Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՌՈՀԱՆԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԶՍՊԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Այն ենթադրությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջ կդնի Սիրիայի հյուսիսում իր ձեռնարկած ռազմական գործողությանը, չարդարացան: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Գարնանային վահան» գործողության ծավալման մասին:

Թուրքական զորքերը շարունակում են հարձակումները Սիրիայի կառավարական ուժերի վրա Իդլիբում եւ դրա շրջակայքում: Հանրահայտ է, որ պատերազմների պայմաններում առաջին զոհը դառնում է ճշմարտությունը: Այդ պատճառով դժվար է հավատալ ռազմական գործողությունների վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերին: Հակամարտության գոտում աշխատող ռուսաստանցի լրագրողները հաղորդում են, որ թուրքական անօդաչու սարքերը հարվածներ են հասցնում սիրիական զորքերի նույնիսկ մեկուսի թիրախներինՙ ավտոմեքենաներին, մոտոցիկլավարներին եւ զրահատեխնիկային: Սիրիայի կառավարական բանակը նշում է, որ երկու կողմերն էլ կենդանի ուժի կորուստներ ունեն, թե՛ զինվորականների, եւ թե՛ խաղաղ բնակիչների եւ ռազմական տեխնիկայի առումներով:

«Ռեգնում» գործակալությունը իրադարձությունների զարգացմանը հետեւում է ըստ թուրքական ալիքների տեղեկատվության: Աչքի է զարնում հետեւյալը: Լրատվական թողարկումներում գրեթե մշտապես կարեւորվում է Պուտինի հետ Էրդողանի հանդիպումը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուի եւ Սերգեյ Լավրովի միջեւ կայացած հեռախոսազրույցը, որպեսզի երկրի քաղաքացիների մեջ ստեղծվի այնպիսի զգացողություն, թե իբր գոյություն ունի գործողությունների ինչ-որ համատեղ ծրագիր:

Անդադար շեշտվում է Աքարի այն հայտարարությունը, թե Անկարայի նպատակը Ռուսաստանի հետ ռազմական առճակատումը չէ, այլ բացառապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ գործելը: Թուրքական լրատվամիջոցներն անտեսում են այս կապակցությամբ Մոսկվայի արած մեկնաբանությունները: Միեւնույն ժամանակ Անկարան հարձակում է ձեռնարկում նաեւ մեկ ուրիշ ճակատում. նա սկսել է կազմակերպված ձեւով Հունաստանի սահմանի մոտ տանել փախստականների խմբեր: Պայմանավորվածությունների խախտումը վկայակոչելովՙ Անկարան Եվրոմիության սահմանի մոտ է տարել շուրջ 110 փախստականների:

Այդ արշավը պաշտոնական լրատվամիջոցներում մեկնաբանվում է ոչ միայն որպես տասնյակ հազարավոր փախստականների թափանցում Հունաստան, այլեւ փաստորեն ամբողջ Եվրոմիությանը տրամադրում է Թուրքիայի դեմ, որը շանտաժի է ենթարկում Բրյուսելին: Ամեն ինչից երեւում է, որ Անկարան այդ ձեւով փորձում է Եվրոմիությունում դրական վերաբերմունք ձեւավորել Իդլիբում իր ձեռնարկած գործողությունների նկատմամբ, ինչը բավական դժվար խնդիր է, նշում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Եվրոմիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը Հունաստանի արտաքին գործերի նախարարի խնդրանքով կոչ է արել առաջիկա շաբաթ հրավիրել ԵՄ արտաքին գործերի խորհրդի արտահերթ նիստ Սիրիայի իրադրությունը քննարկելու համար:

Մի խոսքով, Էրդողանը, իրադարձությունների ընթացքն ուղղորդելով առավել բացասական սցենարով, կարող է հատել «կարմիր գիծը»ՙ իրեն եւ իր երկիրը ներքաշելով մեծ անորոշության գոտու մեջ: Հետո ի՞նչ կլինի: Փորձագետներից շատերի կարծիքով, տարածաշրջանում գլխավոր իրադարձությունները դեռ նոր են սկսվում: Կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուռավլյովը հայտարարել է, որ Դամասկոսի կողմից Իդլիբի նահանգի օդային տարածության փակումից հետո Ռուսաստանը չի կարող երաշխավորել թուրքական ռազմօդանավերի թռիչքների անվտանգությունը: Սիրիայում Իրանի խորհրդատվական կենտրոնը Թուրքիայից պահանջել է առավել խոհեմ վերաբերմունք Իդլիբի խնդրի նկատմամբ:

Ըստ որում, հաղորդվել է, որ Իրանը հրամայել է Իդլիբում չհարձակվել թուրք զինվորականների վրա, թեեւ նշվում է, որ նրանք հասանելի են եւ հնարավոր է պատասխան հարված հասցնել նրանց: Պատահական չէ, որ թուրք փորձագետներից շատերը ներկայումս կռահումներ են անում, թե ապագայում իրեն ինչպես կպահի Թեհրանը եւ արդյոք Անկարայի դեմ չի՞ հանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, «Հզբոլլահը» եւ ինչ-որ ուրիշ շիա խմբավորումներ: Նման նախադեպ արդեն եղել է Հալեպի նահանգի Աֆրին քաղաքի շրջանում 2018 թվականի մարտին թուրքերի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ժամանակ:

Եվ այդ դեպքում ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել արդեն Թուրքիայի տարածք, ինչը մտահոգում է ՆԱՏՕ-ի գծով նրա գործընկերներին, որոնք նախընտրում են զգուշավոր դիրք բռնել, քանի որ Էրդողանի քաղաքականությունը իրենց նույնպես ձեռնտու չէ: Այսպես, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը թուրքական կողմին բացեիբաց մեղադրում է Սիրիայում արմատական խմբավորումների հետ համագործակցելու մեջ: Ըստ որում, բացառված չէ, որ խաղի մեջ կարող է դրվել նաեւ քրդական խաղաքարտը:

Ահա թե ինչու Իդլիբի համար մղվող ճակատամարտը կարող է խիստ անսպասելի հետեւանքներ ունենալ Էրդողանի համար, եթե նույնիսկ նրան օգնեն ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ի գծով մյուս դաշնակիցները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանում քրդական պետության ստեղծման օգտին: Իսկ առայժմ Մոսկվան եւ Թեհրանը փորձում են զսպիչ ազդեցություն գործել Անկարայի վրաՙ հասկանալով, թե նրա համար որքան մեծ են աշխարհաքաղաքական վտանգները, ձգտում են Անկարային հնարավորինս հեռու պահել այն «անդունդի եզրից, որի առջեւ եղել էր Օսմանյան կայսրությունը», գրում է The New York Times թերթը:

Ինչպես նշում է Եվրոպայի միջազգային հարաբերությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրք փորձագետ Ասլի Այդինթաշբաշը, Էրդողանը սահմանափակ ընտրություն ունի, նրա համար դժվար կլինի վերականգնել իր հանդեպ Պուտինի քաղաքական վստահությունը, եթե չդադարեցնի հարձակումները Սիրիայի կառավարական ուժերի վրա եւ չվերադառնա Սոչիի հուշագրի ոգուն եւ տառին: Փոխզիջման հնարավորություններն առայժմ պահպանվում են:

Իդլիբում ապառազմականացման գոտու ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի համաձայնագրի ստորագրումից շուրջ մեկուկես տարի անց արդեն տեղի է ունեցել ահաբեկիչների ամրացված շրջանների սերտաճում թուրքերի դիտորդական պահակակետերի հետ: Այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը :

Բացի դրանից, «Հայ՛աթ Թահրիր Աշ-Շամ», «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» եւ «Խորաս ադ-Դին» խմբավորումները, որոնք ՄԱԿ-ում պաշտոնապես ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություններ, չափավորական ընդդիմության բոլոր գրոհայիններին դուրս են մղել դեպի հյուսիսՙ դեպի թուրքական սահման: Ի լրումն այս ամենի, արդեն սովորական են դարձել բնակավայրերի եւ մոտակայքում գտնվող «Խմեյմիմ» ավիաբազայի գրեթե ամենօրյա հրետակոծությունները: Վերջինս ռուսաստանցի զինվորականների տեղաբաշխման վայրն է:

Ըստ որում, Կոնաշենկովը հիշեցրել է, որ 2018-ի աշնանը Սոչիում ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրով (որն արժանացավ Արեւմուտքի եւ ՄԱԿ-ի հավանությանը) Անկարան պարտավորվել էր ահաբեկիչներին իրենց ծանր հրետանիով 15-20 կիլոմետրով հեռացնել Իդլիբի անվտանգության գոտուց: «Այս ամբողջ ժամանակամիջոցում որեւէ մեկին չէին հետաքրքրում Իդլիբում տիրող կացությունը եւ թուրքական կողմի ստանձնած պարտավորությունների կատարումը: Անպատասխան մնացին այդ շրջանին մարդասիրական օգնություն հատկացնող միակ երկիր Ռուսաստանի բազմաթիվ հարցումները ՄԱԿ-ին եւ Արեւմուտքի երկրներին, թե ինչո՞ւ այդ օգնությունը ի վերջո բաժին է ընկնում ոչ թե գաղթականներին, այլ ահաբեկիչներին: Մենք լսում էինք միայն Սոչիի համաձայնագրերը պահպանելու հորդորներ», հայտարարել է Կոնաշենկովը:

Բայց երբ Սիրիայի կառավարական զորքերը 2020 թ. փետրվարի սկզբներին սկսեցին իրականացնել Սոչիի համաձայնագրերով նախատեսված ապառազմականացված գոտու ստեղծումըՙ ահաբեկիչներին հետ շպրտելով Իդլիբի ապառազմականացման գոտու խորքերը, արեւմտյան մայրաքաղաքները եւ ՄԱԿ-ը մեղադրանքներ հասցեագրեցին Դամասկոսինՙ խոսելով «պատերազմական հանցագործությունների, հումանիտար աղետի եւ այդ տարածաշրջանում գաղթականների միլիոնանոց հոսքերի» մասին, ավելացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Նրա խոսքերով, Դամասկոսից եւ Ծ5 մայրուղուց ահաբեկիչների արտաքսումը դարձավ հերթական ճշմարտության պահը:

Իսկ թուրքական կողմի գործողությունները (որը միջազգային պայմանագրերը խախտելով Իդլիբ ուղարկեց մեխանիզացված դիվիզիայի թվակազմ ունեցող զորքեր) Արեւմուտքում որեւէ մեկը չի նկատում: Սիրիայի բոլոր կառավարական զորքերը ոչնչացնելու եւ Ծ5 մայրուղին կրկին ահաբեկիչների վերահսկողությանը հանձնելու սպառնալիքները ԱՄՆ-ում ու Եվրոպայում անվանում են Անկարայի իբր «ինքնապաշտպանության օրինական իրավունք», նշել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունում:

Հիշեցնենք, որ Սիրիայում իրադրությունը բարդացավ փետրվարի 27-ն, երբ Սիրիայի կառավարական զորքերի վրա հարձակում ձեռնարկեցին «Հայ՛աթ Թահրիր Աշ-Շամ» խմբավորման գրոհայինները: Կառավարական ուժերը օդային հարվածներ հասցրին գրոհայինների դիրքերին, ինչից հետո Թուրքիան հաղորդեց իր 33 զինծառայողների սպանվելու մասին: Ըստ որում, ռուսական կողմին Անկարայի հայտնած տեղեկությունների համաձայն, թուրքական զորքերը չպետք է լինեին ռմբակոծության ենթարկված շրջանում:

Մարտի 1-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնեց, որ ի պատասխան փետրվարի 27-ի «ստոր հարձակման», իր երկիրը սկսում է «Գարնանային վահան» ռազմական գործողությունը, որն ուղղված է Սիրիայի կառավարական զորքերի դեմ: Վերջին օրերին թուրքերը խփել են առնվազն երեք սիրիական ռազմօդանավ, ուստի Դամասկոսը որոշել է արգելել թռիչքները Իդլիբի նահանգի երկնքում: Այս կապակցությամբ ռուսական հրամանատարությունը հրաժարվում է նահանգում երաշխավորել թուրքական օդանավերի թռիչքների անվտանգությունը:

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Նախորդ գրառումը

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՔՆԱՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ «ԴԱՎԱՃԱՆ» ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՔՆԱՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ «ԴԱՎԱՃԱՆ» ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀԵՏ

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է. ուղիղ

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական