոթողների լուսանկարների ցուցահանդես:

Ծրագրում նախատեսված էր Արցախի տեսարժան վայրերի մասին ֆիլմերի ցուցադրություն, հանդիպումներ հայ եւ ֆրանսիացի նշանավոր դեմքերի, քաղաքական գործիչների հետ:

Այդ օրերին, հարյուրավոր այցելուներ հաղորդակից դարձան Արցախում տիրող ներկա իրավիճակին, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը՝ ինչպես Արցախի դարավոր մշակույթի ոչնչացման, այնպես էլ մարդու ազատ տեղաշարժի բռնությանը:

Ցուցահանդեսի նպատակը հանրության ուշադրությունը գրավելն էր Արցախի ժողովրդի բնաջնջման վտանգի վրա: Եթե Արցախը հայաթափվի, պատմամշակութային ժառանգությունը կարժանանա Նախիջեւանի ճակատագրին:

Ցուցահնդեսին ներկա էին մի խումբ հետազոտողներ, հնագետներ, որոնք Ադրբեջանի գրաված տարածքներից ցուցադրեցին  արբանյակների  միջոցով արված լուսանկարներ, ուր  հիմնահատակ քանդված էին մի շարք խաչքարեր ու վանքեր:

Խմբում ընդգրկված են հայ երիտասարդներ, որոնք  «Caucasus Heritage Watch» կայքում պարբերաբար հրապարակում են Արցախի պատմաշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի պատճառած վնասները:

8

Ցուցահանդեսին ներկայացված էր նաեւ փարիզյան շրջանի Թարգմանչաց եւ Ալֆորվիլի «Սուրբ Մեսրոպ» հայկական դպրոցների աշակերտների գեղանկարչական, պոեզիայի եւ արձակի գործեր:  Նրանք իրենց բանաստեղծություններով ու նկարներով՝ «Ո՛Չ» են ասում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու երեխաների դեմ անմարդկանին բռնությանը:

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ