Երեքշաբթի, Հունիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ահարոն Փուչիգյան. Ընդլայնելով պոեզիայի եւ հայկականության տարածքը

Արծվի Բախչինյան
05/06/2026
- 05 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ-ՆՅՈՒ ՅՈՐՔ – Ահարոն Փուչիգյանը (ծն. 1973, Գրանդ Ֆորքս, Հյուսիսային Դաքոթա) ամերիկացի բանաստեղծ, թարգմանիչ եւ անտիկ գրականության մասնագետ է: Հայրը փիլիսոփա էր, դասավանդել է Հյուսիսային Դաքոթայի համալսարանում, իսկ մայրն անգլիական գրականություն է դասավանդել: Ուսանել է Մինեսոթայի Մուրհեդի նահանգային համալսարանում, 2006 թվականին ստացել է անտիկ գրականության եւ մշակույթի դոկտորի աստիճան Մինեսոթայի համալսարանում: Նաեւ ստացել է պոեզիայի մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանում: Հատկապես հայտնի է հին հույն հեղինակներ Սաֆոյի, Էսքիլոսի եւ Ապոլոնիոս Հռոդոսցու՝ բարձր գնահատականի արժանացած անգլերեն թարգմանություններով: Նրա ինքնուրույն բանաստեղծական ժողովածուներից են «Տիեզերական մրմուռը» (2012) եւ «Մանհեթընցին» (2017, «Էյբլ մյուզ» գրքի մրցանակ): Բացի պոեզիայից, Փուչիգյանը գրել է «Պարոն Կա՛մ Կա՛մ» չափածո վեպը (2017) եւ դրա շարունակությունը՝ համադրելով դասական ձեւերն ու արդի թեմաները: Նրա «Ամերիկյան աստվածայինը» գիրքն արժանացել է «Ռիչարդ Ուիլբուր» մրցանակին:

–Հարգելի՛ Ահարոն, ավելի քան 30 տարի առաջ երջանկահիշատակ Դայանա Տեր Հովհաննիսյանը ինձ հետ մի զրույցի ընթացքում նշել էր, որ ԱՄՆ-ում ավելի ու ավելի քիչ մարդիկ են հետաքրքրվում պոեզիայով: Կարծում եմ՝ մեր օրերի ամերիկյան հասարակությունում պոեզիան է՛լ ավելի փոքր տեղ է զբաղեցնում:

-Այո, պոեզիան, ինչպես հայտնի է, գրախանութներում ամենավատ վաճառվող բաժինն է: Ես չեմ մեղադրում ընթերցողներին, մեղքը հենց բանաստեղծներինն է, որոնք մոռանում են, որ պոեզիան ամեն դեպքում պետք է նաեւ «զվարճացնող» լինի: Բանաստեղծները պետք է ընթերցողներին տան այն, ինչը նրանց հաճույք կպատճառի: Ես իմ ամբողջ գործունեությունը նվիրել եմ այն բանին, որ պոեզիան դուրս բերեմ ակադեմիական շրջանակներից եւ հասցնեմ հետաքրքրված լայն ընթերցողին: Այդ ուղղությամբ իմ վերջին քայլերից մեկն է «Չուփ» բանաստեղծության հրապարակումը՝ տնային օղու պատրաստման մասին, Ամերիկյան տնային գարեջրագործների ընկերակցության «Զիմերջի»  ամսագրում: Ես նաեւ որոշել եմ այս ամռանը Կենտրոնական զբոսայգում կարդալ իմ եւ ուրիշների բանաստեղծություններից՝ որպես փողոցային կատարող: Մինչ այժմ այսպես եմ փորձում ընդլայնել պոեզիայի տարածքը: Շարունակում եմ մտածել՝ է՛լ ինչ կարող եմ անել:

–Ես երեք անգամ այցելել եմ Իրան (թող այնտեղ հնարավորինս շուտ վերջնական խաղաղությո՛ւն լինի) եւ ուրախությամբ տեսնում էի, թե ինչպես են երիտասարդները հարգում իրենց Հաֆեզին եւ Ռումիին՝ նրանց դամբարանների մոտ կարդալով այդ դասական բանաստեղծների գործերը: Իսկ ամերիկյան հասարակության մեջ ինչպե՞ս է հարգանքը արտահայտվում դասականների հանդեպ:

-Կուզենայի, որ Ամերիկան նույնպիսի ակնածանք ունենար իր «դասական» բանաստեղծների, ասենք՝ Ուոլթ Ուիթմենի, Էմիլի Դիքինսոնի եւ Ռոբերտ Ֆրոսթի հանդեպ: Իհարկե, նրանց պոեզիան դասավանդվում է դպրոցներում ու համալսարաններում, բայց նրանցից ոչ մեկը չի դարձել ամբողջ ժողովրդի, բոլոր ամերիկացիների ընդունված խոսափողը: Ես նախանձում եմ այն ազգային գրականություններին, որտեղ կան «ժողովրդի բանաստեղծներ»: Մենք՝ հայերս, ունենք Ռափայել Պատկանյան եւ Հովհաննես Թումանյան: Որքան հասկանում եմ, ժամանակակից ամերիկյան պոեզիայում չկա այնպիսի բանաստեղծ, որը հասած լինի համազգային ճանաչման: Այնուամենայնիվ, որոշ ուսանողներ իմ դիցաբանության դասին գալիս են դասական գրականության նկատմամբ մեծ հետաքրքրությամբ: Բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ մեր ազգային պոեզիայի դասականների հանդեպ հարգանքն ամերիկյան հասարակության մեջ առանձնապես արտահայտված չէ:

–Դուք նաեւ ակտիվորեն զբաղվում եք հին հունական եւ լատինական, ինչպես նաեւ ֆրանսիական ու չինական դասական բանաստեղծների անգլերեն թարգմանությամբ եւ մեկնաբանությամբ: Մեծ հաճույքով կարդացի Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկները» գրքի ձեր թարգմանության մասին բարձր գնահատականները: Այս գիրքն ինձ համար շատ հարազատ է, քանի որ հայերեն թարգմանիչը՝ իմ հայրը, նույնպես արժանացել է բարձր գնահատանքի իր աշխատանքի համար: Համոզված եմ՝ Բոդլերի ձեր տարբերակն առաջին անգլերեն թարգմանությունը չէ: Ի՞նչ նորություն է բերում ձեր տարբերակը եւ ի՞նչ դժվարությունների եք բախվել այն թարգմանելիս:

-Հուզիչ է իմանալ, որ ձեր հայրը հայերեն է թարգմանել Բոդլերի «Չարի ծաղիկները»: Բոդլերը գրել է հանգավոր պոեզիա: Եղել են ավելի հին մի շարք անգլերեն թարգմանություններ, որոնք վատ են հանգավորված: Ինձ թվաց, որ դրանք կարելի է բարելավել: Իսկ ավելի նոր թարգմանությունները անհանգ ազատ չափով են: Ես հանգի բացակայությունը համարում եմ այդ թարգմանությունների ճակատագրական թերությունը: Դրանք, այսպես թե այնպես, փոխանցում են բանաստեղծությունների իմաստը, բայց զերծ են երաժշտականությունից: Իմ կարծիքով՝ թարգմանիչը պարտավոր է վերարտադրել ոչ միայն բնագրի բովանդակությունը, այլեւ նրա ձեւը, որքան հնարավոր է, ընդունող լեզվի (տվյալ դեպքում՝ անգլերենի) սահմաններում: Երբ նստում եմ ֆրանսերեն կարդալու «Չարի ծաղիկները», դա ինձ համար նման է տրանսի: Զգում եմ, թե ինչպես եմ ներգրավվում նրա երազային բանաստեղծությունների մեջ, եւ Բոդլերի հափշտակող, հմայական ուժի հիմնական պատճառը հանգերն ու կրկնվող ռիթմերն են: Երբ ձեռնամուխ եղա «Չարի ծաղիկների» թարգմանությանը, այո՛, ուզում էի գերազանցել նախորդ թարգմանիչներին, բայց նաեւ՝ անել ամեն ինչ, որպեսզի կախարդեմ ընթերցողին:

–Ես իմ ողջ կյանքում հետեւում եմ աշխարհով մեկ հայկական ծագում ունեցող գրողների ստեղծագործություններին, հատկապես նրանց գրության մեջ արմատների եւ ինքնության թեմաներին: Հայերեն եմ թարգմանել ձեր «Միակ թոռը» բանաստեղծությունը: Բացի ակնհայտ հայկական հղումներից, կարո՞ղ են քննադատներն ու ընթերցողները նկատել այլ տարրեր՝ տրամադրություններ կամ մոտիվներ, որոնք արտացոլում են ձեր հայկական ծագումը:

-Ձեր երկրորդ հարցում խոսեցիք «դասականների» մասին: Ես թե՛ թարգմանությամբ, թե՛ բառարանների օգնությամբ դանդաղ կարդացել եմ հայ դասական բանաստեղծներից Սայաթ-Նովային, Ռափայել Պատկանյանին եւ Հովհաննես Թումանյանին: Այն, ինչ, իմ կարծիքով, առանձնացնում է հայկական պոեզիան, մեծ կրքերի հանդեպ հակվածությունն է: Այն հուզականորեն ծայրահեղ է՝ այս կամ այն կերպ: Իմ ստեղծագործությունն էլ ունի նույն դրամատիկ հակվածությունը:

Ես նաեւ ներշնչվել եմ մեզ հասած հայկական պոեզիայի ամենավաղ նմուշներից մեկից, հատկապես Մովսես Խորենացու «Հայոց պատմության մեջ առկա կրակ բերող, մարդկությանը բարիք պարգեւող Վահագնի ծննդի երգից: Ես այն թարգմանել եմ անգլերեն: Ես հաճախ եմ աշխատում դիցաբանական կերպարների մերկ, տարերային ուժերի հետ: Կարդացել եմ Հայաստանի նախաքրիստոնեական անցյալի մասին, եւ այն, ինչ գտել եմ, մեծապես ազդել է ինձ վրա:

–Ձեր ազգանունը զուգորդվում է Քալիֆորնիայի վերաքննիչ դատարանի նշանավոր դատավորի եւ այդ նահանգի նախկին սենատորի Չաք Փուչիգյանի անվանը: Կա՞ արդյոք կապ ձեր միջեւ:

-Որքան գիտեմ՝ բոլոր Փուչիգյաններն ազգակցական կապ ունեն: Մեր տոհմածառը բարդ եւ խճճված է: Այո՛, Չաքն իմ ազգականն է: Նա իմ հոր զարմիկն է: Մանկության տարիներին ես լողացել եմ նրա լողավազանում: Նա հետաքրքրական պատմություններ էր պատմում նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ իր աշխատանքի մասին: Ես շատ եմ հարգում Չաքին: Նա այլ սենատորների եւ Շվարցենեգերի հետ միասին աշխատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունման ուղղությամբ:

–Գիտե՞ք ձեր անսովոր ազգանվան ծագումը: Կապ ունի՞ «փուչիկ» բառի հետ: Առհասարակ, կպատմե՞ք ձեր հայ նախնիների մասին, եւ արդյո՞ք ձեր ընտանիքում պահպանվել են «հին հայրենիքի» ավանդույթներից:

-Այո՛, ինձ դուր է գալիս «Փուչիգյան» ազգանունը ստուգաբանել «փուչիկ» բառով: Կա նաեւ ընտանեկան մի զրույց, ըստ որի Փուչիգյանների մի նախահայր բացականչել է՝ «Բո՜ւչ» կամ «Փո՜ւչ», իր արածող այծերին կանչելու համար: Ինձ դուր են գալիս անվան ծագման այս մրցակցող տարբերակները. որքան շատ հնարավորություններ՝ այնքան լավ:
1890-ականների վերջերին, Ցեղասպանության պատճառով, իմ մեծ պապը՝ Պետրոս Փուչիգյանը, հեռացել է պատմական Հայաստանի Խարբերդի Փերի գյուղից՝ բախտ որոնելու արտասահմանում: Նա մտադիր է եղել, բավական գումար վաստակելուց հետո, իր մոտ բերել կնոջն ու ընտանիքին, սակայն մինչ այդ կինը եւ կրտսեր որդին մահացել են: Ամերիկայում Պետրոսը նախ աշխատել է Արեւմտյան Վիրջինիայի ածխահանքում, ապա՝ Քալիֆորնիայի ոսկու հանքում: Ի վերջո, 14 տարի անց նա վերամիավորվել է ավագ որդու՝ Գեւորգի հետ եւ Ֆրեզնոյում խաղողի այգի է հիմնել: Հետագայում կրկին ամուսնացել է եւ ունեցել իմ պապին՝ Վահան (Վոն) Փուչիգյանին, ծնված 1909 թվականին: Ընտանեկան զրույցը պատմում է, որ երբ Ամերիկայում որոշ գումար էր կուտակել, Պետրոսը որոշ ժամանակ զբաղվել է նաեւ զենքի մատակարարմամբ՝ այն հասցնելով հայերին՝ նրանց գործին աջակցելու համար:

–Ահարո՛ն, անցյալ տարի դուք արժանացաք 2025 թվականի «Անահիտ» գրական մրցանակին, որը շնորհում է Կոլումբիայի համալսարանի հայկական կենտրոնը՝ ի պատիվ հայ մշակույթի եւ տաղանդների: Իսկ ունե՞ք Հայաստանին առնչվող ծրագրեր:

-Մինչ այժմ ես հայերենից թարգմանել եմ երկու բանաստեղծություն՝ մեկը, ինչպես նշեցի, «Վահագնի ծնունդը», մյուսը՝ Ռափայել Պատկանյանի «Նոր սերունդը»: Դա պահանջեց բառարանների հետ դանդաղ ու մանրակրկիտ աշխատանք: Ես մեծացել եմ Հյուսիսային Դաքոթայում՝ շատ հեռու իմ հայ ազգականներից, եւ լեզուն ընտանիքում չեմ սովորել: Ամառները գնում էի Ֆրեզնո՝ հայ հարազատներիս մոտ, եւ այնտեղ էլ մկրտվել եմ Սուրբ Պողոս հայ առաքելական եկեղեցում: Իմ հարաբերությունը հայկական ժառանգության հետ միշտ եղել է բարդ եւ որոշակի մեղքի զգացումով լի:

Ես որոշել եմ այստեղ՝ Մանհեթընում, Սուրբ Վարդան մայր տաճարում, մասնակցել հայոց լեզվի դասերի: Ես կարողանում եմ օտար լեզուներով արագորեն կարդալ սովորել եւ հույս ունեմ նույնը անել նաեւ հայերենի դեպքում: Որոշել եմ առայժմ այլեւս թարգմանությամբ չզբաղվել, որպեսզի կենտրոնանամ իմ ինքնուրույն ստեղծագործության վրա: Այնուամենայնիվ, եթե կրկին զբաղվեմ թարգմանությամբ, ապա դա կլինի վերոհիշյալ բանաստեղծների՝ Սայաթ-Նովայի, Ռափայել Պատկանյանի եւ Հովհաննես Թումանյանի պոեզիան…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ԱՀԱՐՈՆ ՓՈՒՉԻԳՅԱՆ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԵՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Ահա՛ ծառեր, որ հավետ կատարում են

դանդաղ, ծավալուն մի պար,

որ կոչվում է «Ձգտում դեպի լույսը»:

Ու նաեւ ստվերներ, որ մշտապես

նախշերը լցնում են թեք հայացքով

ու հորիզոնական բարձրությամբ:

Ողջ տեսարանն այս, իր համապատասխան

շարժումների ձեւերով,

մատնանշում է

պայծառ մի աղբյուր՝ բողբոջման ու տարածման:

Փակում եմ աչքերս եւ շրջում հայացքս դեպի արեւը,

արեւը՝

առանցքն այս ամենի:

ՈՒՇ ԳԻՇԵՐԸ

Հիմա, երբ փոթորիկը մռնչալով հեռացավ քաղաքից,

մառախուղ է: Մենք շնչում ենք

մշուշի փշրանքներն

ավազանների դիմաց, որտեղ նեոնային ցուցանակներն

առկա են որպես ալիքներ,

իսկ լուսինները գլխիվայր են շրջված:

Ճեղքվել է մառախլապատ իրականությունը:

Նրա արտացոլքն անդրադարձնում է մեր իսկ փայլը:

Միասին փախչելը

միայնակ փախչելուց ավելի լավ է:

Լավ ժամանակ անցկացրի՝ հարբելով քեզ հետ:

ՄԻԱԿ ԹՈՌԸ

Ի հիշատակ Վահան Պետրոս Փուչիգյանի (1909-1996)

Օդակայանից, որ կոչվում է Միդուեյ,

ջրամբարների ու դաշտերի վրա

ճախրեցի ես մի ինքնաթիռով փոքրիկ՝

նախատեսված կարճ չվերթների համար:

Հասա հովիտ, երբ քո թաղման ծեսն էր վերջին:

Խաղող էիր տնկել դու չամիչի համար.

քահանաները դա հաստատեցին,

չէիր տրտնջացել, քանի որ տոհմական

որթերը նորանոր սերունդներ սնեցին:

(Իմ սերմի մասին խոսեցին ծեր կանայք):

Վաճառեցինք այգին, որթերը պոկեցինք.

շատ շուտ մահացար, որ կոչեիր ինձ՝ խե՜նթ.

Պատվավոր կոչումն էր մեր գերդաստանի:

Ես միշտ հավատարիմ քո հիշատակին,

անցա կորած Գինու երկիրը դյութական,

ծածուկ բերեցի այս մասունքն իբրեւ կաշառք.

պապի՜կ, թող այն լինի քո հետնորդը՝ որդի՛դ:

Անգլերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Սփյուռքում՝ Հայաստանի եւ Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտը` Երվանդ Ազատյան

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Սփյուռքում՝ Հայաստանի եւ Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտը` Երվանդ Ազատյան

Լրահոս

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով

15/06/2026

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` ընդամենը 15 օրում: 2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը...

ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ. Թրամփ

15/06/2026

Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ։ The New York Times-ին տված...

Կիևը Արբիտրաժում պարտվել է Մոսկվային. Կերչի նեղուցի, Ազովի ծովի և Ղրիմի նկատմամբ իրավունքների վերաբերյալ դատական հայցը մերժվել է

15/06/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է իր հաղթանակի մասին միջազգային արբիտրաժային գործում, որը վերաբերում էր Կերչի նեղուցում, Ազովի ծովում և...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական