Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Սարկաստիկ. «Փամփո՞ւշտ ալ չունիք»…

  Հակոբ Ավետիքյան 3

Այս հոդվածի վերնագիրը կարող էր եւ լինել «Կանդալների սկանդալը» կամ նման մի բան, քանզի վերաբերում է հայրենի մեր ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ լինելու հարցին, որը գալիս է դեռ սովետական անցյալից, ասենք՝ նախորդ դարի 60-ական թվականներից, այսինքն հին, տոկուն արմատներ ունի։

Փամփուշտ չունենալու պատմությունը այդ օրերին տարածված մի անեկդոտից, հնաբնակ հայաստանցիներին ծանոթ, եւ պատմում է ամեն ինչից դժգոհ, կյանքի պայմաններից օրնիբուն գանգատվող մի հայրենադարձի (այդ օրերի ժողովրդային խոսույթով՝ մի «ախպարի» մասին, որի անթույլատրելի վարմունքը գրավում է համապատասխան մարմինների (կրկին այդ օրերի խոսույթով՝ «օրգանի աշխատողների») ուշադրությունը։ Որոշվում է վախեցնել «ախպարիկին», կազմակերպել կեղծ գնդակահարություն (ներկա օրերի կեղծ դատավարությունների նման)։ Կալանավայրում մարդուկին կանգնեցնում են դեմքը պատին, հետեւում՝ հրացանակիր ոստիկաններ։ Կրակում են «խալաստոյ», առանց գնդակի։ «Ախպարիկը», օրնիբուն իր կրկնած «այս չկա, այն չկա» տրտունջներին նոր ապացույց գտնողի ոգեւորությամբ շրջվում է հետ ու ծաղրանքով գոռում. «Փամփո՞ւշտ ալ չունիք»…

Այս զվարճալի անեկդոտը, գուցե անհարիր մերօրյա տխուր իրականության, հիշեցի մի քանի օր առաջ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի եւ ավելի վաղ՝ նրա աներհոր՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունների վայրագ տեսարաններին հետեւելիս։

Այսօր ներքին գործերի նախարարության, ոստիկանության, գլխավոր դատախազության, արդարադատության նախարարությունը, չորսն էլ կանանց կողմից, փաստորեն՝ հրաշալի քառյակի կողմից ղեկավարվող, ամեն ինչ ունեն՝ անսահման փող, փամփուշտ, նույնիսկ՝ ամբոխի մեջ անսպասելիորեն պայթող լուսաձայնային «Զարյա» հրթիռ, սպիտակ առյուծին քնացնելու փոխարեն սպանող սրսկիչներ, Ծառուկյանի հաստաբուն դաստակի «ռազմերին» չհամապատասխանող բազմաթիվ ձեռնակապիչներ (կանդալ), որոնք, ինչպես գլխավոր շեֆն է հանձնարարել՝ «ձեւը գտեք», կօգտագործվեն հետզհետե։

Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված մարդկային ռեսուրսին, հրաշալի կվարտետի հրամանի ներքո գործում են վախազդեցիկ դիմակավոր ԱԱԾ-ականների մի ողջ խումբ, բոլորն էլ քաջարի մարտիկներ, որոնք գիտեն շա՜տ գողտրիկ ձեւով հարձակվել յուրաքանչյուր հականիկոլականի վրա, զգետնել նրան ասֆալտի վրա, բերանքսիվայր պառկեցնել, մի քանի հոգով նստել վրան ու խիստ պրոֆեսիոնալ ձեւով իրականացնել ձերբակալման իրենց միսիան։ Մի քանի շաբաթ առաջ նրանց հաջողվեց, կանացի կվարտետի համակարգված ջանքերի շնորհիվ, ծծկեր մանկիկին անջատել մորից ու վերջինին առաջնորդել արդարադատության տաճար։ Բա´։

Փառապանծ կվարտետը վերջերս դարձավ կվինտետ, մանկական ազգանունով մի տղայի հավելումով։ Անշուշտ դրանով բան չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ բարձր պրոֆեսիոնալիզմը կա։

Այդ պրոֆեսիոնալիզմը գալիս է Կոլիզեումից, որի գլխավոր օթյակում բազմած մերօրյա կայսրը զմայլված հետեւում է արենայում տեղի ունեցող արյունաշաղախ իրադարձություններին՝ եղբայրը եղբոր դիակի վրա, ուրիշներ՝ սպանված առյուծին պոչից քարշ տալիս, թռչող կոկորդիլոսին գրկած տանելիս, քիչ անդին՝ պատժվելու իրենց հերթին սպասող վիզները ծուռ մի խումբ մարդիկ…

Բարձրագույն պրոֆեսիոնալիզմը ուղղակի հորդում է մերօրյա կայսրից, որին սիրատոչոր հայացքով հետեւում են մերօրյա ամազոնուհիները, հատկապես նրա բթամատին…

Ուրեմն դառնանք բոլորին ասենք. մենք ամեն բան ունինք, նույնիսկ՝ Բութ Մատ։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ