Ալեքսան Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. պաշտպան

Ալեքսան Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել է պաշտպան Արմեն Ֆերոյանը՝ նկատելով, որ Ալեքսանյանին կալանավորելը խիստ ապօրինի բնույթ է կրում, բոլոր ուղղություններով՝ և հիմնավոր կասկածի, և կալանավորման հիմքերի մասով բողոքարկել են։
Վերաքննիչ բողոքը դեռ չի մակագրվել։
«Առաջին ատյանի դատարանի որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խուսափել, խոչընդոտել քննությանը՝ առանց որևէ փաստարկի, հիմնավորման»,- ասաց պաշտպանը։
Այս ընթացքում Ալեքսանյանի մասնակցությամբ որևէ գործողություն այս ընթացքում չի եղել, այսօր պաշտպանն այցելել է Ալեքսանյանին․ «Նա շատ լավ էր, ամուր և ուժեղ»։
Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացված նաև Նարեկ Կարապետյանին։ Թե վարույթով ինչն է դրված մեղադրանքի հիմքում՝ ցուցմունքներ են, օհմ-ներ՝ Ֆերոյանը չմանրամասնեց՝ նախաքննական գաղտնիքով պայմանավորված, միայն պնդեց, որ օբյեկտիվ իրականության մեջ իրավիճակը փաստող որևէ կոնկրետ ապացույց դրված չէ, դրա համար էլ պնդում են, որ ակնհայտ ապօրինի բնույթ է կրում։
Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց աշխատանքի տեղավորելով՝ նյութապես շահագրգռելու մեջ։
