Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Հայաստանում 250 մետր խորության վրա գտնվող աղի հանքի կլինիկան հայտնվել է փակման եզրին․ The Guardian

Մարդկանց մեծ մասի համար մի քանի ժամ գետնի տակ՝ մթության մեջ անցկացնելը կարող է առողջությունը բարելավելու բավականին արտասովոր միջոց թվալ։ Այնուամենայնիվ, ամեն առավոտ Հայաստանի մի խումբ բնակիչներ իջնում են 250 մետր խորության վրա գտնվող աղի հանք, որտեղ վեցական ժամ են անցկացնում քարաղի մեջ փորված քարանձավային խցերում՝ հույս ունենալով, որ ստորգետնյա օդը կօգնի իրենց ավելի թեթև շնչել, գրում է The Guardian-ը։

Կլինիկայի այցելուներից մեկը պարբերականին պատմել է․ «Ես փորձել եմ բուժման բոլոր հնարավոր մեթոդները, և սա միակն էր, որն օգնեց։ Մինչ փորձելը ես սա լիակատար հիմարությունէի համարում, բայց հիմա իսկապես հավատում եմ դրան։ Սա փրկեց ինձ»։

1987 թվականին բացվելուց ի վեր պացիենտները գալիս էին սովետական դարաշրջանի այս հանք՝ սպելեոթերապիա անվանմամբ հայտնի այլընտրանքային բուժում ստանալու համար: Այս մեթոդը հիմնված է այն համոզմունքի վրա, որ հանքի՝ աղով հագեցած և ալերգեններից ազատ օդն ունակ է թեթևացնել շնչառական ուղիների հիվանդությունները: Սակայն կլինիկայի ճակատագիրը, որն աշխարհում խոր աղի հանքում տեղակայված սակավաթիվ կենտրոններից մեկն է, այսօր վտանգված է. Հայաստանը դադարեցրել է դրա պետական ֆինանսավորումը, ինչը ավելի լայն հարց է բարձրացրել՝ այլընտրանքային բժշկության մեթոդների աջակցման գործում պետության դերի վերաբերյալ:

Բժշկուհի Անուշ Ոսկանյանը, ով կլինիկայում աշխատում է 1989 թվականից, պատմել է, որ նման հաստատություն ստեղծելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ բուժաշխատողները նկատել են, որ չնայած գետնի տակ մշտական աշխատանքին՝ աղի հանքերի հանքափորները արտասովոր հազվադեպ են տառապել շնչառական օրգանների հիվանդություններով։