Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ԷԴՈՒԱՐԴ ԼԻՊԱՐԻՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունք

Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երկարամյա աշխատակից, Հին դարերի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. Էդուարդ Դանիելյանը:

Դժվար է հավատալ, որ այլեւս մեզ հետ չէ պատմաբան, հրաշալի գործընկեր, նվիրյալ հայագետ Էդուարդ Դանիելյանը: Թերեւս միակ մխիթարությունն այն է, որ նա հայ պատմագիտության մեջ թողեց մնայուն գործեր եւ իր իսկ խոսքերովՙ միշտ հավատարիմ մնաց հայ պատմագիտության հայագիտական-խորենացիական դպրոցին:

Էդուարդ Դանիելյանը ծնվել է 1944 թ. փետրվարի 18-ին Երեւանում: 1961-1966 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, 1966-1972 թթ.ՙ Երեւանի պետական Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը (անգլերեն լեզու), 1968-1971 թթ.ՙ Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: 1972 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունՙ «Անտիկ տիեզերագիտական հայացքների արտացոլումն Անանիա Շիրակացու «Տիեզերագիտութիւնում» եւ «Աշխարհացոյց»-ում թեմայով: 1988 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունՙ «Հայ-բյուզանդական քաղաքական հարաբերությունները Սասանյան Պարսկաստանի մայրամուտին եւ Արաբական խալիֆայության սկզբնական շրջանում» թեմայով:

1971-1978 թթ. նա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գիտաշխատող էր, 1978-1989 թթ.` ավագ գիտաշխատող, մինչեւ 2010 թ. առաջատար գիտաշխատող, 2010 թվականիցՙ «Հին դարերի պատմության» բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող: Միաժամանակ Դանիելյանը Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում Երկրագիտության ամբիոնի վարիչ էր մինչեւ 2006 թ.:

Է. Դանիելյանի գիտական հետաքրքրությունների ոլորտում Հայոց հին եւ միջնադարյան պատմության հիմնահարցերն էին` կապված Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի տեղաբնիկության, ավելի քան հինգհազարամյա հայկական պետականության, պատմական աշխարհագրության ու տիեզերաբանական պատկերացումների, քրիստոնեության եւ Հայ Առաքելական Եկեղեցու վաղ պատմության, հայ-իրանական ու հայ-բյուզանդական հարաբերություների, Արցախի խնդիրների եւ բազում այլ հարցերի հետ: 2015 թվականից նա «Հիմնարար հայագիտություն» (Fundamental Armenology) անգլալեզու էլեկտրոնային հանդեսի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր, ավելի քան 200 աշխատությունների հեղինակ:

Էդուարդ Դանիելյանի անունը միշտ վառ կմնա հայրենի երկրի հայագետների սրտերում: