Հինգշաբթի, 20 Օգոստոս, 2026

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյան

Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում դարձյալ հղում է կատարել Ալմաթիի հռչակագրին և այն քարտեզներին, որոնցում, ըստ նրա, Հայաստանի տարածքը 29.743 քկմ է։

Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չեն. ասել է նա:

«Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում: Այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն: Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք:

Այսօր տարածքներ կան, որ այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ, դրանք բոլորիս հայտնի իրադրություններն են: Մեր ընկալումը այն է, որ այս հարցը պետք է լուծվի, հիմա հարց, արդյո՞ք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով, ոչ, չկա այդպիսի տարբերակ, դա փակված ու անցյալ էջ է: Այդ հարցերը պետք է լուծել այնպես, որ մարդկանց ու երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքներում ապրող բնակիչների համար: Սահմանազատման պրոցեսների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29,743 քառակուսի կիլոմետր»,- նշել է նա:

Փաշինյանը անկլավների վերաբերյալ ասել է, որ Ադրբեջանում ևս խնդիրներ կան, քանի որ ըստ քարտեզի՝ մի քանի գյուղ ճանապարհ չի ունենում, ուստի գործնականում պետք է անել այնպես, որ անկլավներում ապրողների համար բարդություններ չստեղծվեն։