Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Թուրքական լիրա. ի՞նչ  վիճակում է նա

Մեր թերթի հունվարյան արձակուրդի օրերին ֆեյսբուքյան ցանցում հազվադեպ մի գրառում էի կատարել «Վայ փորձագետներին» վերնագրով:

Ի՞նչ էի ցանկացել ասել. որ հայերիս վիճակը անասելի ծանր է, անհանգստացնող, սակայն մեզ դեպի վախի, առավել եւս` սարսափի միջավայր մի՛ տարեք: Առաջարկել էի  մասնագետ փորձագետներին ուշադրություն դարձնել թուրքական պետության ֆինանսական վիճակի վրա:

Նվազագույնս էի տեղյակ, որ տարածաշրջանային պետություն դառնալու ձգտող այս երկրի ղեկավարությունը դռնեդուռ ընկած ֆինանսական միջոցներ է փնտրում, դիմել էր Սաուդյան Արաբիային 50 մլրդ դոլար վարկ ստանալու խնդրանքով, որը կարծես անորոշ էր թողնվել, քանզի Թուրքիայի երկրի մասամբ իսկ  կայացումը շատ-շատերի համար է խնդրահարույց: Ակնարկս փորձ էր մասնագետ կադրերի վերլուծությունների օգնությամբ նախանշել այն ոլորտներն ու ճյուղերը, որտեղ կարելի է մրցակցել թուրքական բիզնեսի հետ, մեր տեղը հաստատել շուկաներում: Վստահ եմ, մեր ներուժից խոսելուց զատ կարող ենք նաեւ ինչ-ինչ քայլեր անել, ինչու ոչ` նաեւ սփյուռքի հայրենակիցների հետ համագործակցել:

Այդ օրերից սկսած պարբերաբար հետեւում եմ «Բլումբերգ» հեռուստաընկերության հաղորդումներին, առավելապես` ֆինանսական հոսքերի հաշվետվություններին: 2023-ի ավարտական օրերին դոլար-լիրա հարաբերակցությունը 1-29 էր, որոշակի շրջան առաջվա 1-7-ի, ապա 1-15-ի դիմաց: «Ազգ»-ի  թիվ 2-ում արդեն նշեցի, որ թուրքական լիրան 2024-ի հունվարի 10-ին հատեց դոլարի դիմաց 30 միավորի հարաբերակցությունը, որն ինչ-որ բան հուշում է: Ցանկալի է իմանալ ֆինանսական ոլորտի մասնագետների կարծիքը, որը չգիտես ինչու չի  հնչում: Եղբայր, բիզնես միջավայրը, նաեւ առեւտուր անողները ձեր խոսքի կարիքն ունեն, թեկուզ ակնարկներով ինչ-որ բան հուշեք, ազատ առեւտրի նրբություններից տողատակերով խոսեք, ի վերջո` լռելու պահն ու ժամը չէ, այլ գործելու, անգամ սխալվելու:

Հունվարի 5-ին, ըստ արդեն հիշատակված «Բլումբերգ»-ի հրապարակումների, 1 դոլար գնելու համար պահանջվում էր 30,6 լիրա: Այդ օրը հրաժարական տվեց ընդամենը ամիսներ առաջ այս երկրի կենտրոնական բանկը գլխավորած` առայժմ առաջին կին նախագահը: Գուցե այս փաստն ինչ-որ բան հուշի, ստիպի մերոնց շարժվել,  որպիսի գրառումները պատրաստ ենք տպագրել մեր թերթի էջերում:

Դեպի գործ, հարգելի փորձագետներ, քանզի հանրությունը ձեր խոսքի կարիքն ունի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ