Մոտ ութ տասնյակ մարդու կյանք խլած լոնդոնյան «Գրենֆել թաուերի» ահավոր հրդեհից փրկված հայ դասախոս Մեսրոպ Քասեմջյանի բարեգութ ուսանողները 1,500 ֆունտ ստերլինգի դրամահավաք են ձեռնարկել կարողանալ մի փոքր մեղմացնելու համար իրենց սիրելի Րոբբիի նյութական կորուստը: Մեսրոպը, որն ապրում էր 17-րդ հարկում, քրեական հանցագործության մասնագետ է Քրոյդոն քոլեջում:
«JustGiving» կայքում դրամահավաքի կազմակերպիչները կոչ են արել օժանդակել նրան դարձյալ ոտքի կանգնելու եւ շարունակելու ինչպես իր դասախոսական կյանքը, այնպես էլ դոկտորական գծով ուսումնասիրությունները:
Հրդեհի բռնկման ժամանակ նա ֆիլմ դիտելիս է եղել հեռուստատեսությամբ, երբ լսել է հրշեջ մեքենաների ահազանգը: Արթնացրել է մորաքրոջը եւ ընկերուհու հետ փորձել աստիճաններով ցած իջնել: «10-12 րոպեից, երբ դուրս եկանք շենքից, տեսանք, թե ինչպես է բարձրահարկը վառվում մոմի նման», ասել է նա ամերիկյան «Today» հեռուստածրագրի լրագրողի հետ խոսելիս: