Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կազմկոմիտե

Ս. թ. նոյեմբերի 24-ին Երեւանում կայացավ «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից:

Շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան-Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը եւ տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջեւ հարաբերությունների զարգացումը:

Շարժման նիստում ծրագրային ելույթով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նախաձեռնող խմբի կողմից ընտրվեց Շարժման կազմկոմիտեի նախագահ: Նիստին նախորդել էին Արա Աբրահամյանի բազմաթիվ հանդիպումները Երեւանի ու մարզերի շահագրգիռ խմբերի հետՙ գործարարներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ այլն:

Կազմկոմիտեն որոշեց Շարժման գաղափարներն ու ծրագրերը տարածելու եւ հանրության լայն շրջանակներին ներգրավելու համար ստեղծել մարզային գրասենյակներ եւ համապատասխան կառույցներ:

Նախատեսվում է, որ Շարժումն իր առաջիկա մեծ համաժողովը կկազմակերպի հաջորդ տարվա ապրիլին, իսկ մինչեւ այդՙ կազմկոմիտեն կձեւավորի իր աշխատանքային գրաֆիկը:

Շարժման ընդգրկունությունն ապահովելու համար որոշում կայացվեց նաեւ կառույցներ ստեղծել արտերկրում, մասնավորապեսՙ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում եւ Ֆրանսիայում: