Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽԸ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՊՏՈՒՏԱԽԱՂԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

03/02/2017
- 03 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Ռեքս Թիլլերսոնը Սենատում օրերս կայացած լսումների ժամանակ ԼՂ հակամարտությանն անդրադառնալով հայտարարեց, որ ինքը «Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ կաշխատի խաղաղ ու երկարաժամկետ լուծում գտնելու համար, որը թույլ կտա ապահովել տարածաշրջանի կայունությունն ու բարգավաճումը»: Նրա խոսքերովՙ «տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առաջին քայլը պետք է դառնա վստահության եւ երաշխիքների ապահովումը, որպեսզի կատարվեն կողմերի համաձայնությունները»: Պատասխանելով այն հարցին, թե «ԱՄՆ-ը ինչ կանի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար», Թիլլերսոնն ասաց, թե ինքը «մտադիր է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների կարգավորմանը»:

Սակայն Թիլլերսոնի նշած երկու դեպքերում էլ իրավիճակը մնում է անորոշ: Եթե խոսենք խնդրի իրավաբանական կողմի մասին, ապա գոյություն ունեցող եւ անդադար խախտվող հրադադարի ռեժիմի հիմքում 1994 թվականին ստորագրված փաստաթուղթն է: Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքովՙ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Շփման գծի վրա մշտադիտարկման համակարգի հաստատման եւ միջազգային դիտորդների տեղաբաշխման վերաբերյալ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններն անգործունակ են, քանի որ դրանց տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը: Հակամարտող կողմերի միջեւ «խաղաղություն, վստահություն եւ երաշխիքներ» հաստատելու համար փաստորեն ոչինչ չի արվել: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կանոնավորման հարցին, դա ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներին շաղկապելու առումով ժամանակը բաց է թողնված:

Եթե Թուրքիան ի վերջո վավերացնի 2009 թ. Ցյուրիխում ստորագրված եւ Երեւան-Անկարա դիվանագիտական հարաբերությունների վերականգնում ու սահմանների բացում նախատեսող արձանագրությունները, ապա դա կանի միանգամայն ուրիշ նկատառումներով: Նույնիսկ եթե որոշակի կոալիցիայի ուժերով հաջողվի պարտության մատնել «Իսլամական պետությանը», դարձյալ Թուրքիայի վրա կախված կլինեն Սիրիայի հարցը եւ քրդերի խնդիրը: Նման իրավիճակում հնարավոր է, որ Անկարային հրավիրեն մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, սակայնՙ բնավ ոչ առաջատար դերում: Մինչ ապրիլյան պատերազմի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մեջ միայն Ռուսաստանը աչքի ընկավ զինված բախումների դադարեցմանն ուղղված միջնորդական ջանքերով, Բաքուն, սանկտպետերբուրգյան համաձայնագրի ստորագրումից հրաժարվելով եւ ապա Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ենթադրյալ հանդիպումը ձախողելովՙ ջանքեր գործադրեց տարածաշրջանում Ռուսաստանի հարաճուն դերը չեզոքացնելու նպատակով: Ուստի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտությունը արդեն վաղուց Ադրբեջանի միայն ներքին գործը չէ, ընկալվում է որպես Բաքվի քաղաքականությանը Մոսկվայի որոշակի հակազդեցություն, այն բանի հավաստում, որ Ադրբեջանը կորցրել է գերիշխանությունն Արցախի նկատմամբ, եւ խնդիրը վաղուց միջազգային հարթության վրա էՙ հակամարտության կարգավորման մեխանիզմներին առնչվող կանոնների համապատասխան հավաքանիով:

2006 թ. փետրվարին Բաքու կատարած այցելության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել Վրաստանին վերաբերող մի շարք հայտարարություններով: Նրա խոսքերովՙ ինքը մեծ ափսոսանք է զգում վրացիների համար, քանի որ «Վրաստանն ապրում է բարդ ժամանակաշրջան եւ հսկայական սոցիալական խնդիրներ ունի»: Նա ավելացրել էր. «Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե այդ կարգի հարցերը կարելի է լուծել, մարդկանց ուշադրությունը շեղելով նոր թշնամիների որոնման վրա, ապա դա սխալ ճանապարհ է»: Ըստ որում, Պուտինն ընդգծել էր հետեւյալը. «ԽՍՀՄ-ին թեկուզեւ իրավացիորեն քննադատելով այնտեղ կատարված դեպքերի համար, չի կարելի կրկնել այդ նույն սխալները»: Վրաստանը 2008 թ. օգոստոսին նման սխալ կրկնեց, իսկ Ադրբեջանն առհասարակ շարունակում է նույն ոգով: Իրադրությունն առաջվա պես առկախ վիճակում է: «Ռեգնում» գործակալությունը մեջբերում է եվրոպացի փորձագետների կարծիքը, ըստ որի «մինչեւ օրս փաստորեն բոլոր դիրքորոշումները, սցենարները, տարբերակները բազմիցս քննարկվել են, ըստ որում ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ֆրանսիան, որպես բանակցությունների միջնորդներ, որեւէ տարաձայնություն չունեն հանրահայտ «մադրիդյան սկզբունքների» առթիվ, որոնց կետերից մեկը ենթադրում է որոշ շրջանների ազատման հետ մեկտեղ ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեի անցկացում»:

Այդ փաստաթղթի բուն տրամաբանությունը նախատեսում է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցություն, ինչին ամեն կերպ ընդդիմանում է Ադրբեջանը: Ավելին, ռուս-ամերիկյան կամ ռուս-արեւմտյան դիմակայության «խաղաքարտը» իր օգտին կիրառելու, սեփական սցենարով, էներգետիկ նախագծերի միջոցով խնդրի լուծմանը հասնելու նրա բոլոր փորձերը ձախողվել են: «Ռեգնում» գործակալության հավաստմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջեւ ԼՂ հակամարտության առնչությամբ մշտապես գոյություն է ունեցել ընդհանուր համաձայնություն:

Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը կփոխի՞ արդյոք այս կացությունը: Ստանիսլավ Տարասովի դիտարկումների համաձայն, Անդրկովկասում միայն Ադրբեջանն ու Վրաստանն են զգալի մտագոհություն արտահայտում ԱՄՆ նոր նախագահի տարածաշրջանային քաղաքականության առնչությամբ: Ռուսաստանցի փորձագետ Իրինա Ջորբենաձեն այդ երկու երկրների խնդիրը համարում է Արեւմուտքի հետ կապված ակնկալիքները, որոնք ենթադրում են տարածաշրջանը եւ ամբողջ հետխորհրդային տարածքի դուրսբերում Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու նպատակով նախկին խորհրդային հանրապետությունների օգտագործում: Վերջերս Թբիլիսի այցելած ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին վստահեցնում էր, թե նախագահ Թրամփը «կշարունակի աջակցել Վրաստանին»: Քերրին չայցելեց Բաքու եւ Երեւան, նախապես հայտարարելով, թե հակամարտող կողմերը պատրաստ չեն ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ըստ համաբանության, մոտ ժամանակներս Բաքուն եւ Երեւանը կգործենՙ ղեկավարվելով կոնկրետ աշխարհաքաղաքական իրադարձությունների ընթացքով, որոնք անվիճելիորեն կառնչվեն առաջին հերթին Մերձավոր Արեւելքին:

Թրամփի եւ Պուտինի առաջին հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հակաահաբեկչական պայքարի, Սիրիայի հակամարտության, Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի իրադրության, արաբա-իսրայելական հակամարտության, ռազմավարական կայունության ոլորտի, Իրանի միջուկային ծրագրի եւ Կորեական թերակղզու հետ կապված հարցեր: Այս ցանկում ԼՂ հարցը չկա: Ավելի վաղ նախագահ Թրամփը պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին արդեն հանձնարարել էր 30 օրվա ընթացքում մշակել «Իսլամական պետության» դեմ պայքարի ծրագիր, որը կնախատեսի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի համար նոր դաշնակիցների որոնում: Սպիտակ տունը Ռուսաստանի հետ համատեղ գործելու պատրաստակամություն է արտահայտել եւ կարող է համագործակցել համանման նպատակներ հետապնդող որեւէ երկրի հետ: Կրեմլի մամլո ծառայությունը մանրամասնել է, որ երկու պետությունների ղեկավարները «արտահայտվեցին Սիրիայում «Իսլամական պետության» եւ մյուս ահաբեկչական խմբավորումների ջախջախման նպատակով ռուս-ամերիկյան գործողությունների ռեալ համակարգման օգտին»: Սակայն որոշ բաներ մնում են անհայտ:

Բանն այն է, որ ներկայումս ԱՄՆ-ը արդեն գլխավորում է ԻՊ դեմ պայքարող առնվազն 60 երկրից կազմված կոալիցիա, գոյություն ունի նաեւ իսլամական կոալիցիա Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ինչպես նաեւ Ռուսաստան-Թուրքիա-Իրան կոալիցիա: Ըստ որում, Թուրքիան եւ մերձավորարեւելյան մի շարք այլ երկրներ մտել են բոլոր կոալիցիաների ու դաշինքների մեջ: Ուրիշ ի՞նչ նոր դաշինքների մասին են խոսում Վաշինգտոնում: Այս կապակցությամբ որոշ փորձագետներ մատնանշում են Իսրայելի վարչապետ Նաթանյահուի վերջերս Բաքու կատարած այցը, որի արդյունքը կարող է դառնալ ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան եռանկյունու ստեղծումը, որը թերեւս ազդեցություն գործի նաեւ ԼՂ հակամարտության վրա: Բայց դա ակնհայտորեն կառաջացնի Ռուսաստան-Հայաստան-Իրան եռանկյունու հակազդեցությունը: Միեւնույն ժամանակ Թրամփը, ըստ երեւույթին, մտադիր է «ակտիվորեն միջամտել Սիրիայի հակամարտությանը», այնտեղ ստեղծել ինչ-որ «պահպանվող գոտի» եւ թերեւս ամերիկյան ցամաքային զորքեր ուղարկել ԻՊ-ի դեմ:

Անկարան, որն անցյալում հանդես էր գալիս նման «գոտիների» օգտին, Թրամփի մտադրությանը զուսպ է արձագանքել, վախենալով, որ ԱՄՆ-ը Իսրայելի հետ Սիրիայում կաջակցի քրդերին: Դեպքերի նման ընթացքը Թուրքիային կվանի Ադրբեջանիցՙ որպես Իսրայելի դաշնակցից, կխթանի նրա տեղաշարժը դեպի Իրան եւ Ռուսաստան: Ուժերի նման դասավորության դեպքում չի կարելի բացառել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի մասին խոսեց ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Թիլլերսոնը:

Սակայն առայժմ դժվար է կանխատեսել, թե Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի ծրագրերի եւ Ռուսաստանի խնդիրների իրական հարաբերակցությունը: ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումը, երկու երկրների դիրքորոշումների մերձեցումը եւ շահերի զուգորդումը, ընդհակառակը, կարող են նվազեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի նշանակալիությունը Արեւմուտքի աշխարհաքաղաքական դիրքերի ու խնդիրների համար: Մնում է սպասել, թե Վաշինգտոնում ինչ կորոշեն աշխարհաքաղաքականություն նախագծողները, տարածաշրջանային ինչպիսի դեր կհատկացնեն Ադրբեջանին եւ մյուս երկրներին, ամերիկացիները կձգտեն մեծացնե՞լ, թե՞, ընդհակառակը, փոքրացնել Անդրկովկասի պետությունների դերը իրենց Սեւծովյան-Կովկասյան ռազմավարության մեջ, իբրեւ գլխավոր գործընկեր ունենալով Ռուսաստանին: Ըստ «Ռեգնումի», այդ ձեւով է վճռվելու ԼՂ պատմական ճակատագիրը:

Առաջիկայում ամենքիս շատ բարդ խաղ է սպասում:

Նախորդ գրառումը

ՀՆԴԿԱՄԱՆԻԱՅԻ ԴԵՄ ԳՐԿԱԲԱՑ

Հաջորդ գրառումը

305-ԱՄՅԱ ՉԵՆՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

305-ԱՄՅԱ ՉԵՆՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ

Լրահոս

Ուղիղ. Սահմանադրական դատարանը քննում է  ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումները

29/06/2026

https://www.youtube.com/watch?v=ye6ZeqUQTiE

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակները հունիսի 30-ին կհանդիպեն Դոհայում. Axios

29/06/2026

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները համաձայնության են եկել փոխադարձ հրադադարի շուրջ և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ կանցկացնեն՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա...

Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով, որը կուսումնասիրի՝ ինչպես են օգտագործվել պետական միջոցները

29/06/2026

Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար. հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը․ «Սիրելի՛...

Իրանի և Լիբանանի խորհրդարանների խոսնակները քննարկել են Իսլամաբադի համաձայնագիրը

29/06/2026

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրին հեռախոսազրույցներ են ունեցել՝ քննարկելու Իսլամաբադի համաձայնագրի իրականացումը և...

Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

29/06/2026

Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը, հաղորդում է Shamshyan.com–ը։ Որոնողական աշխատանքների արդյունքում...

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական