Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուսումնասիրվել է Աղստեւ գետի ջրի որակը

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատողները հետազոտել են Աղստեւ գետի եւ նրա Գետիկ ու Հաղարծին վտակների կենսացենոզների հիմնական բաղադրիչները: Բացահայտվել են Աղստեւ գետի եւ Գետիկ ու Հաղարծին վտակների համար միօրիկների (Ephemeroptera), գարունիկների (Plecoptera) եւ երկթեւանիների (Diptera) նոր տեսակներ:

Հետազոտված ժամանակահատվածում Աղստեւ գետում դոմինանտ են եղել կապտականաչ եւ դիատոմային ջրիմուռները: Իջեւանից հետո հանդիպել է ջրիմուռների դինոֆիտային (Dynobryon cylindricum) հազվագյուտ տեսակը, որը բնորոշ է աղտոտված, բակտերիալ ֆլորայով հարուստ ջրերին եւ կարող է առաջացնել «ծաղկումներ»: Դիլիջան եւ Իջեւան քաղաքներից հետո հոսքաջրերի ազդեցության հետեւանքով լայն տարածում են ստացել Oscillatoria եւ Anabaena ցեղերին պատկանող տեսակները:

Գնահատվել է ուսումնասիրված գետերի ջրի որակը: Աղստեւ գետը բնակավայրերից հետո աղտոտվել է կոմունալ-կենցաղային հոսքաջրերով, որի մասին են վկայում կոլի-ինդեքսի բարձր արժեքները (12000-80000 ԳԱՄ/լ): Իջեւանից հետո այդ արժեքները որոշակի նվազել են (16000-24000 ԳԱՄ/լ): Աղտոտումը հատկապես մեծացել է Դիլիջանից հետո: Համեմատաբար մաքուր են եղել Գետիկ եւ Հաղարծին վտակները:

Հետազոտությունն իրականացվել է «Հայաստանի հյուսիսային շրջանների հատուկ պահպանվող տարածքների եւ Սեւանա լճի ավազանի ֆաունայի եւ հիդրոբիոնտների կենսաբազմազանության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է  խթանել կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը՝ Աղստեւ գետի էկոլոգիական վիճակի լավացման նպատակով:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ