Հինգշաբթի, Հունիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՇՏԱՏԵՎ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ

25/09/2020
- 25 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Ուղիղ 320 տարի առաջՙ 1700թ., Մխիթար Սեբաստացին Կ.Պոլսում հիմնեց վանական մի միաբանություն, որը հայ մշակույթին ու մեր մտավոր զարգացման պատմությանը բերած իր նպաստով անհամեմատելի է ազգային որեւէ հաստատության հետ:

Մինչեւ Մխիթարը

Անցնող տարիների հեռվից քննելով Մխիթար վարդապետի կյանքի ու գործի հանգամանքներըՙ կրկին համոզվում ես մեծ գեղագետ Արշակ Չոպանյանի արտահայտած այն մտքի ճշմարտության մեջ, ըստ որի Մխիթարի կյանքը «մին է մարդկութիւնը պատուող հոյակապ դիւցազներգութիւններէն», որի հերոսը կարողանում է «ոչինչէն աշխարհ մը ստեղծել»:

Այդ «ոչինչն», իհարկե, նշանավոր մտածողի ժամանակի հայ կյանքի անկյալ վիճակն էր, շուրջբոլորը տիրող թանձր խավարն ու տգիտությունը: Որքան էլ որ դարեր շարունակ մեզանում «Վանորայք (այսինքնՙ վանքերը – Լ.Լ.) եղան նշանաւոր վարժարանք ուսմանց», Մխիթարի օրոք դրանցից լոկ արտաքին ճգնությունն էր մնացել: Ավելինՙ իսպառ մարել էր բուն վանականության ոգին, եւ վանականների մեծ մասը, ինչպես ժամանակագիրներից մեկն է գրում, «ո՛չ պահք եւ ո՛չ ծոմ ունէին. բոլոր տարին ուտիք էր իրենց համար»: Նույնը վկայում է 17-րդ դարի նշանավոր պատմիչ Առաքել Դավրիժեցին , որի վկայությամբ գյուղերում լռել էր ժամկոչի ձայնը եւ վերացել քահանայության շնորհը:

Դեռ ուսումնատենչ պատանի, շրջելով վանքեվանքՙ Սեբաստիայից մինչեւ Սեւանավանք, Մխիթարը դրանցում տեսավ նվազած նախկին միությունն ու սերը, նկատեց ընթերցասիրության պակասը, որի հետեւանքով մատյանները լուռ փոշոտվում էին գրադարակներում: Կրկին հիշատակենք Դավրիժեցուն. «Ոչ բնաւ ընթեռնուին գիրս, այլ էին փակեալ եւ լռեալ մատեանք»: Բերենք մեկ այլ ցցուն փաստ ասվածը հաստատելու համար. Սեւանավանքի առաջնորդ Հովհաննես վարդապետը, օրինակ, մեղադրվեց այն բանի համար, որ ծովը նետել տվեց բոլոր հին ձեռագրերը, որպեսզի ժամանակի Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը (1763-1780) կղզի այցելելիս հանկարծ չտեսներ դրանց անկարգ վիճակը…

Մխիթար եւ Խաչատուր

Ահա՛ նմանատիպ վիճակն էր, որ Մխիթար Սեբաստացու մոտ ծնեց նոր միաբանություն հիմնելու գաղափարը, որի հիմքում պիտի լինեին կրոնը, գիտությունը եւ միությունը: Նպատակն էր աջակցել ազգի հոգեւոր եւ իմացական վերելքին, ծավալել ուսումնակրթական, գիտական եւ մշակութային գործունեություն:

Ստեղծվելիք կրոնական միաբանության անդամները սոսկ ճգնավոր աբեղաներ չպետք է լինեին, այսինքնՙ որակական իմաստով դա նոր տիպի հաստատություն էր լինելու, որի անդամներից յուրաքանչյուրը մաս էր կազմելու լուսավորության հզոր շարժման: Վերջինս ընդգրկելու էր հայ մտավոր կյանքի գրեթե բոլոր ոլորտներըՙ պատմություն, բանասիրություն, թարգմանություն, հրատարակչական գործ եւ այլն:

Այդ հսկա գործը ձեռնարկելուց առաջ Մխիթարն իր մտադրությունը հայտնեց ժամանակի հանրագետ մտածող եւ պոլսաբնակ ճարտասան Խաչատուր վրդ. Էրզրումեցունՙ առաջարկելով կանգնել գործի գլուխ: Վերջինս ողջունելով հանդերձ գաղափարըՙ այն անգործադրելի գտավ «զչքավորութիւն առաւելապէս պատճառելով»: Իրոք, անդուլ ջանքերից զատ նաեւ նյութական մեծ միջոցներ էին հարկավոր: Այդուհանդերձ, Խաչատուր վարդապետը մինչեւ իր կյանքի վերջ սերտորեն կապված մնաց միաբանությանըՙ դրա հիմնադրին մեծապես օգնելով թե՛ խորհուրդներով եւ թե՛ ջատագովությամբ:

Միաբանության կազմավորման ընթացքը

Լինելով համառ ու անկոտրում կամքի տեր մարդ եւ հավատարիմ մնալով իր տեսլականինՙ Մխիթար Սեբաստացին հայաշատ Պոլիսն ընտրեց իբրեւ հիմնադրման վայր: Արեւելքի մշտատատան հողը, սակայն, նպաստավոր չեղավ նման հաստատության առաջադիմության համար: Խանգարում էին հատկապես այդ քաղաքում մոլեգնող դավանաբանական կռիվները, որոնցից խույս տալու նպատակով կաթոլիկությանը հարած հայորդին 1703-ին իր աշակերտներով ծպտյալ հեռացավ դեպի Հունաստանի Մեթոն բերդաքաղաքը: Կրելով բազում դժվարություններՙ նա այդտեղ կառուցեց առաջին հայկական եկեղեցին ու ծավալեց գիտամանկավարժական գործունեությունՙ թեկուզ առանց դասագրքերի ու հրատարակչական հնարավորությունների: Այդտեղ էր, որ նրան կրկին օգնության հասավ վաղեմի ընկերն ու բարեկամըՙ Խաչատուր Էրզրումեցին, որ նրան ուղարկեց իր պատրաստած դասագրքերը:

Չնայած 14 տարիների տքնաջան աշխատանքինՙ ի հետեւանս թուրքական հարձակմանՙ նորածիլ միաբանության անդամները կրկին ստիպված եղան թողնել-հեռանալՙ այս անգամ արդեն Վենետիկ: Այդտեղ արդեն բոլոր պայմանները կային հոգեւոր-մտավոր գործունեությամբ զբաղվելու համար: Լուսավորյալ այդ քաղաքի ծերակույտը միաբանությանը շնորհեց քաղաքամերձ Սուրբ Ղազար կղզին, որտեղ Մխիթարն իր 16 աշակերտներով մուտք գործեց 1717թ. սեպտեմբերի 8-ինՙ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը: Բորոտների նախկին բուժարանը հայ վանականների շնորհիվ վերածվեց հայաշունչ մենաստանի, որտեղ Մխիթար Աբբան ձեռնհասությամբ վարեց միաբանության ոչ միայն գիտակրոնական եւ ուսումնական, այլեւ տնտեսական ու վարչական աշխատանքներըՙ կառուցելով եկեղեցի ու բացելով դպրոց, որն ինքը «համալսարան» էր կոչում:

Սկզբից եւեթ մերժելով օտարերկրացիների անդամակցությունըՙ միաբանության երանաշնորհ հիմնադիրը միշտ վառ պահեց իր հայ աշակերտների սերն առ Հայրենիք ու հայ ժողովուրդը, նրա հոգեւոր գանձերը: Անխոնջ ու բազմարդյուն աշխատությամբ նա վերարծարծեց մտավոր կյանքը մեզանում: Հիմնելով մատենադարանՙ նա դրեց հայ հին ձեռագրերի հավաքման եւ ուսումնասիրման սկիզբըՙ միաժամանակ հրատարակելով 50 հատոր գիրք: Երեւույթ էր, օրինակ, նրա հրատարակած Աստվածաշունչը (1733)ՙ նրբաճաշակ փորագրություններով ու գեղեցիկ լուսանցազարդերով եւ բաղդատությամբ 7 այլալեզու թարգմանությունների: Լինելով գրաբարի ջատագովՙ Մխիթարն այնուամենայնիվ առաջինն էր աշխարհաբարի քերականություն ստեղծելու հարցում (1727): Իր մյուս երկասիրություններով նա իր առջեւ խնդիր դրեց ձերբազատել հայերենը լատինաբանության խորթ երեւույթներից:

Հիշատակենք նաեւ 25 տարվա ջանադիր աշխատանքի արդյունք հանդիսացող նրա «Հայկազյան բառարանը», որի առաջին հատորը լույս տեսավ հեղինակի մահից 3 շաբաթ անց: Սա նշանակալի երեւույթ էր ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային բառարանագրության մեջ: Շնորհիվ այդ աշխատության հայերենը ժամանակին դարձավ աշխարհի վեցերորդ լեզունՙ լատիներենից, հունարենից, իտալերենից, ֆրանսերենից ու իսպաներենից հետո, որ ունեցավ նման ամբողջական բառարան:

Տեղին է այստեղ մեջբերել լուսամիտ հայ վարդապետի հետեւյալ խոսքերն Առաջաբանից, որ մահամերձ հեղինակի ընծայականն էր մայր ժողովրդին. «Խոնարհամիտ սրտիւ ընծայեմ քեզ զպտուղ բազմամեայ աշխատութեանս նուէր սիրոյ, զի ցանկալի է ինձ յինէն առնուլ եւ քեզ տալ»:

Իրոք, դրամատիկ ճակատագիր ունեցավ լուսանորոգ այս հայորդին: Ժամանակին նրան քննադատեցին ե՛ւ առաքելական, ե՛ւ կաթոլիկ հայերը: Առաջինները մեղադրեցին Հռոմի եկեղեցու գիրկն ընկնելու ու վերջինիս գերակայությունն ընդունելու մեջ, երկրորդները նրան ներկայացրին իբրեւ ըմբոստ ու ինքնիշխանՙ Հռոմի եկեղեցական իշխանությունից անկախ: Նման ամբաստանությունների գլխավոր պատճառը թերեւս այն էր, որ կաթոլիկ դավանանքն ընդունելով հանդերձՙ Մխիթար Սեբաստացին մնացել էր ճշմարիտ հայասեր ու հայրենասեր: Նրա համոզմամբ, ազգն ու կրոնը տարբեր հասկացություններ են, ուստի եւ հարկ չկա մեկի համար մյուսը զոհել:

Մխիթարից հետո

Գործադրված քայլերի շնորհիվ Մխիթար Սեբաստացին շարունակական ու մշտատեւ դարձրեց իր սկսած գործն ու հիմնած միաբանությունըՙ անձնական ջանքերը վերածելով հավաքականի եւ օտար երկնքի տակ ստեղծելով իմացական հայրենիք: Պատահական չէր, որ նրան կոչեցին «Նոր Լուսավորիչ ազգիս», «Երկրորդ Մեսրոպ» եւ այլն: Իրոք, եթե Մեսրոպ Մաշտոցը ծնեց հայոց գրերը, ապա Մխիթարը վերածնեց դրանքՙ դնելով շարժման ու գործողության մեջ: Նրա աշակերտները դրեցին հայագիտության հիմքերը Եվրոպայումՙ միաժամանակ եվրոպական միտքը ներբերելով հայ իրականություն:

Դեռ Մխիթարի կենդանության օրոք եվրոպացի գիտնականները հաճախակի էին դիմում նրանՙ խորհուրդներ հարցնելով եւ խնդրելով նրա հրատարակած գրքերից: Իսկ աշակերտների համար ինքը գիտնական վարդապետի խոսուն օրինակ էր, որ սովորեցնում էր համաբազուկ ու գիտական լրջությամբ աշխատել: Ուշագրավն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն ընթացավ միաժամանակ մի քանի ուղղությամբՙ ստեղծելով մնայուն արժեքներ մտավոր մշակույթի բառացիորեն բոլոր բնագավառներում:

Բավական է մի քանի դրվագ հիշել: Նախՙ Միքայել Չամչյանի «Հայոց պատմությունը» (1784), որը նոր ժամանակների հայ պատմագիտության ու քաղաքական մտածողության հիմնաքարը դարձավ: Հիշատակենք նաեւ պատմաբան, աշխարհագրագետ, ութհատորանոց «Դարապատումի» հեղինակ Ղուկաս Ինճիճյանին, որը աշխարհաբար հրապարակագրության հիմնադիրը եղավՙ 1799-ից հրատարակելով «Տարեգրութիւն», «Եղանակ Բիւզանդեան», ապա եւ «Դիտակ Բիւզանդեան» պարբերականները: Շարունակությունը եղավ 1843-ին Ղեւոնդ Ալիշանի սկզբնավորած «Բազմավէպը», որը հայ լրագրության կենդանի նահապետն է ու անընդմեջ հրատարակվում է մինչ օրս: 1789թ. հիմնելով սեփական տպարանՙ մխիթարյան հայրերը մեր մատենագրական գոհարներից զատ լույս աշխարհ հանեցին օտար գրական գլուխգործոցների ընտիր հայացումներ:

Ու թեեւ Մխիթարի մահից հետո նրա անունը կրող միաբանությունը երկճյուղվեց 1773-ինՙ Վենետիկից զատ հանգրվանելով նաեւ Վիեննայում, ուժերի որեւէ ջլատում տեղի չունեցավ: Հակառակը, կրկնապատկվեց Մխիթարի տան հզորությունըՙ ապահովելով գործունեության բազմապիսություն եւ կատարյալին ձգտող մրցակցություն:

2000թ. հուլիսին, սակայն, միացյալ ընդհանուր ժողովի որոշմամբ կրկին միավորվեց Մխիթարյան միաբանությունը, որի գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սբ. Ղազար Մայրավանքն է, իսկ գլխավոր մենաստանըՙ Վիեննայի վանքը: Միաբանության քահանայապետական պատվիրակը Թուրքիո Հայ կաթողիկե առաջնորդ Լեւոն արք. Զեքիյանն է:

Այսօր, հիմնումից 320 տարի անց, Մխիթարյան միաբանությունը հաչս Եվրոպայի շարունակում է արժանապատվորեն ներկայացնել հայ մշակույթըՙ նախադուռ հանդիսանալով Հայաստան այցելողների ու մեր երկրով հետաքրքրվողների համար:

Գծանկարներըՙ հեղինակի

Նախորդ գրառումը

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ ՄԵՌՑՆԵԼ, ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆԸՙ ԱՂԱՎԱՂԵԼ

Հաջորդ գրառումը

ԿԱՐՈ ՆԱՆԻԿՅԱՆ. ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՀԱՅ ԾԱԳՈՒՄԸ ԿՈՆԳՈՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՐՈ ՆԱՆԻԿՅԱՆ. ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՀԱՅ ԾԱԳՈՒՄԸ ԿՈՆԳՈՅՈՒՄ

Լրահոս

Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռը բախվել է թռչունների երամին

25/06/2026

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին տեղափոխող ռազմական ուղղաթիռը թռիչքի ժամանակ բախվել է թռչունների երամի։ Ինչպես հաղորդում է Իսրայելի 9-րդ ալիքը, այս...

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին. ՀՀ ՆԳՆ

25/06/2026

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակների, որոնք հունիսի 15-ից 22-ը ակտիվ ներգրավվածություն...

Ես հավակնում եմ լինել ԱԺ փոխնախագահ, տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ. Վահագն Ալեքսանյան

25/06/2026

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Այս մասին Ալեքսանյանը ՔՊ նիստից հետո հայտնել է լրագրողներին։ «Ես հավակնում եմ լինել...

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

25/06/2026

Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը հասել է  164-ի,  վիրավորներինը՝ 971-ի։ Associated Press-ի փոխանցմամբ՝  նման տվյալներ է  հրապարակել...

Անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար. Ադրբեջանի ԱԳՆ

25/06/2026

Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները: Այս մասին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական...

Ալեքսան Ալեքսանյանը կմնա կալանքի տակ. փաստաբան

25/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ։ NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Լիանա Գասպարյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական