Ո՞ւր է քո եղբայրը

Լուռ ողբերգություն Հայաստանի զորամասերում
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ցնցումների ստվերում մի լուռ ողբերգություն է տեղի ունենում: 2026 թվականի հուլիսի 21-ին 22-ամյա Նարեկ Թորոսյանը մահացած է գտնվել իր զորամասում: Նա ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող էր, զորակոչվել էր հունվարին, իսկ կարճ ժամանակ առաջ արձակուրդում էր՝ իր ընտանիքի կողքին: Ըստ հաղորդագրությունների՝ մահանալուց առաջ նա ծեծի է ենթարկվել. ձերբակալվել է երկու ծառայակից: Սա այս տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում գրանցված ութերորդ մահն էր: 2020 թվականի պատերազմից ի վեր հայոց բանակում տասնյակ զինվորներ մահացել են մարտական գործողություններից դուրս, որոնցից մոտ քառասունը՝ ինքնասպանության հետեւանքով: Նրանք ընկել են ոչ թե հակառակորդի կրակից, այլ խաղաղ պայմաններում տիրող բռնության՝ շորթումների, լիազորությունների չարաշահման, նվաստացումների և խորհրդային ժառանգություն հանդիսացող «դեդովշչինայի» ոչ ֆորմալ բռնի կառույցի պատճառով:
Տարիներ շարունակ հաղորդվում է այս մահերի մասին, եւ տարիներ շարունակ բացակայում է այն, ինչ լուրջ պետությունն առաջին հերթին կաներ՝ պատճառների անկախ եւ անխնա հետաքննությունը: Դրան փոխարինելու են եկել երկու շեղող մարտավարություններ՝ ժխտումը եւ մեղքը զոհերի վրա բարդելը:
Ժխտման թեզը 2026 թվականի հունվարին առաջ քաշեց պաշտպանության նախարարը: Ըստ նրա՝ 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով ոչ մի սպանություն չի գրանցվել, ինչն «աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության մեջ»: Այս պնդումը ակնհայտորեն մոլորեցնող էր: Անկախ հետազոտողները 2025 թվականի առաջին կեսի համար արձանագրել են առնվազն մեկ սպանություն եւ ծառայության հետ կապված ինքնասպանության հասցնելու մեկ դեպք. երկուսն էլ հենց այն կանոնադրային հարաբերությունների հետեւանքն էին, որ իբր թե այլեւս գոյություն չունեին: Մի դեպք դարձել է խորհրդանշական. զինվորին սեռական բնույթի հայհոյանքներով վիրավորել եւ խոշտանգել են ծառայակիցները, մինչեւ նա կոտրվել է, իսկ վերադասը, նկատելով նրա դեմքի վնասվածքը, չի զեկուցել դրա մասին, այլ կարգադրել է դիմահարդարմամբ քողարկել վերքը: Մի կառույց, որը վնասվածքը չի բուժում, այլ քողարկում է, դադարում է ճշմարտություն փնտրել:
Մեղքը զոհի վրա բարդելու գործով զբաղվում է պետության ղեկավարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին դեպքը մեկնաբանեց որպես ծանր անցյալի պատմություն. Զինվորը գրել էր, թե զորամասում որեւէ խնդիր չկա, իսկ մինչ այդ այցելել էր ազգականի գերեզմանին, որը նույնպես ինքնասպան էր եղել: Մամուլի ճեպազրույցի ժամանակ վարչապետը խոստովանեց, որ սարսափում է այն մտքից, թե ինչը կարող է մարդուն դրդել ինքնասպանության. դեպքը ցույց է տալիս, «որ մենք հոգեբանական դիմակայունության խնդիր ունենք»: Նա համոզմունք հայտնեց, որ դա կապված է կրթական համակարգի հետ՝ «սկսած մանկապարտեզից»: Նա նույնիսկ առաջարկեց այդ դեպքերը որպես տվյալներ մշակել եւ փոխանցել արհեստական բանականությանը, որպեսզի վերջինս հաշվարկի զոհվածների «ընդհանրությունները»: Նրա վրդովմունքը կարող է անկեղծ լինել, սակայն այն չի արդարացնում սխալ միտքը:
Դիմակայունության պատրանքը
Այս ախտորոշումը շփոթում է պատճառն ու հետեւանքը: Նա, ով երիտասարդ նորակոչիկների ինքնասպանությունը վերագրում է «դիմացկունության» պակասին, տեղափոխում է մեղավորի եւ զոհի դերերը: Անգամ ամենաուժեղ հոգեբանությունը կոտրվում է համակարգված տեռորի, մեկուսացման եւ արժանապատվության ոտնահարման տակ. անհատի դիմակայունությունը ոչինչ չի բացատրում, այն միայն արդարացնում է հանցագործությունը: Հարկ է հասկանալ, որ նա, ով պատճառը փնտրում է զոհի մեջ, ազատում է մեղավորներին եւ ձախողված ղեկավարության ցանցին պատասխանատվությունից, իսկ մարդուն դիտարկում է՝ որպես թերի մոդուլի, որին պետք է կոփել: Ուշադրության կենտրոնում հայտնվում է ոչ թե միջավայրը, որը թույլ է տալիս բռնությունը, այլ կոտրված մարդը, զոհը:
Ընտանեկան նախապատմությունը կարող է լինել ռիսկի գործոն, բայց ռիսկի գործոնը պատճառ չէ, եւ այն չի ազատում պատասխանատվությունից այն միջավայրին, որը ծեծում, նվաստացնում եւ մենակ է թողնում մարդուն: Էմիլ Դյուրկհեյմը դեռեւս 1897 թվականին նկարագրել է ֆատալիստական ինքնասպանությունը, որն առաջանում է այնտեղ, որտեղ մարդիկ ենթարկվում են ճնշող կարգապահության, իսկ նրանց ապագան փակ է: Եվ զոհվածների այն ընդհանուր հատկանիշը, որը պետք է գտնի մեքենան, վաղուց ակնհայտ է. այն նրանց ընտանիքներում չէ, այլ այն զորանոցներում, որոնք կոտրել են նրանց, եւ այն թվերում, որոնք կեղծվել են՝ դրանք չտեսնելու համար:
Աշխարհիկացման պատրանքը
Եվ այնուամենայնիվ, Փաշինյանը, արմատը փնտրելով դաստիարակության մեջ, ավելի մոտեցավ ճշմարտությանը, քան ինքը կցանկանար: Քանի որ ի՞նչն է մարդուն մանկուց այնպես ձևավորում, որ նա կարողանա դիմակայել հուսահատությանը: Ոչ թե դաժանությունը, այլ վաղ տարիքից ներշնչված այն համոզմունքը, որ նա անվերապահորեն արժանապատվություն ունի: Սակայն Փաշինյանի կառավարությունը կրթությունից հեռացնում է հենց այդ միջուկը, որի պակասից ինքը դժգոհում է:
Նույն պետությունը, որը դժգոհում է «մանկապարտեզից սկսած» դաստիարակության պակասից, ծրագրված կերպով ոչնչացնում է հենց այդ դաստիարակության ինստիտուտները: «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան որպես առանձին դպրոցական առարկա դուրս է մղվում և տարրալուծվում ընդհանուր դասընթացի մեջ: Այսպիսով, հայեցի կրթության հասկացությունը, որը ժամանակին ենթադրում էր ձևավորում՝ ըստ աստվածային պատկերի, նեղանում է եւ վերածվում առանց տրանսցենդենտալության, սոսկ գիտելիքների փոխանցում: Բանակի հոգևոր ծառայությունը, որը 2000 թվականից վստահված էր եկեղեցուն, 2026 թվականի սկզբին լուծարվեց. քառասուներկու հոգևորականից մնացին միայն ութը: Դրանից կարճ ժամանակ անց քրեակատարողական համակարգը փաստացի դադարեցրեց հոգևոր ծառայությունը բանտերում: Դրանով թե՛ զինվորը, թե՛ բանտարկյալը կորցնում են իրենց միակ անկախ եւ ապահով ապաստարանը. ոչ մի պետական հոգեբան չի կարող փոխարինել հաղորդության եւ խոստովանության գաղտնիության տարածքը: Երիտասարդից պահանջում են դիմադրողականություն եւ միևնույն ժամանակ չորացնում այն ակունքները, որոնցից այն սնվում է:
Սիրտը՝ որպես ապաքինման վայր
Ըստ եկեղեցու հայրերի, հոգին ոչ թե մեքենայացված գործիք է, այլ մի խոցելի ամբողջություն: Ըստ այդմ ինքնասպանության պատճառը հաճախ ձանձրույթն է, հուսահատությունը: Հուսահատությունը եւ աստվածլքվածությունը մեկուսացնում են մարդուն, դրդում նրան սեփական անձի հանդեպ բռնության:Մեղքը ոչ թե օրենքի որեւէ կետի խախտում է, այլ մարդու եւ մարդու, մարդու եւ Աստծո միջեւ հարաբերությունների ախտահարում:
Այս ընթացքը լավագույնս ծանոթ է Սուրբ Գրքից: Աբելին սպանելուց հետո Աստված հարցնում է ոչ թե մահացածին, այլ ողջ մնացածին. «Ո՞ւր է քո եղբայրը»: Նա, ով զոհի մեջ է պատճառը փնտրում, հարվածող ձեռքը փնտրելու փոխարեն, եւ նա, ով հոգուց խլում է շնորհը եւ նրան մենակ է թողնում բռնության հետ, կոտրված մարդուն դարձնում է համակարգի քավության նոխազ: Մինչդեռ մարդը թերություն ունեցող մոդուլ չէ, որի հատկանիշները կարող է կարդալ արհեստական բանականությունը, այլ Աստծո պատկեր, որին չես կարող հաշվարկել, այլ միայն կարող ես ուղեկցել:
Ապաքինման ուղիներ
Ելքը պահանջում է հաղթահարել պետության եւ եկեղեցու միջեւ արհեստական խրամատային պայքարը: Պահանջվում է ոչ թե քաղաքականության սրբագործում, այլ մարդու վերամարդկայնացում: Այս ճանապարհը, իմ խորին համոզմամբ, բարեպաշտական հավելում չէ քննչական աշխատանքին, այլ դրա նախապայմանն է:
Պետությանը վերապահված է հանցագործ կառույցների անխնա բացահայտումն ու պատասխանատվության ենթարկումը, ինքնասպանությունը որպես թուլություն պիտակավորելու փոխարեն: Եկեղեցուն վերապահված է էքզիստենցիալ իմաստը. հոգեւոր ծառայությունը եւ ապաշխարության ողորմածությունը, որը մարդուն վերադարձնում է իր արժանապատվությունը: Երկուսն էլ պահանջում են պրոֆեսիոնալ հոգևոր ծառայություն, հիմնված թե՛ հավատքի, թե՛ տրավմա թերապիայի վրա, եւ կրթություն, որը երիտասարդներին չի վարժեցնում որպես մեխանիկական պտուտակների, այլ մանկուց նրանց փոխանցում է Աստծո զավակ լինելու՝ իր եւ դիմացինի անկորնչելի, անձեռնմխելի արժանապատվության գիտակցումը:
Միայն այն ժամանակ, երբ Հայաստանը գիտակցի, որ դիմադրողականությունը ծնվում է սիրուց եւ հարգանքի արժանի մարդկայնությունից, ճանապարհ կհարթվի մի հասարակության համար, որը պաշտպանում է իր երեխաներին, իր քաղաքացիներին, այլ ոչ թե լքում նրանց: Մի պետություն, որը պաշտպանում է իր քաղաքացիներին, զոհ դարձածին չի հարցնում, թե թափված արյունն ինչու է հոսել: Այլ հարցնում է պատասխանատու(ներ)ին՝ եղբայրդ ու՞ր է, հարցնում է պատկան կառույցների ղեկավարներին, թե որտեղ են նրանք թերացել:
ՏԻՐԱՏՈՒՐ քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ
Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ
