Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռադիոսպորտի լեգենդը. ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ

ԱԶԳ
22/02/2024
- 22 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

2023 թվականի ապրիլի 5-ին, Մոսկվայում, 78 տարեկան հասակում կյանքից հեռացավ  ռադիոսպորտի վաստակավոր վարպետ,  աշխարհի եւ ԽՍՀՄ  բազմակի չեմպիոն (70 անգամ), Ռուսաստանի ռադիոսիրողների (կոնտեստմեն) միության պրեզիդենտ, «ՀՈՊՌՏսþոՌՑպսՖ ԽԹ-ձԽԹ» ամսագրի գլխավոր խմբագիր Կոնստանտին Խաչատուրովը, լեգենդար RU3AA, UW3HV -ն: Խաչատուրովին անվանում էին ռադիոազդանշանի Մաեստրո: Հայաստանում  հատուկենտ մարդիկ գիտեն նրա մասին, եւ  դա ափսոսալի է, քանզի, ինչպես ընդունված է մեծությունների դեպքում,  նրանց  ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ մտքերի, հիշողության մեջ անգամ, բարեփոխում է մարդուն, նրա ներսից հեռացնում առարկայականն ու առօրեականը,  արթնացնում գիտելիքի ծարավ ու մտքի պայծառություն,  նորը ճանաչելու ցանկություն: Պլատոնն ասում էր, թե ամեն մի խելացի մարդ միշտ ձգտում է լինել նրա կողքին, ով որ իրենից լավն է: Կոնստանտինի  միջավայրը, միանշանակ, ուղղորդվում էր այս իմաստնությամբ, ապա թե՝ ինչու՞ էին  նրան մշտապես շրջապատում  անքանակ համակիրներ ու համախոհներ:

2008 թվականի դեկտեմբերի սկզբին, Սպիտակի երկրաշարժի 20 – րդ տարեդարձի կապակցությամբ խմբագրությունից հանձնարարելություն ունեի  պատրաստել որեւէ նյութ` նվիրված այդ թեմային: Ընկերներիցս՝ մաթեմատիկոս Անաստաս Յայլոյանը առաջարկեց ծանոթանալ մեր հայրենակիցներից՝ Կոնստանտին Խաչատուրովի հետ: Ինչպես պատմեց Անաստասը,  աղետի  նախօրյակին Կոնստանտինը գործուղված է լինում  Նովոսիբիրսկ: Ռադիոալիքներով որսալով Հայաստանից համասփռված օգնության կանչը, նա որոշում է ընդունում անհապաղ գալ Հայաստան,  հստակ պատկերացնելով  թե՛ աղետի ծավալները, թե՛ նման իրավիճակում  ռադիոկապի առկայության հույժ կարեւորությունը: Նա Հայրենիքին օգնել շտապողներից առաջիններից  էր, այլ կերպ չէր կարող վարվել:

OLYMPUS DIGITAL CAMERA

Մեր ծանոթությունը կայացավ Խաչատուրովների մոսկովյան բնակարանում, որն ավելի շուտ ռադիոկայան էր հիշեցնում: Ի դեպ, քաղաքը հատուկ նրան տրամադրել էր բնակարան՝ Մոսկվայի բարձրադիր վայրերից մեկում, որտեղից ալեհավաքը նվազագույնս կբախվեր եթերային խոչընդոտներին: Կոնստանտինին, հարկավ, ամենաքիչն էր հետաքրքրում  այն, որ իր մասին ուզում են  գրել: Ուղղակի անընդունակ էր մերժել իր հայրենակցին: Ապրելով պատմական հայրենիքից դուրս, չտիրապետելով մայրենիին,  նա անասելի պատասխանատվությամբ էր վերաբերվում  ամեն ազգայինին: Կոնստանտինին  կտեսնեիր հայկական բոլոր միջոցառումներին, որոնցով առատաշատ էր մանավանդ 80-ականների Մոսկվան: Տանն ուներ հայերեն գրքերի իր գրադարանը, իհարկե՝ թարգմանական: Իր երկու զավակներին անպայման «ներգրավում էր» այդ գրքերի ընթերցումներին:

Մեկընդմիշտ մտապահեցի Կոստյայի պատասխանը ոչ այնքան կոռեկտ հարցիս, իր տիկոջ ազգության վերաբերյալ: Պատմեց, որ սիրահարված է եղել այլազգի մի աղջկա: Երբ ամուսնության խնդիրն առաջացավ, սկսել է երկմտել՝ արդյո՞ք  ապագա զավակներին դյուրին կլինի հայ զգալ, հայ մեծանալ : Նրա տիկինը՝ Թուրքմենստանում ծնված հայուհի է՝ Ալլան, որի արմատները նույնպես Արցախից են:  «Տարիների հեռավորությունից հասկանում  եմ, որոշումս  ճիշտ էր,- ասաց նա,- թեկուզ այն պատճառով, որ ընտանեկան վեճերի մի մասը, անկասկած, կասեցված է»,- կես լուրջ, կես կատակ ամփոփեց նա:

Կոնստանտինի նախնիները Արցախի Ասկերանի շրջանի Ներքին Սզնախից են: Գյուղում պահպանվել էր նրա պապենական տունը, որի վերանորոգման ծրագիրը Կոնստանտինի պլաններում էր:

Ծնվել է Մոսկվայում,13 տարեկանից հաճախել է Պիոներ պալատի ռադիոակումբը: Անցյալ դարի 50-60- ականներին ռոմանտիկ « մոլուցք» էր ռադիոսպորտը, եւ շատերն էին հրապուրված  դրանով: Կոստյայի մոտ պատանեկան  հրապուրանքը արագ վերածվեց մասնագիտական լուրջ հետաքրքրության: Բախտորոշ էր նաեւ այն, որ ռադիոսիրողի դիպլոմը նա ստացավ ԽՍՀՄ ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ, Արկտիկայի լեգենդար բեւեռախույզ Էռնեստ Կրենկելից: Այսպես՝  տարիների ընթացքում ռոմանտիկան դառնում է Կոնստանտին Խաչատուրովի առօրյան,  հմուտ ռադիոսիրողի  նրա համբավը տարածվում աշխարհամասից աշխարհամաս: Կոստյայի անթիվ պատմություններում չկար պաթետիկայի, ինքնագովերգման նշույլն իսկ: Նա պատմում էր հանգիստ, հանդարտ, վերստին վերլուծելով ամեն մանրամասնություն: Այդ պատմությունները ուսուցողական էին: Բնականոն հանգում էիր այն մտքին, որ այն, ինչով զբաղվել է Կոստյան, նախ եւ առաջ մարդասիրություն է: Քիչ չեն այն դեպքերը, երբ ճակատագրական պահերին վտանգի մեջ հայտնված մարդկանց փրկության միակ հույսը եղել է ռադիոկապը, եւ սա ճշմարտություն է…

Ձախից՝ աջ.Յուրի Սենկեւիչ, Կոնստանտին Խաչատուրով, Վալերի Աղաբեկով

1977 թվականի նոյեմբերի 23 ին նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ եւ հնագետ Թուր Հեյերդալի շումերական նավերի նմանությամբ  կառուցված եղեգնյա «Տիգրիսը» մեկնարկեց իր  միջազգային գիտարշավը: Նավակի  վրա էր   նաեւ Խորհրդային միությունում շատ հայտնի հեռուստալրագրող Յուրի Սենկեվիչը, որի «Աշխարհի շուրջ» հաղորդաշարը տոտալիտար երկրի եզակի «պատուհաններից» էր դեպի մնացյալ աշխարհը : Գիտարշավը, որ սկիզբ առավ Տիգրիս եւ Եփրատ գետերի միացման հատվածում եւ ուղղություն վերցրեց դեպի Պարսից ծով,  անցնում էր առանձնապես  ոչ խաղաղ ժամանակներում:   Եղեգնյա նավակի երթուղին լի էր վտանգներով՝ գերտերությունները այդ տարածաշրջանում անցկացնում էին ռազմական մանեւրներ, քանիցս նավակազմը բախվեց աննկարագրելի դժվարությունների: Դրանք հաջողվում էր հաղթահարել միմայն ռադիոկապավորների միջոցով, որոնց առաջին շարքերում էին մեր հայրենակիցները՝  Էսենտուկիից՝ Վալերի Աղաբեկովը՝ UA6HZ  եւ Կոնստանտին Խաչատուրովը:  Գիտարշավի ընթացքին Սենկեւիչի ընտանիքը Կոնստանտինի շնորհիվ «ապահովված էր» եթերային հանդիպումներով, հենց նրա բնակարանից: «Տիգրիսի» «ոդիսականի» մասին կարելի է կարդալ Հեյերդալի  «The Tigris Expedition: In Search of Our Beginnings» գրքում: Հեյերդալը ընդգծում է, որ առանց ռադիոկապավորների եւ ռադիոսիրողների, «Տիգրիս»  եղեգնյա նավակին անհնար կլիներ չորս ու կես ամսվա ընթացքում հաղթահարել  7 հազար կմ ջրային հորձանուտ:

Սպիտակի ավերիչ երկրաշարժի երկրորդ, թե երրորդ օրը Կոնստանտինը սեփական հսկայաքանակ սարքերով Երեւանում էր: Վնուկովոյի օդանավակայանի ծանոթ աշխատակիցները օգնել էին բեռը «ձեւակերպելու» հարցում: Հիշում էր, որ Երեւանում տանկեր էին, եւ տեղաշարժը իրականացվում էր հատուկ անցաթղթերով: Դիմեց իր սիրելի գրող, «Հայկական էսքիզների» հեղինակ Վարդգես Պետրոսյանին, որի հետ ծանոթացել էր նախորդ օրը՝ թռիչքի ընթացքում: Պետրոսյանի օգնությամբ ձեռք բերելով անցաթուղթը, կապվեց Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ռադիոսիրողների հետ: Դեկտեմբերի 10-ին  արդեն աղետի գոտում էր եւ սկսեց ռադիոկապի միջոցով կոորդինացնել  ծավալված փրկարարական աշխատանքները: Աշխարհի ամենատարբեր ծայրերից մարդիկ փնտրում էին իրենց հարազատներին. տեղեկություններ էր հավաքվում փնտրվողների, Հայաստան մտնող մարդասիրական բեռների մասին, համադասվում  էին տարբեր ծառայությունների աշխատանքները: Կոստյայի օգնականները շրջում էին ավերակներով, գրանցում փրկվածների անունները եւ անմիջապես հաղորդում նրան:

Բեյրութից դեղորայք բերող ինքնաթիռը չէր կարողանում վայրէջք կատարել: Պարզվեց, որ ինքնաթիռում գտնվում է ռադիոսիրող, եւ կապը ինքնաթիռի հետ հաստատվեց սիրողական դիապազոնի վրա: Տեղեկանալով խնդրի մասին, Խաչատուրովի թիմը անմիջապես կապվեց օդային տրանսպորտի ղեկավարության հետ, եւ օդանավը բարեհաջող վայրէջք կատարեց: Երեք շաբաթ, օր ու գիշեր, աղետի գոտում աշխատելուց հետո, Կոստանտինը վերադարձավ Մոսկվա ու այնտեղից շարունակեց կոորդինացնել կապավորների աշխատանքը, ուշադիր «հսկելով» հումանիտար բեռների դեպի Հայաստան անցնող ճանապարհը (հաճախ այդ բեռները, որոնց մեջ կային թանկարժեք բժշկական սարքեր, ճշգրիտ տեխնիկա, միտումնավոր փորձում էին  «մոռանալ» Մոսկվայում, կամ էլ փոխում էին հասցեատիրոջը):

«Հոգու եւ խղճի կանչով հասնելով վշտից խելագարված  Հայաստան, Դուք եւ Ձեր ընկերները անմիջապես գործի անցաք, չնայած՝ դժվարագույն պայմաններին: Ձեր արածը, առանց չափազանցության՝ հերոսություն էր»,- քսան տարի անց,  2008 թվականի դեկտեմբերի 8-ին Կոնստանտին Խաչատուրովին հեռագրեց  Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բադալյանը:

Կոստյան շարունակում էր ապրել Հայաստանով, վշտանում նրա տխրություններով, ուրախանում հաջողություններով: Վերջին տարիները ավելի շատ վշտանալու տեղիք էին տալիս, բայց Կոնստանտինը հավատում էր հայի սթափությանը: Ո՞վ գիտե՝ գուցե Ճակատագիրը որոշեց խնայել նրան, ու նա լքեց աշխարհը մինչ Արցախի ցավալի ու անբացատրելի կորուստը…
Սփոփվենք այս մտքով…

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Անցյալ եւ մոտիվացիա 

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական