Գլխավոր դատախազության կազմում ստեղծվում է մարմին, որը կկարողանա գտնել եւ բռնագրավել ապօրինի ծագման գույքը` դրա համար ազդակ ունենալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, ապօրինի գույքի առկայության ապացուցված տվյալները, մեղադրական դատական ակտերը եւ մի շարք` օրենսդրությամբ նախատեսված հիմքեր: Կառավարության նիստում այդպիսի մարմնի ստեղծումը կանոնակարգող «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրինագիծը հավանության արժանացավ եւ ուղղորդվեց դեպի Ազգային ժողով` վարչապետ Փաշինյանի այն ուղղումով, որ այդ մարմինն իր գործունեությամբ հետ է գնալու մինչեւ 1991 թվականը` արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկած 10 տարվա փոխարեն, քաղաքական շահարկումներից խուսափելու համար: