Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։
Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս դրույթն արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով։ Միևնույն ժամանակ, Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Բաքվին ցուցաբերվող աջակցությունը հետևողականորեն կամրապնդվի՝ նպաստելով Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանն ու տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը։
Ծրագրում շեշտվում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է ընթանան փոխկապակցված ու համակարգված ձևով՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարգավաճում և անվտանգություն երաշխավորելու համար։
Առանձնահատուկ շեշտադրում է արվում Ադրբեջանի հետ հարաբերություններին․ նշվում է, որ ընդհանուր լեզվի, պատմության, մշակույթի և ինքնության վրա կառուցված այդ բացառիկ կապերն առավել կամրապնդվեն բարձր մակարդակի շփումների միջոցով։
«Մեր ռազմավարական գործընկերությունը նպատակ ունի խթանել խաղաղությունը, բարգավաճումն ու կայունությունը Հարավային Կովկասում՝ երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով։ Միաժամանակ, Ադրբեջանի հետ մեր սերտ համակարգումն ու համագործակցությունը վճռականորեն կշարունակվեն տարածաշրջանային կարգավորման գործընթացների շրջանակում»,- նշված է փաստաթղթում։











