Երկուշաբթի, 24 Օգոստոս, 2026

ՖԻԼՄՙ Ի ՀԻՇԱՏԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը եւ «Դպիր» հրատարակչությունը այս երեքշաբթի հրավիրել էին ֆիլմի պրեմիերայի: 17 րոպեանոց «Օրհներգ ցավի լեզվով» կինոնկար-էսսեն, որը ցուցադրվեց Գյումրու երիտասարդական պալատի դահլիճում, նվիրված էր 88-ի երկրաշարժից զոհված բանաստեղծուհի Տանյա Հովհաննիսյանի հիշատակին եւ մտահղացվել էր դեռ նախանցյալ տարիՙ նրա ծննդյան 70-ամյակին:

Շիրակի գյումրիամերձ Այգաբաց գյուղի ծնունդ, դեռ 1970-80-ական թվականներին գրական աշխարհին հայտնի Տանյա Հովհանիսյանն առանձնահատուկ էր իր մարդկային-կանացի խառնվածքով ու ստեղծագործական դիմագծով, որոնց երեւի լավագույն բնորոշումը 1985 թ. լույս տեսած նրա բանաստեղծական առաջին ժողովածուի վերնագիրն էՙ «Հրաբուխի ծաղիկ»: Բանաստեղծուհու գրական մուտքն ազդարարող այս առաջին գրքի խմբագիրն ու առաջաբան-հանձարարականի հեղինակը Վահագն Դավթյանն է… Տանյան հասցրել է տպագրել նաեւ մեկ մանկական ժողովածու, իսկ իր «Բանաստեղծություններ» եւ «Բաց հրապարակ» ժողովածուները հրատարակվել են հետմահու:

Կազմակերպված միջոցառումը յուրատեսակ հուշ-ցերեկույթ էր, որտեղ կինոնկարի սցենարիստ, բանաստեղծ ու թարգմանիչ Արա Արթյանը , ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանն ու պրոդյուսեր Հովիկ Կարապետյանը , մյուս ելույթ ունեցողները նաեւ պատմեցին Տանյայի, ցուցադրված ժապավենի մասին, հնչեցին նմուշներ սիրված բանաստեղծուհու լավագույն գործերից:

Կիսվել