Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՓՈՐՁ ԻԴԼԻԲԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ

Ա. Ք.

Սիրիայումՙ Իդլիբի նահանգում, ահաբեկիչները փորձել են գրոհ կազմակերպել քիմիական թունանյութերով: Այդ մասին մարտի 4-ին հաղորդել է Սիրիայում «Թշնամական կողմերի հաշտեցման» ռուսական կենտրոնը:

Մի խումբ ահաբեկիչներ մտադրվել էին կանգնեցնել սիրիական զորքի առաջխաղացումը Սարակիբ քաղաքի արեւմուտքումՙ պայթեցնելով թունանյութեր պարունակող ֆուգասային ռազմամթերք: Ենթադրվում էր, որ դրանից հետո Սիրիայի իշխանությունները կմեղադրվեն քիմիական զենքի օգտագործման մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ին, օրվա մութ ժամերին: Սադրանքին մասնակցել է 15 գրոհային: Ահաբեկիչները, սակայն, իրենք իրենց են թունավորել, քանի որ, վտանգավոր նյութերի հետ վարվելու ձեւը չիմանալով, վնասել են տարաներից մեկը:

Տեղի է ունեցել արտահոսք, գրոհայինները սաստիկ այրվածքներ են ստացել: Զինամթերքի պայթեցումը եւ սադրանքը չեն հաջողվել: