Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

70-ամյակ. Գիտության անխոնջ աշխատավորը՝ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

ԱԶԳ
05/04/2024
- 5 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Իր կյանքի 70-ամյակը բոլորեց պատմական Գողթան գավառի Փառակա նշանավոր գյուղից սերված բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր Անուշավան Հազարապետի Զաքարյանը: Գիտական հասարակայնությանը տասնամյակներ ի վեր ծանոթ է նրա նվիրվածությունը հայագիտությանը, այս ասպարեզում նրա իմացությանն ու հետեւողականությանը, որով նա իրացնում է իր մասնագիտական նախասիրությունները՝ գիտության զարգացման համար այս դժվարին ժամանակներում:

Ա. Զաքարյանն անցել է կենսագրական հետաքրքրական ու բեղուն ճանապարհ: 1977 թ. մարտից սկսվում է Ա. Զաքարյանի խմբագրական գործունեությունը, երբ աշխատանքի է ընդունվում ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչությունում որպես խմբագիր, այնուհետեւ 1980 թ.՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրում՝ պատասխանատու քարտուղարի պարտականությամբ: Ակադեմիական միջավայրը նշանակալիորեն նպաստեցին երիտասարդ հետազոտողի գիտական կարելիությունների ձեւավորմանն ու խորացմանը:

1989-1990 թթ. Ա. Զաքարյանը միաժամանակ «Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպության «Գոյամարտ» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարն էր: 1993 թ. հոկտեմբերից ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմում ստանձնեց հրատարակչական բաժնի վարիչի պաշտոնը: Ա. Զաքարյանի կազմակերպչական կարողությունները լիուլի դրսեւորվեցին ՀՀ կառավարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում (1998 թ.), ապա մինչեւ 2019 թ. ղեկավարել է Ազգային ժողովի աշխատակազմի հրատարակչական աշխատանքները:

1999 թ. Ա. Զաքարյանն աշխատանքի անցավ ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսում» որպես պատասխանատու քարտուղար՝ ստանձնելով գլխավոր խմբագրի տեղակալի (2003 թ.), այնուհետեւ 2018 թ.՝ գլխավոր խմբագրի պարտականությունները: Նրա հմուտ ղեկավարությամբ այդ հրատարակությունը հանդես է գալիս որպես ներկայիս հայագիտական լավագույն պարբերականներից մեկը: Մնում է հուսալ, որ գործնականում եւս «Պատմաբանասիրական հանդեսը» ձեռք կբերի գիտական հրատարակության՝ միջազգային գիտական շտեմարանի կարգավիճակ, որպիսին, ի դեպ, առ այսօր չի հաջողվել հանրապետությունում հրատարակվող գիտական հանդեսներից եւ ոչ մեկին: Ավելացնենք, որ պարտադրված այդպիսի կարգավիճակը մեզ ներկայանում է որպես հայրենի հայագիտությունն ու հայոց լեզուն նսեմացնող եւ հանրապետության սահմաններից դուրս գտնվող, մեր իսկ գիտական միտքը կտրականապես ժխտող մի առեղծվածային եւ վրեժխնդիր կուռք, որի պահանջած զոհաբերությունը, կարծում ենք, հայրենական եւ հայալեզու հայագիտությունն է, նրա դիմազրկումը եւ գոյության իրավունքի ժխտումը:

1985 թ. Ա. Զաքարյանը պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն՝ «Ռուս գրողներն Անդրկովկասում եւ հայ գրական կյանքը» թեմայով՝ նվիրված հայ-ռուս գրական ու մշակութային կապերին, այդ թվում նաեւ քիչ կամ անհայտ՝ գիտական հանրությանը: Թեման ինքնին ուրվագծում էր դրա հիմնահարցերի լուծման հեռանկարայնությունը, որին եւ ձեռնամուխ եղավ Ա. Զաքարյանը 2005 թ.՝ տասնամյակների խորքային հետազոտությունների եւ լուրջ ընդհանրացումների արդյունք հանդիսացող՝ «Ռուս գրագետները եւ հայ իրականությունը (XX դ. 10-ական թվականներ)» թեմայով դոկտորական ատենախոսության մեջ:

Ազգային գրական կյանքի, մասնավորապես՝ գրաքննադատական մտքի հետ այդ առնչությունների հիմնահարցը, իր հերթին, շարունակում էր հուզել գիտական հասարակայնությանը: Նույն այդ պահանջներով Ա. Զաքարյանը գրեց դրան համապատասխան թեմաներով իր տասնյակ մենագրությունները, բազմաթիվ հոդվածներն ու հրապարակումները: 1910-ական թվականների ժամանակահատվածն իր ընթացքի համոզիչ մեկնաբանությունն է ստացել Ա. Զաքարյանի առաջին մենագրություններում՝ «Ռուս գրողները Անդրկովկասում եւ հայ գրական կյանքը (1914-1920)» (1984), «Ռուս գրագետները եւ հայ իրականությունը (XX դ. 10-ական թթ.)» (1994, ռուսերեն), «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս գրագետների գնահատմամբ» (2003, ռուսերեն) վերնագրերով: Հեղինակը ստեղծել է մեր ժողովրդի կենսագրության այդ հատվածում քիչ ծանոթ կամ անհայտ ռուս գործիչների մի ամբողջ պատկերասրահ՝ հայ իրականության հետ ունեցած իրենց կապերով ու հարաբերություններով: «Ալեքսանդր Կուլեբյակինը եւ Հայաստանը» (2003, ռուսերեն) մենագրության մեջ՝ նա լուսաբանում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արեւմտյան Հայաստանում ռուսական զորքերի կազմում մարտնչած ռուս գեներալի մարդասիրական եւ գրական-մշակութային գործունեությունը: Ա. Կուլեբյակինի հետ բավական ընդհանրություններ ունի ժամանակի ճանաչված գրող Բորիս Լազարեւսկին: Նրա գործունեությունն առաջին անգամ հայ ուսումնասիրողների մեջ վերհանել է Ա. Զաքարյանն իր «Բորիս Լազարեւսկին Հայաստանի եւ հայ կանանց մասին» մենագրության մեջ (2004):
Ամբողջացնող նշանակություն ունեն ռուս անվանի գրող, հրապարակախոս, թարգմանիչ եւ հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկուն նվիրված նրա մենագրությունները՝ «Սերգեյ Գորոդեցկին Արեւմտյան Հայաստանում եւ Անդրկովկասում (1916-1921 թթ.)» (2010, հայերեն, 2015, ռուսերեն) եւ «Սերգեյ Գորոդեցկու «Բանաստեղծների համքարությունը» եւ «Ակմե» ժողովածուն» (2011, ռուսերեն): Այս աշխատություններն էլ վկայում են հեղինակի լայն իրազեկության եւ հետազոտական մոտեցումների արդյունավետության մասին: 2012 թ. Ա. Զաքարյանը մեկ գրքով՝ հայերեն եւ ռուսերեն («Իլյա Էրենբուրգի թիֆլիսյան օրերը» վերնագրով), անդրադարձել է ռուս նշանավոր գրող եւ հրապարակախոս Իլյա Էրենբուրգի գրական-հասարակական գործունեությանը Թիֆլիսում, 1920 թ. աշնանը:

Իր նախասիրած թեման գրականագետը շարունակում է մշակել ռուս գրականության եւ մշակույթի գործիչներին նվիրված մյուս աշխատություններում: «Արեւմտահայ իրականությունը ռուս հրապարակախոս Տ. Օլգենինի գնահատմամբ» գրքում (2014) Ա. Զաքարյանն առանձնացնում է, դարձյալ առաջին անգամ՝ մեր մշակութային առնչություններին վերաբերող գրականության մեջ, Տ. Օլգենինի (Անտուան Բերեզովսկի-Օլգինսկի) հրապարակախոսական-լրագրական գործունեության փայլուն արդյունքները:

Բնութագրական են մեզանում հանրահայտ Վ. Բրյուսովի գործունեության լուսաբանումները գրականագետի գրչի ներքո: «Հայաստանը Վ. Բրյուսովի գրական-հասարակական գործունեության մեջ» մենագրությունում (2016, ռուսերեն) Ա. Զաքարյանն արժեքավորում է այդ գործչի՝ Անդրկովկասում կարդացած հրապարակային բանախոսությունների գրապատմական նշանակությունը: Այս հիմնահարցն Ա. Զաքարյանն ամբողջացրեց «Ռուս գրողները եւ Հովհաննես Թումանյանը» գրքում (2019)՝ նվիրված հայ դասականի ծննդյան 150-ամյակին: Նույն՝ 2019 թ., Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առթիվ Ա. Զաքարյանը տպագրեց «Ռուս կոմպոզիտոր Թոմաս Հարտմանը եւ Կոմիտասը» աշխատությունը: Այստեղ եւս նա հավատարիմ է մնում ժողովուրդների մշակութային մերձեցումները հետաքննելու իր նախասիրությանը: Ռուս ականավոր բանաստեղծ Օ. Մանդելշտամի կենսագրական հանգամանքներին եւ Հայաստանին ու հայերին վերաբերող նրա ստեղծագործությունների բնութագրին Ա. Զաքարյանն արդիական հնչեղություն է տվել «Օսիպ Մանդելշտամ. բանաստեղծը եւ Հայաստանը» վերտառությամբ աշխատության (2022) մեջ:

Ա. Զաքարյանի գիտական արգասիքների մեջ պետք է առանձնացնել ազգային հասարակական մտքի կարկառուն ներկայացուցիչ Դավիթ Անանունին նվիրված աշխատությունը՝ «Դավիթ Անանուն. կյանքը եւ գործունեությունը» աշխատությունը (2023): Իր թողած ահռելի մտավոր ժառանգությանը ներհակ՝ Դ. Անանունը մեզանում քիչ է ուսումնասիրվել, եւ այս աշխատությունը ոչ միայն յուրօրինակ հրավեր է մերօրյա հայագիտությանը՝ լրացնելու այս ակնհայտ բացը, այլեւ տալիս է դրան ձեռնամուխ լինելու լրջմիտ օրինակներից մեկը:

Հիշատակության են արժանի Ա. Զաքարյանի կազմած գիտավերլուծական ու տեղեկատվական հրապարակումները՝ «Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտի տարիներին («Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու)» (2005, հայերեն եւ ռուսերեն), «Շիրվանզադեի հրապարակախոսական ժառանգությունից (1914-1919 թթ.)» աշխատանքը (2006), «Տ. Հովհաննիսյան. Տաճիկ կառավարությունը եւ իթթիհաթը մարդկության դատարանի առաջ» աշխատության վերահրատարակությունը (2007), Զ. Եսայանի «Ժողովուրդի մը հոգեվարքը (Աքսորեալ հայերը Միջագետքի մէջ)» խորագրով ակնարկի վերահրատարակությունը (2020): Սկզբնաղբյուրային նշանակություն ունի Ա. Զաքարյանի կազմած՝ պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի «Պատմական հայկական վաշտը» օրագրության հրատարակությունը (2009), որն առնչվում է Անդրանիկի գնդի ձեւավորման ու մարտական ուղու պատմությանը: Վերոհիշյալ գործերին Ա. Զաքարյանը կցել է իր հմտալի առաջաբաններն ու ծանոթագրությունները՝ ընդգծելով մեր ժողովրդի համար բոլոր ժամանակներում արդիական մնացող նրա պատմական հիշողությունը՝ թուրքերի կողմից իրականացրած Ցեղասպանության իրողությունը:

Ա. Զաքարյանի «Էջեր Մանուկ Աբեղյանի պատմահրապարակախոսական ժառանգությունից» ժողովածուն (2013) առնչվում է ՀՀ ԳԱԱ-ի պատմությանը: Մ. Աբեղյանն անդամակցում էր ակադեմիայի հիմնադիր կազմին եւ, անշուշտ, հրատապ նշանակություն ունի ԳԱ հիմնադիր նիստում այդ երեւելի հայագետի ելույթի ամբողջական շարադրանքը, որ ներկայացվել է սույն ժողովածուի մեջ: Առավել քան հրատապ, որովհետեւ այսօր ՀՀ ԳԱԱ-ն կանգնած է լուծարման առջեւ՝ հայ գիտաշխատողների ստվար ջոկատի եւ Հայաստանում գիտության ճակատագրին առնչվող բազմաթիվ մարդկանց զարմանալի համակերպման պայմաններում, վարչական միահեծանության քմահաճույքով ու կարգով: Արդյոք սերունդները մեզ կներե՞ն ազգային մտավոր մեր այս կառույցի կամավոր եւ հանցավոր ոչնչացման համար: Կարծում եմ՝ ո՛չ, եւ այս կարծիքին է հանգեցնում նաեւ Մ. Աբեղյանի հիշյալ ելույթը:

Հիշատակության արժանի են Ա. Զաքարյանի անդրադարձները հայոց պետականության անցյալին՝ «Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը» վերնագրով (2018), այս դարաշրջանի պատմականությունը լուսավոր դեմքերով լրացնող Գ. Հովսեփյանին, Ստ. Մալխասյանցին, Ս. Տեր-Հակոբյանին, Ե. Օտյանին, Իրազեկին (Հ. Տեր-Հակոբյան), Ա. Չոպանյանին, Մ. Բաբայանին, Լ. Լիսիցյանին եւ այլոց գործունեությանը վերաբերող վավերագրական նյութերի հրապարակումները:

Իր գիտական լայն ընդգրկումների եւ հայ մշակույթի ու գրականության հույժ ուշագրավ էջերի հայտնաբերման ու լուսաբանման համար Ա. Զաքարյանը տասնամյակներ ի վեր վայելում է գիտության անխոնջ աշխատավորի եւ դրա զարգացման գործում սեփական պատկառելի ավանդը ներդնողի արժանի հեղինակությունը: Ի սրտե շնորհավորում ենք նրան՝ իր հոբելյանի առթիվ եւ ցանկանում քաջառողջություն ու անսպառ ավյուն՝ իրեն սպասող հետագա ազնիվ գործունեության մեջ:

ԱԼԲԵՐՏ ԽԱՌԱՏՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Նախորդ գրառումը

Ֆընգ Յանգ Մինգ. «Հայաստանի համար այսօր ամենակարեւորն ուժեղ կառավարություն ունենալն է»

Հաջորդ գրառումը

Պապիկյանը ընկերոջը ժամերով սպասեցրել, բայց չի ընդունել

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Ոչ բացառում եմ, ոչ՝ հաստատում. գուցե եւ լինեն կոռուպցիոն ռիսկեր»

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական