«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու համար»
Գերմանալեզու լրատվամիջոցներն անցած օրերին Հայաստանին եւ հայությանն առնչվող երկու կարեւոր թեմա են արծարծում. Առաջինը՝ 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչումից 10 տարի անց ի՞նչ է փոխվել ԳԴՀ-ում, եւ 2015-ից ի վեր՝ 11 տարի անց՝ Ավստրիայում: Երկրորդ թեման բնականաբար ուշադրություն է բեւեռում հունիսի 7-ին անցկացվելիք ընտրություններին՝ առավելաբար շեշտադրելով, թե ՀՀ քաղաքացու քվեով է որոշվելու առաջիկայում Հայաստանը դեպի ԵՄ, կամ ՌԴ-ի կողմնորոշումն է ընտրելու: Տեղի սղության պատճառով ստորեւ ամփոփ ներկայացնենք մամուլում հրապարակված հոդվածներից առավել արժեքավորները:
«Ցայթը» մայիսի 31-ին անդրադառնալով 2016-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նկատել է տալիս, որ 10 տարի անց էլ այն նվազ տեղ է գրավում Հիշողության մշակույթի մեջ: «Հայոց ցեղասպանություն. Այս ցավը բոլորինս է» գերծավալուն հրապարակման հեղինակ Քրիստինա Միլցը (Kristina Milz) դասախոսում է Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանում, արդի պատմության ամբիոնում նրա հետազոտության թեման 20-րդ դարի պատմությունն է՝ Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը:
«Եթե 2026 -ին գերմանական համալսարանում պատմության ֆակուլտետի ուսանողներին հարցնեք Հայոց ցեղասպանության մասին, սովորաբար կտեսնեք խուսափողական հայացքներ եւ լռություն: Եթե հարցնեք՝ ո՞վ է լսել դրա մասին, գուցե 20-ից երկուսը ձեռք բարձրացնեն, եթե ձեր բախտը բերի», դասընթացներից իր փորձի մասին է պատմում Միլցը: «Եթե 20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր պատմությունը, հետևաբար նաեւ ներկայի մեր բանավեճերը հասկանալու համար, Հայոց ցեղասպանությունն է»: Միլցը նկատել է տալիս, որ Թուրքիան ցայսօր ժխտում է Հայոց ցեղասպանությունը, իսկ ԳԴՀ-ն Բունդեսթագի բանաձեւով 10 տարի առաջ թեեւ ճանաչել է փաստը, ընդունել Գերմանիայի՝ որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակցի «անփառունակ դերը», որ տեղյակ լինելով, հանցագործությունը չի կանխել, սակայն խորքային անդրադարձից խուսափում է, եւ քչերն են տեղյակ, որ «առաջին համաշխարհային պատերազմից տասնամյակներ առաջ գերմանացի ռասիստները հայերին անվանում էին «Արեւելքի հրեաներ»: «Ինքնահռչակ արեւելագետ» Կարլ Մայի անվան կողքին Քրիստինա Միլցը նշում է գերմանացի լիբերալների հովանավոր Ֆրիդրիհ Նաումանի անունը, որ Վիլհելմ Երկրորդի՝ 1898 -ին Արեւելք կատարած ուղեւորությանը մասնակցելուց հետո, հայերի կոտորածներն այդ ժամանակ որակեց որպես «թուրքերի ինքնապաշտպանություն», հետագայում էլ չվերանայեց իր դիրքորոշումը: Ի տարբերություն աստվածաբան իր գործընկեր Յոհաննես Լեփսիուսի, որը հրապարակավ դատապարտում էր կոտորածները, Նաումանը հրաժարվեց պաշտպանել Արեւելքի հալածյալ քրիստոնյաներին, քանի որ կայսերական շահերն ու Բարձր դռան հետ լավ կապերը չափազանց արժեքավոր էր համարում: Գերմանիայի հանրային քննարկման մեջ հայամետ լրատվությունը սակավ էր, կարելի էր գտնել «Ֆրանկֆուրտեր ցայթունգում», որին մեղադրում էին «հրեական ազդեցության տակ» լինելու համար», գրում է հոդվածագիր Քրիստինա Միլցը՝«Ցայթում», որի հրապարակումը, մեր կարծիքով, անպայման պիտի կարդան Հայոց ցեղասպանության մասնագետները, մանկավարժները, արեւելագետները, դիվանագետները: Միլցը անդրադառնում է թուրքական «թիկունքից դաշույնով խոցելու» առասպելին, 1915 -ի սկզբից ի վեր գերմանացի սպաներ, ԳՇ պետ Շելենդորֆը, ռազմական նախարար Էնվերի հետ կառուցում էին «թիկունքից հարվածի» միֆը՝ նպատակ ունենալով թաքցնել Կովկասյան ճակատի հայաբնակ տարածքներում Ռուսաստանի դեմ գերմանա-օսմանյան ձմեռային հարձակման ձախողումը, որի պատճառով տասնյակ հազարավոր զինվորներ սպանվեցին, սովամահ եղան: Շելենդորֆը եւ Էնվերը մեղադրում էին հայերին, որ նրանց կապը ռուս թշնամու հետ հանգեցրել էր պարտության: Հրապարակման հեղինակն անդրադառնում է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանության բազմազան մեթոդներին, ստրկությանը, բռնի կրոնափոխությանը, նշում, որ Բաղդատի երկաթուղու երկայնքով համակենտրոնացման ճամբարներում մահանում էին ծարավից եւ սովից, իսկ ցեղասպանությանն անկասկած մեղսակից գերմանացիները, որ շինհրապարակներում հայերին հարկադիր աշխատանքի լծելով օգուտներ էին ստանում, ավելի ուշ արդարացնում էին իրենց, թե գոնե ժամանակավորապես փրկել են նրանց: «Ցայթի» հոդվածը ուշադրության է արժանացնում այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ոճրագործներին Բեռլինն ապաստան տվեց, Թալեաթին թեեւ սպանեց վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը, սակայն Բեռլինում 2 ոճրագործի գերեզմաններ կան, պահպանվում են՝ «հայ ահաբեկիչների սպանության մարտիրոսների» մակագրությամբ: Այս շիրիմների առկայությունն է նաեւ, ըստ հեղինակի, թելադրում Հայոց ցեղասպանության հիշողության կայուն մշակույթի անհրաժեշտությունը, այն հիշելը չի վտանգում, չի ճնշում Ողջակիզման հիշողությունը, ընդհակառակը՝ այն նրա նախապատմության էական մասն է, Էլի Վիզելի բառերով՝ «Հոլոքոսթ Հոլոքոսթից առաջ»:
Մայիսի 30-ին ավստրիական «Der Standard»-ում հոդվածագիր Մուզայեն Ալ Յուսեֆը (Muzayen Al-Youssef) հիշեցնում է, թե 2015-ին Ավստրիան թեեւ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն Վիեննայի հայ համայնքը երկյուղում է, թե «Եվրոպայում ուրացման փուլը դեռ չեն հաղթահարել», քանի որ քաղխորհրդում ապրիլի վերջին երկու կուսակցություն՝ սոցիալ դեմոկրտական (SPÖ) եւ նոր Ավստրիա եւ լիբերալ ֆորումը (Neos) մերժեցին Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ÖVP-ի)՝ Հայոց ցեղասպանության հիշատակի պաշտոնական օր սահմանելու առաջարկը: Թերթի հետ զրույցում հայ համայնքի խոսնակ Նիկոլ Խաչատուրյանն ասել է, թե մեկ ամիս անց էլ մերժումը համարում են «ապտակ», քանզի քաղաքական վիճահարույց պահանջ չի եղել, այլ ՝հիշատակի խորհրդանշական սահմանում, որ բխում է պատմական պատասխանատվության գիտակցումից: Ընդդիմության եւ հայ համայնքի ներսում շշուկներ կան, որ հարցը դիտավորյալ շրջանցվում է՝ հաշվի առնելով, որ ազգայնական թուրք ընտրողները շատ են: Թուրքիայում ցեղասպանությունը ժխտվում է, Անկարայի պաշտոնական դիրքորոշումը ժխտում է համակարգված ոչնչացումը: Սակայն միջազգային պատմագիտությունը ցեղասպանությունը համարում է անվիճելի փաստ», գրում է «Շտանդարտը»՝ հավելելով ժողկուսակցության մարդու իրավունքների խոսնակ Քերոլայն Հունգերլենդերի քննադատությունն ու հիշեցումը, թե «Ավստրիո Հունգարիան օսմանյան կայսրության դաշնակիցն էր, հետեւաբար պատմական պատասխանատվություն է կրում»:
Գերմանական taz-ում հունիսի 2-ին հրատարակվել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետՅոնաթան Շպանգենբերգի հոդվածը՝ «Գերմանական շահի անվան տակ Հայոց ցեղասպանությունը մոռացվում է»: « 2016-ի հունիսի 2-ը շրջադարձային կետ է գերմանական հիշողության մշակույթի համար: Հայոց եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը ճանաչող բանաձևով Բունդեսթագը հստակ ազդանշան ուղարկեց պատմական իր պատասխանատվության մասին: Սակայն 2023 -ին ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան փխրուն են պատմության դասերը, եթե չեն վերածվում քաղաքական հստակ գործողությունների», գրում է Շպանգերնբերգը՝ հիշեցնելով, թե Բերձորի միջանցքի շրջափակումից և Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո տարածաշրջանի ողջ հայ բնակչության բռնի կերպով վտարումից հետո, ԵՄ-ն ավելի ու ավելի է ապավինում Ադրբեջանին: ԳԿԽ ատենապետը հիշեցնում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը համակարգված կերպով ոչնչացվում է, Բաքվում կալանքի տակ է 19 հայ պատանդ, սակայն ո՛չ վերոհիշյալ հարցերը, ո՛չ էլ պատանդների ճակատագիրը տեսանելի դեր չեն խաղացել 2026 թ-ի մայիսի սկզբին Երևանում կայացած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում: Սա բացթողում չէ, այլ՝ քաղաքական որոշում: Ռուսական էներգամատակարարման կորստից հետո ԵՄ-ն ավելի ու ավելի է ապավինում Ադրբեջանին՝ որպես «հուսալի էներգետիկ գործընկերոջ: Այս կողմնորոշումը ոչ միայն ստեղծում է քաղաքական նոր կախվածություն, այլեւ հանգեցնում է ավտորիտար եւ ցեղասպան քաղաքականության վտանգավոր նորմալացման»: «2016 -ին Բունդեսթագի բանաձևով Գերմանիան ճանաչեց իր պատմական պատասխանատվությունը: Այն չի ավարտվում անցյալում, պատասխանատվությունը պիտի գիտակցել՝ այստեղ և հիմա», taz-ում գրում է ԳԿԽ ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը:
Սամվել Կարապետյանի հարցազրույցը «Բեռլիներ ցայթունգին»
ՀՀ-ում ընտրությունների թեման գերմանական լրահոսի բարձունք է ցատկում, երբ Պուտինը խոսում է: ՌԴ նախագահի Հայաստանին ուղղված զգուշացումների մասին բոլորս գիտենք, ուստի նորություն չենք հաղորդի, եթե արձանագրենք գերմանական մեդիայի հիշատակումը, թե հայ ժողովուրդը ճակատագրական ընտրության առջեւ է:
Մայիսի 30-ին գերմանական «Բեռլիներ ցայթունգն» առաջինն էր եւ առայժմ միակը, որ ծավալուն հարցազրույց հրապարակեց ընտրարշավին մասնակից, վարչապետի թեկնածուներից «Հայաստանի ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ Երեւանում, որ տնային կալանքի տակ է, ազատությունից զրկվել է ՀՀ վարչապետին քննադատելու, խոսքի համար», գրում է Ալեքսանդր Դերգայը՝ «Փաշինյանը կատարում է Բաքվի հրամանները» վերնագրյալ ծավալուն հարցազրույցի նախաբանում: Սամվել Կարապետյանն էլ Թուրքիայից ակնկալում է ցեղասպանության ճանաչում: Նկատել տանք, որ «Բեռլիներ ցայթունգը» հարցազրույցի խնդրանքով դիմել է նաեւ ՀՀ վարչապետին, օրեր անց է դեսպանությունից մերժում ստացվել՝ «սուղ է վարչապետ Փաշինյանի ժամանակը» պատճառաբանությամբ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարը՝ «Բեռլիներ ցայթունգի»։ Հեղինակ՝ Արթուր Միքայելյան









