Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Տարբերանշաններ

Գլխարկը, որպես տարբերանշան, օգտագործվել է տարբեր երկրներում ու ժամանակներում: Ղզլբաշներն, օրինակ,  Իրանի ու Հարավային Կովկասի տարածքներում շրջող թյուրքալեզու քոչվոր ցեղեր էին, որոնց անունը տասներկու շիա իմամների պատվին   տասներկու շարք կարմիր կտորներով պատրաստված  չալմաներվ էր պայմանավորված: Ղզլբաշը նաեւ անվանարկման համար սուննիների կողմից շիաներին տրվող արհամարհական անուն էր:

Գլխարկին փոխարինող չալման շիական նվիրապետությամբ հոգեւորականների համար նախատեսված տարբեր գույների գլխածածկ է. Սպիտակը կրում են սովորական հոգեւորականները, իսկ սեւը՝ Մուհամմեդ մարգարեի տոհմից սերող «սեյյեդ» պատվանվամբ մահմեդականները: Ասում  են՝ համայն մուսուլմանների սրբավայր Մեքքայում գտնվող Մասջեդ ալ-Հարամ մզկիթ մուտք գործած Մուհամմեդ մարգարեն, ի նշանավորումն իր փառահեղ հաղթանակի, սեւ գույնի չալմա է կրել:

Մեզանում էլ մի ժամանակ հոգեւարական խավի  ընդհանրական  անվանումը «սեւագլուխ» էր՝ վերջիններիս գլխի սեւ գույնի վեղարի պատճառով:

Սոցցանցերի ժամանակակից աշխարհում ծովահենի գործառույթ իրականացնող  հաքերներն էլ պայմանականորեն տարբեր գույնի  գլխարկներ կրելու իրավասություն  ունեն: Նրանց բնորոշ են սեւ, սպիտակ ու կանաչ գույնի գլխարկները: Ընդ որում, «կանաչգլխարկավոր»  են անվանում սկսնակ հաքերներին:   

Նախորդ դարի 40-ականներին Իրանում ձեւավորվել էր  մի ենթամշակույթ, որի կրողները հիմնականում  միջին տարիքի տղամարդիկ էին: Նրանց բնորոշ էր Թեհրանի հարավային թաղամասերի  գողական շրջանակներում տարածված վարքի կանոններն ու օրենքները:
Իրանի մայրաքաղաքում ծնունդ առած այդ վարքագծի կրողները, որպես տարբերանշան, հագնում  էին թավշյա գլխարկներ, եւ կոչվում «քոլահմախմալիհա», թարգմանաբար՝  «թավշեգլխարկավորներ»:

Զարմացած եմ, որ «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում ուժային կառույցներից ամենաուժայինները՝ «կարմիրբերետավորներն» ու «սեւբերետավորները» ինչո՞ւ իրենց սեւ ու կարմիր գլխարկների փոխարեն,  նախորդ դարի 40-ականներին Իրանում ձեւավորված   ենթամշակույթի բարքերը ներկայացնող գողականների  նման «թավշյա» գլխարկներ չեն կրում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ