Բրազիլական սերիալների ժամանակն անցավ, հայկականինն այդպես էլ չեկավ, հերթը հնդկականինն է: Այս հոդվածը գրելու համար պարբերաբար հետաքրքրվում էիՙ հայկական երեք հեռուստաալիք երեկոյան ժամը 19:00-22:00 ցուցադրում են հնդկական տարբեր սերիալներ, բայց մի՞թե մեր հանրությունն իսկապես դիտում է դրանք: Պարզվեցՙ դիտում է, այն էլ ինչպե՜ս: Հանրապետության մարզերում հարս ու աղջիկները տան գործերը մինչեւ մութն ընկնելն արագ ավարտում են, որ հնդկականի ժամին էկրանից հեռու չգնան: Թեկուզ խեղդվեսՙ տեղից վեր կենալ, մի բաժակ ջուր տալը բացառվում է: Ծանոթներիցս մեկն է պատմում. «Գնում եմ տուն, մամս ու տատս Իչա են նայում («Մերժվածը» հեռուստասերիալի հերոսուհին է): Իսկի չեն էլ նկատում, թե տուն մարդ մտավ, իրենց տղան սոված-ծարավ-հոգնած եկել է: Սուրբ ժամ է. կինոն վերջանում է, հարս ու սկեսուր Տապասյայի գլուխը (սերիալի բացասական հերոսուհին է) մի քանի անգամ հողում են, խեղճ Իչայի համար միլիոն անգամ սրտակեղեք հառաչումՙ քոռանա՜մ ես, արցունքները սրբում ու նոր միայն ինձ նկատումՙ վա՜յ, բալա ջան, եկե՞լ ես: Մեր տունը դեռ փառք է, հարեւաններս օրը մաթեմատիկորեն բաժանել են, որ հնդկական չորս սերիալներն էլ հասցնեն նայել»:
Հնդկամանիայով տառապում են ոչ միայն տնային տնտեսուհիները. էկրանից չեն հեռանում նաեւ երեխաները, դեռահասները, անգամ տղամարդիկ: Համադասարանցիների արարքները համեմատվում են սերիալների հերոսների արարքների հետ. «Դու Տապասյայի նման չար ես… էնքան բարի աղջիկ է, ոնց որ Իչան լինի,… քեզ էնպես ես պահում, ասես մեր դասարանի Ամաջին էլ դու ես»: Երբ ուսուցիչը դաս է հարցնում, երեխաները գրատախտակի մոտ գնալիս ասում ենՙ Ռամն ինձ օգնական: Դեռահաս աղջիկները հնդկական մեհենդիների նախշերով են զարդարում ձեռքերը, երազում Թակուրային (հարուստ, հասարակական բարձր դիրք ունեցող տիկին) դառնալ: Վերջերս իմացա, որ facebook-ում հնդկամանները Bollywood Armenia էջ են բացել, որտեղ նույնիսկ իրենց պատրաստած հնդկական քաղցրավենիքների նկարներն են տեղադրում: Ինչ սերիալներն սկսել են ցուցադրել, հնդկական տոնավաճառում առեւտուրն աշխուժացել է, հատկապես սարիները, հինան ու զարդեղենն են լավ վաճառվում:
Մեր հասարակությունն այս կարճ ընթացքում, շնորհիվ հնդկական սերիալներիՙ անգիր գիտե հնդկական բոլոր ծեսերը, տոները, սովորույթներն ու ավանդույթները, կրոնական ու ընտանեկան արարողությունները, դրանց խորհուրդը: Գիտե, թե ամուսնությունից առաջ տղան ու աղջիկն ինչպիսի պարտավորություններ ունեն, ինչ ծեսերի են մասնակցում, գիտե հնդկական աստվածների անուններն ու դիցաբանական պատմությունները: Այս ամենը հնդիկ սցենարիստները հատուկ դիտավորությամբ են ներմուծում սցենարների մեջ, որպեսզի դիտողները ծանոթանան իրենց մշակույթին, ավանդույթներին, կենցաղավարությանը: Թվում էՙ միամիտ, անմեղ դիտավորություն է, իսկ իրականում սա լավ մշակված քաղաքականություն է: Սերիալի հերոսուհին մյուս հերոսուհուն իբր արժանի հարսնացու դարձնելու համար նրան վերադաստիարակում է, սովորեցնում անգամ սարի փաթաթելու ձեւը, կերակուրներ պատրաստելը, հնդկական ավանդական ընտանիքի վարք ու բարքը, սովորույթները, ընդունված կանոններն ու օրենքները, այդ թվումՙ կրոնական ծեսերը, աղոթելու կարգը, աստվածներին պաշտելու եւ խոնարհվելու ձեւերը: Բոլորովին վերջերս ձմեռային զորակոչի մեկնող տղաները եկեղեցում օրհնություն էին ստանում: Ցավով նկատեցի, որ մեր նորակոչիկներից ու նրանց ընտանիքի անդամներից շատերն անգամ ճիշտ խաչակնքել չգիտեն:
Լավ, հնդկական կենցաղավարությունը, ավանդույթները խելացի ու արդյունավետ կերպով մատուցելը, քարոզելն ու հանրահռչակելը մի կողմ թողնենք, բայց ի՞նչ պատմություն ու սցենար, ի՞նչ արժեհամակարգ ու մակարդակ են ցույց տալիս այդ սերիալները: «Պարզագույն» բառն այստեղ կարծես լիովին չի կարող բնորոշել երեւույթը, այդ պատճառով էլ օգտագործում եմ «պրիմիտիվ» բառը. պրիմիտիվ սցենար, անհավանական, սարքովի, սենտիմենտալ, անիրական ու անբնական պատմություններ, անտրամաբանական ինտրիգներ, որոնք հաճախ նյարդայնացնում են ու սերիալը դիտողին հոգեբանական մանիպուլյացիայի ենթարկում, նրան գցում կախվածության մեջ: Իմ հարցումներից պարզվեց, որ հատկապես կանայք բառացիորեն վերապրում են ֆիլմերի հերոս-հերոսուհու հոգեվիճակը, նրանց հետ կատարվող անհաջողությունների, անարդարության, իսկ իրականում անհավանական ու անբնական իրադարձությունների պատճառով օրեր շարունակ ընկճված, անտրամադիր դառնում, աչքներին ոչինչ չի երեւում, իսկ երբ մի դրական փոփոխություն է լինում հերոսների կյանքում, իրար աչքալուսանք են տալիս, մաղարիչ անում: Սա չափազանցություն չի, հավատացեք:
Հնդկական սերիալները գրավում են խայտաբղետ գույներով, ակնահաճո տեսարաններով ու պատկերներով: Ծուռ նստենք, շիտակ խոսենք. նրանք նկարահանում են ժամանակակից բարձրագույն տեխնիկայով: Օպերատորական պրոֆեսիոնալ աշխատանքն անուրանալի է, հնդիկներն իրենց կենցաղը, միջավայրը, անգամ նկարահանվող վայրի ինտերիերը, էքստերիերը, կերպարների հագուկապը ներկայացնում են անթերի, ամեն դետալին ուշադրություն են դարձնում, ամեն մանրուք կարեւորում: Չկա ռեժիսորական, օպերատորական, մոնտաժային անգամ նվազագույն անփութություն, անգրագետ կադր: Հատուկ ուշադրություն եմ դարձրել նրանց կադրերի կոմպոզիցիային ու նկարահանման ոճին, տարածությունը, շարժումները պատկերավոր արտահայտելու հնարամտությանը: Բազմիցս նկատեցի, որ մի կադրը նկարահանում են տասից ավելի տեսախցիկներով, նույն շարժումն ավելի ազդեցիկ դարձնելու համար ցույց տալիս տարբեր ռակուրսներով: Պատկերների գունագեղությունը, ազգային ավանդույթները, ծեսերը, կենցաղը հանդիսավոր ու միաժամանակ խիստ մատչելի, հետաքրքիր ու հասանելի ներկայացնելը, հիպնոսի հասցնող երաժշտությունը գրավում են սերիալը դիտողին: Անհերքելի է, որ մեր հասարակությունն ունի այնպիսի շերտ, որին այս ամենը գայթակղում ու «թակարդ է գցում»: Ու այլեւս չեն կարեւորվում ոչ գեղարվեստական արժեք, ոչ մտավոր ու հոգեւոր սնունդ կոչվածները, ոչ ճաշակն ու մակարդակը: Հասարակության մի ստվար շերտ այդ սերիալներով բավարարում է սենտիմենտալության իր պահանջները, թեկուզ սարքովի, անբնական բաների վրա մի կուշտ արցունք ու զայրույթ է թափում, իր միապաղաղ կյանքի դատարկ վիհերը փորձում լցնել էկրանից հորդող ռոմանտիկ տեսարաններով ու գլխավոր հերոսների ամոթխած, սիրառատ հայացքներով, որպիսիք ինքը երբեք կամ վաղուց իրական կյանքում չի տեսել ու զգացել: Ու նման հոգեվիճակը դառնում է տեւական, քանի որ երկու ժամանոց ֆիլմի մասին չէ խոսքը, այլ մի քանի հարյուր կամ հազարն անցնող սերիաների:
Գիտե՞քՙ ինչն է զայրացնում. միլիարդանոց Հնդկաստանում, որտեղ աղքատությունը ծայրագույն մակարդակի է, հիգիենան, սոցիալական, հասարակական բարքերն այդ երկրում առասպելական հրեշավոր են, բայց արի ու տես, որ սերիալներում նրանք ներկայացնում են բոլորովին այլ կյանք ու հարաբերություններ, բոլորովին այլ աշխարհ:
Տասը տարվա ընդմիջումից հետո ամռանն ընկերուհիս Գերմանիայից եկավ Հայաստան: Մեկ շաբաթ շարունակ մեր սերիալներն էր նայել հեռուստացույցով: Սարսափած էր. «Մեր հասարակությունն այս տարիների ընթացքում այսքան փչացե՞լ է, մեր ընտանեկան բարքերն այսքան աղավաղվե՞լ են. բռնություն, սպանություն, կողոպուտ, ամուսնական դավաճանություն. մի դրական կերպար, մարդկային նորմալ հարաբերություն չտեսա հայկական սերիալներում»:
Հնդկամանիայի պատճառների մասին կարծիք են հայտնում մեր մտավորականներն ու արվեստագետները:
Բեմադրող ռեժիսոր Արա Ենջակյան- Հայերը վաղուցվանից են հնդկական ֆիլմեր սիրում: Նախորդ դարի 50-ականներից հայերը Ռաջ Կապուրի ֆիլմերի համար մեռնում էին: Երրորդ մասում «Սեւան» կինոթատրոն կար, ամեն օր հնդկական կինո էին ցույց տալիս: Երեւանի այդ հատվածին Հնդկաստան էին ասում: Նույնիսկ հնդկական ֆիլմերի հերոսների անուններով էին իրենց երեխաներին կոչում: Մնում է խալ աճեցնենք ճակատներիս:
Դերասան Դավիթ Հակոբյան – Սխալ է խստորեն քննադատելըՙ ու՜ֆ, հնդկական սերիա՞լ եք նայում: Նշանակում էՙ մենք շատ լուրջ կապ ունենք Արեւելքի հետ, հոգեբանորեն շատ լուրջ կապ ունենք սենտիմենտի հետ: Ուրեմն ոչ թե միայն այսօրվա հասարակությունը, այլ մեր ակունքներն են կապված այդ ամենի հետ: Մենք զգացմունքային ազգ ենք, այլապես ինչո՞ւ ենք Սայաթ-Նովային այդքան պաշտում, գուսաններին սիրում, որոնք իրենց լադերով վերջին հաշվով արեւելյան են: Հնդկական ֆիլմեր նայելու մեջ վատ բան չկա: Այդ ժողովուրդն իր մշակույթն է ցույց տալիս, ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Ավելի լավ չէ՞ սեփական մշակույթը ներկայացնել, քան թե մեզ նման օտարներինը ներմուծել, քարոզել ու ձեւանալ, թե նաեւ դրա կրողն եք: Եվրոպացի, ամերիկացի ենք ձեւանումՙ մերը մոռացած ու անտեսած: Մենք մերը չենք գնահատում, արժեւորում ու ճանաչում, դրա համար էլ մեր վզին զոռով ուրիշ մշակույթներ են փաթաթում: Սրա՛ վրա պետք է ուշադրություն դարձնենք:
Բեմադրող ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյան – Նորմալ երեւույթ է, ի՞նչ է եղել որ: Ամեն ազգ էլ ունի իր պրիմիտիվ շերտը: Հնդկական ֆիլմեր ռուսներն էլ, ուրիշ ազգերն էլ են շատ սիրում, որովհետեւ այդ պրիմիտիվ շերտը նրանք էլ ունեն: Իսկ ի՞նչ ենք անում մենք. թուրքական սերիալներն ընդօրինակում, ցուցադրում ենք: Դա ավելի՞ լավ է, քան հնդկականը: Վստահ եղեք, հնդկական կինոյի նկատմամբ սիրո այս ալիքը չի անցնի, այն եղել է ու կլինի միշտ:
Բեմադրող ռեժիսոր Ժիրայր Դադասյան – Ժողովուրդն այլեւս չի ուզում տեսնել կրիմինալներ, սպանություններ. կարոտ է մելոդրամայի: Ես չեմ նայել այդ հնդկական սերիալները, առհասարակ հեռուստացույց չեմ նայում: Եթե այդ սերիալներում բռնություն, սպանություն չկա, ուրեմն թող նայեն, ի՞նչ կա որ: Քայլ-քայլ գնանք առաջ. սկզբում թեկուզ հնդկական սերիալների միջոցով հրաժարվենք կրիմինալներ, գողական հարաբերություններ ցույց տվող մեր սերիալներից, մելոդրամաներով տարվենք, հետո կգա ժամանակը, երբ մեր կրթական, մշակութային նշաձողն էլ կբարձրանա: Հույս ունեմ, որ մերոնք էլ կսկսեն հայկական թեմաներով մելոդրամատիկ սյուժեներ նկարել: Աստիճանական անցում թող լինի: Ի՜նչ խոսք, շատ վատ է, որ հնդկական սերիալներ ենք նայում, բայց սա հիմա չարյաց փոքրագույնն է:
Կինոգետ Սուրեն Հասմիկյան – Հնդկակակից բողոքում եք, իսկ մեր սերիալներն ի՞նչ են: Ինչ մատուցում են, նաղդում են, դա էլ նայում է ժողովուրդը: Սերիալը մի գլխավոր առավելություն ունիՙ խոշոր պլանները, որ շատ կարեւոր են դերասանի համար, ու որը կինոյում անհետացել է, այլեւս չկա: Մարդու ներսում հիմա խոր ճգնաժամ կա. սա է պատճառը, որ այսպես թափով տրվել ենք հնդկական սերիալներին:
ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյան – Պարզ, պրիմիտիվ սյուժե ու փոխհարաբերություններ են, բայց ինչու են գրավում, որովհետեւ ոչ մեկի վրա զենքով չեն հարձակվում, նկուղում չեն փակում-տանջում, ագրեսիա չկա: Զարմանալի հանգստություն, խաղաղություն կա այդ սերիալներում, իսկ ժողովուրդն այդ հանգստությանը կարոտ է, այլեւս չի ուզում ագրեսիա տեսնել: Գույները, սիրուն-սիրուն պատկերները գրավում են մարդկանց. այս շրջանում էլ թող նման բաներ նայեն, ոչինչ: Մեր դերասաններից մեկը հայկական սերիալներից մեկում նկարվում է. մի օր տեսա, ասացի. «Ա՛յ տղա, մենակ դու ես մնացել, որ հիվանդանոց չես ընկել: Դու էլ հիվանդանոց ընկիր, էդ սերիալը վերջանա-գնա, որովհետեւ հոգնել ենք, ոչ մարդու հոգուն, ոչ էլ սրտին ոչինչ չեք տալիս ախր»:
Հնդկականի ժամանակն էլ կանցնի, ոչինչ: Իմ ցավն ուրիշ էՙ վերադառնանք մեր դասականներին, մեր արժեքներին ու կրթենք մեր ժողովրդին:
Հ.Գ. Երեկոյան եկա տուն, աղջիկս ասացՙ «Այսօր հնդկական ժալեբի եմ կերել: Մեր դասարանի Դիանան սերիալից է սովորել-պատրաստել: Հետո էլ հնդկականին անուն ենք դնում»: