Հայտնի է Արցախի նախագահի հավանական թեկնածուի անունը

Վերջին ամիսների ընթացքում կուլիսներում և մամուլում տարբեր ձևաչափերով ժամանակ առ ժամանակ քննարկվում են Արցախի Հանրապետության նախագահի ընտրության կարևորության և հնարավոր թեկնածուների հարցը: Արցախի, թեև միջազգային հանրության կողմից չճանաճված, բայց և չմերժված ու իր բոլոր պետական ինստիտուտներով լիարժեք կայացած պետականության դե յուրե պահպանման համար խիստ կարևոր է Արցախի պետական գլխավոր ինստիտուտների` նախագահի և ԱԺ-ի անընդհատության դե յուրե պահպանման անհրաժշտությունը՝ արցախցիների ինքնակազմակերպման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման ու արցախցիների վերադարձի, նրանց սոցիալական, բնակարանային ու քաղաքացիական օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության և արցախյան հարցի միջազգայնացման տեսանկյունից։
Հենց այս խնդիրների լուծման նպատակով է ըստ մեր ունեցած տեղեկությունների` 2026 թվականի հուլիսի վերջերին Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի նախաձեռնությամբ Արցախի ԱԺ֊ում խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել Արցախի նախագահի հավանական թեկնածուներից` Ստեփան Հասան-Ջալալյանի անձը։
Կարևոր և հատկանշական է, որ քննարկման ընթացքում մասնակիցները դրական են արտահայտվել Ստեփան Հասան-Ջալալյանի թեկնածության վերաբերյալ, ով, ըստ իս, ունի այդ բարձր և պատասխանատու պաշտոնի համար անհրաժեշտ որակներ ու հատկանիշներ` պետական մտածողություն, պետության կառավարման վերաբերյալ քաղաքագիտական գիտելիքներ, (մասնագիտությամբ քաղաքագետ է, գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան, այժմ գտնվում է ատենախոսության պաշտպանության գործընթացքում)։
Շատ էական է և կարևոր, որ նա ծնունդով արցախցի է, ծագումով սերում է հայոց հռչակավոր ազնվական տոհմերից մեկից՝ Հասան-Ջալալյանների իշխանական գերդաստանից, որը դարեր շարունակ պատասխանատվություն է կրել Արցախի դարավոր պետականության և արցախահայության համար աշխարհիկ ու հոգևոր ոլորտներում:
Արցախյան քաղաքական, հասարակական, մտավորական շրջանակների մեծ մասի դիրքորոշումը դրական է Ս. Հասան֊Ջալալյանի թեկնածության վերաբերյալ:
Ստեփան Հասան-Ջալալյանը մշտապես պահպանել է կապն իր ծննդավայրի ու նրա մարդկանց հետ, ակտիվորեն համագործակցել է նաև Արցախի պաշտոնական ու մտավորական-գիտական շրջանակների հետ։
Նա բավականին հանգամանալից ու խորությամբ պատկերացնում է արցախյան հիմնախնդիրը և այդ թեմայով ունի բազմաթիվ գիտական հետազոտություններ՝ հրատարակած գրքեր, հոդվածներ, պարբերաբար ելույթներով է հանես գալիս ԶԼՄ-ներով:
Ինչ վերաբերում է Ստեփան Հասան-Ջալալյանի աշխատանքային փորձառությանը, ապա պետք է նշել, որ նա ունի պետական կառավարման ոլորտի փորձառություն: Շուրջ տասը տարի աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագրով: Այնուհետև աշխատել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում, ապա՝ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
Ս. Հասան-Ջալալյանը քաղաքականապես անկաշկանդ ու անկախ մարդ է, չի անդամակցում կամ հարում որևէ քաղաքական ուժի։
Առանձնահատուկ կերպով հարկ է նշել նաև, որ անձնական դիմումի համաձայն՝ Ս. Հասան-Ջալալյանը ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում՝ որպես դասակի հրամանատար:
Բոլոր վերը թվարկված հատկանիշները և նաև այն փաստը, որ Ստեփան Հասան֊Ջալալյանը ներկայայացուցիչն է մի տոհմի, որը 13-րդ դարից մինչև 19-րդ դարը տվել է մոտավորապես Արցախի 40 կաթողիկոս և շուրջ 20 իշխաններ, վկայում են այն մասին, որ ընտրվելու պարագայում Ստեփան Հասան-Ջալալյանն Արցախի նախագահի պատասխանատու կարգավիճակում կարող է գործել գրագետ, հավասարակշիռ, արդյունավետ, անկաշկանդ, վստահ, կայացնել համարձակ ու անաչառ որոշումներ և ապահովել արցախահայության ինքնության ու ազգային արժանապատվության ստացած խորը վերքերի ապաքինումը, ինքնակազմակերպումը, համերաշխությունը, միասնությունը, արժանապատվորեն ներկայացնել արցախահայության և Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող հայրենակիցների շահերն ու խնդիրները թե՛ Հայաստանում և թե՛ միջազգային մակարդակներում:
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում Հասան-Ջալալյանների տոհմի ներկայացուցչի ընտրությամբ աշխարհին և մասնավորաբար՝ Ադրբեջանին կհղվի ուղերձ առ այն, որ Արցախը դարեր շարունակ եղել է հայկական և այսօր էլ Արցախի պետականության պահպանման պատասխանատվությունը տիրոջ իրավունքով կրում է Արցախի հինավուրց իշխանական տոհմերից մեկի ժառանգը:
Շատ կարևոր է նաև, որ Ստեփան Հասան-Ջալալյանը քննարկումների, բանավեճերի ու ելույթների ժամանակ հանդես է գալիս սկզբունքային և անզիջում դիրքերից, ինչը պայմանավորված է նրանով, որ նա հիմնավոր կերպով տիրապետում է քննարկվող նյութին։
Կարծում ենք՝ Արցախի Ազգային Ժողովը սխալված չի լինի, ճիշտ հակառակը այս ճգնաժամային, աղետալի իրավիճակում վերին աստիճանի ճիշտ և օգտակար քայլ կատարած կլինի, եթե Ստեփան Հասան-Ջալալյանին ընտրի Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում:
Որպես պետական կառավարման ոլորտի մասնագետ և արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ՝ արցախցիների հիմնախնդիրներին մոտ կանգնած մարդ, բարձր եմ գնահատում Ստեփան Հասան֊Ջալալյանի անձնական ու կառավարչական որակները, ծագումը, գիտելիքների հարուստ պաշարը, համարձակությունը, եռանդը, իմաստնությունը:
Հաշվի առնելով Արցախի մտավորական-պաշտոնական շրջանակների դրական վերաբերմունքը Ս. Հասան-Ջալալյանի թեկնածության նկատմամբ՝ ակնկալում եմ արցախյան էլիտայի ու արցախահայության լայն քննարկում և աջակցություն Ստեփան Հասան-Ջալալյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում` սոցիալական հարթակներում տարբեր ձևաչափերով, մարդկանց օբեկտիվ և իրատեսական տրամադրություններն ու կարծիքներն ուսումնասիրելու համար։
Դա շատ կարևոր է ապագա հնարավոր նախագահի` այդքան կարևոր պաշտոնում Ստեփան Հասան-Ջալալյանի լեգիտիմությունն ու հանրային բարձր վստահությունն ունենալու համար։
Ստեփան Հասան-Ջալալյանի հայտնությունը, որպես Արցախի նախագահի թեկնածու, ինչու չէ պետք է դիտարկել նաև Աստծո բարեհաճությունն արցախցիների նկատմամբ։
Հայկ Ղազարյան
տնտեսագիտության թեկնածու,
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
