Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ՌԴ-ն ասում է՝ կա՛մ էքսկլյուզիվ հարաբերություններ, կա՛մ հարաբերությունները չպետք է լինեն. չենք ընդունում այդ մոտեցումը

Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ, և հայ-ռուսական հարաբերություններն ուրիշ բան են, և մենք տեսնում ենք, որ դրանք տեղ-տեղ ուրիշ բովանդակություն ունեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական բաղադրիչին՝ նա նշեց՝ պրոբլեմը հետևյալի մեջ է՝ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, մինչ այս այլընտրանքներ չի ունեցել։

Ըստ նրա՝ խոսքը և՛ տնտեսական, և քաղաքական այլընտրանքի մասին է։ խնդիրն այն է, որ «Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի  և այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը չուներ կամ չէր կարող ունենալԼ։ Պրոբլեմն այդտեղ է։

Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Խնդիրը հետևյալն է․ կա՛մ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կա՛մ հարաբերությունները չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումները։ Մենք ասում ենք՝ հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց պետք է լինեն»,-ասաց  Փաշինյանը։

Հայաստանի Հանրապետությունն ո՞ւմ էր ինչ արել, որ Բելառուսի նախագահը հայտարարի. «Հայաստանն ո՞ւմ է պետք»։ Հայաստանն ի՞նչն էր վատ արել, Բելառուսին վատությո՞ւն էր արել։ Ո՞նց կարելի է ինքնիշխան պետության մասին այդպես խոսել։

Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա մենք ի ցույց ենք դնում այդ հարցի պատասխանը. Հայաստանը պետք է Չինաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Իրանին, Վրաստանին, Ֆրանսիային, Լեհաստանին, Գերմանիային, Մեծ Բրիտանիային և այդ բոլոր գործընկերներն էլ Հայաստանին են պետք»,- ասաց Փաշինյանը։